ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-984-06.04.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեից հատկացվող սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները չդիտարկել որպես ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ` նշված ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով: 

Նախագծի վեաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը: Հոդված 2-ի 3-րդ մասում սահմանվում է, որ. «Նախապես արտոնյալ որակված սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի որակումը մասնագիտական հանձնաժողովի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաեւ այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում են նշված սուբսիդիաները, սուբվենցիաները եւ դրամաշնորհները ստացողները...:»: Կարծոււմ ենք, այս դեպքում ավելացված արժեքի հարկը ուշ վճարելու համար տույժի հաշվարկումը եւ դրա վճարման պարտավորության սահմանումը հիմնավորված չէ, քանի որ հարկի չվճարումը պայմանավորված է եղել տրամադրված հարկային արտոնությամբ եւ հարկի չվճարումը միանգամայն օրինական հիմքեր է ունեցել:

Միաժամանակ, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Արտոնյալ որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները (գործառնություններն) ծրագրային նպատակներին եւ դրույթներին համապատասխան չիրականացնելու դեպքում նշված ծրագրերի` որպես արտոնյալ որակավորումը կարող է փոփոխել կամ կասեցնել մասնագիտական հանձնաժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:» Այս առումով անհրաժեշտ է հստակեցնել արտոնյալ որակավորման փոփոխման եւ կասեցման, ինչպես նաեւ հարկային արտոնությունների դադարման եւ կասեցման դեպքերը եւ հիմքերը` ավելացված արժեքի հարկի գծով պարտավորությունների կատարման առումով: Խնդիրը կայանում է նրանում, որ արտոնյալ որակավորման փոփոխման պարագայում, ըստ էության, հնարավոր է միայն մեկ դեպք, այն է` եթե արտոնյալ որակումը փոխվում է, ապա մեխանիկորեն այն  դադարում է արտոնյալ լինելուց եւ ենթադրելի է, որ այդ կարգավիճակը դադարեցվում է: Այլ է խնդիրը արտոնյալ որակավորման կասեցման դեպքում, քանի որ կասեցումը ենթադրում է համապատասխան կարգավիճակի ժամանակավոր դադարեցում, իսկ Նախագծից էլ անհայտ է մնում, թե այդ կարգավիճակը կարող է արդյո՞ք վերականգնվել, թե՞ ոչ, ի՞նչ պայմաններով կարող է այն վերականգնվել, կամ ինչքա՞ն ժամանակով կարող է կասեցվել արտոնյալ որակումը եւ այլն, որոնց Նախագիծը չի անդրադառնում:

Ներկայացված տեսքով Նախագիծը չի կարող ամբողջական ձեւվ լուծել այն խնդիրները, որոնք հետապնդվում են դրանով, ուստի Նախագիծը, կարծում ենք, լրամշակման կարիք է զգում:     

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                             Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

02.05.2016թ.