ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-992-27.04.2016-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
  

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թ. Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ` սահմանելով, որ պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունն այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության  բանկում: 

Խնդրի դրվածքը, ըստ Նախագծի հեղինակի, կայանում է նրանում, որ. «...զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն: Ուստի, առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի սեռաբջիջների եւ սաղմի պահպանության մասին 7-րդ հոդվածը լրացնել նոր նախադասությամբ, որով պետությունը կպարտավորվի ՀՀ քաղաքացիների՝ մինչեւ զինվորական ծառայության մեկնելը իրականացվող առողջապահական ստուգումների ընթացքում իրականացնել նրանց սեռաբջիջների պահպանության աշխատանքներ:»: 

Առաջարկվող լրացման եւ դրա հիմնավորման համադրումից, կարծում ենք, կարելի է ենթադրել, որ պետության կողմից 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանության երաշխավորումը, բացի օրենքով նախատեսված երաշխիքներից, ներառում է նաեւ համապատասխան ծախսերի իրականացումը (քանի որ ի տարբերություն մյուս քաղաքացիների, որոնց համար սեռաբջիջների պահպանությունն իրավունք է, զորակոչիկների համար այն վեր է ածվում է պետության պարտավորության ), եւ եթե այդպես է, ապա անհրաժեշտ է Նախագծով հստակ նշել, որ այս կատեգորիայի քաղաքացիների մասով պետությունը ոչ թե «երաշխավորում», այլ «պարտավորվում է» իրականացնել նրանց սեռաբջիջների պահպանությունը, իսկ այս աշխատանքների ֆինանսավորումն էլ իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: 

Բացի այդ, կարծում ենք, անհրաժեշտ է նաեւ առնվազն երկու հատուկ կարգավորումներ սահմանել` կապված այն հանգամանքի հետ, թե ովքե՞ր կարող են դիմել ամուսնության մեջ չգտնվող եւ զոհված զինծառայողի սեռաբջիջներն օգտագործելու նպատակով, եւ այս դեպքում պարտադի՞ր է լինելու, արդյոք, ԴՆԹ-ի թեստի իրականացումը, թե՞ ոչ: 
  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի       
տնտեսագիտական վարչության պետ`                                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ  
 

30.05.2016թ.