ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1040-19.07.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թ. Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածի երկրորդ պարբերության Համաձայն. «...Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության եւ համապատասխան մարզպետարանների սոցիալական ծառայողները պարտավոր են ժամկետային զինծառայողների զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո` եռամսյակը մեկ այցելել ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց, արձանագրել նրանց առողջական եւ սոցիալական վիճակը, տալ օրենսդրորեն սահմանված պետական երաշխիքներից օգտվելու անհրաժեշտ ցուցումներ»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը առողջապահական բնագավառի պետական լիազորված մարմին չի հանդիսանում, ուստի իրավասու չէ «արձանագրելու զինծառայողների առողջական վիճակը», առավել եւս, որ նույն հոդվածի առաջին պարբերությամբ այս պարտականությունն արդեն իսկ դրվում է համապատասխան լիազորված մարմնի` ՀՀ առողջապահության նախարարության վրա: Այս կապակցությամբ առաջարկում ենք 1-ին հոդվածի երկրորդ պարբերությունից հանել «առողջական եւ» բառերը:

3. Նախագծով չի սահմանվում այն առավելագույն ժամկետը, որի ընթացքում համապատասխան լիազորված մարմինները պարտավոր են լինելու իրականացնել նշված այցելությունները: Այս կապակցությամբ առաջարկում ենք սահմանել պարտադիր այցելությունների հստակ ժամկետներ (օրինակ` 3 կամ 4 տարի), ինչպես նաեւ առողջական կամ սոցիալական վիճակի բարելավման որոշակի չափանիշներ (օրինակ` մինչեւ ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողի աշխատունակության լրիվ կամ մասնակի վերականգնումը, կամ վիրավորման հետեւանքով առողջական խնդիրների լուծումը եւ այլն):

ՀՀ ԱԺ աշխատակազմի  
տնտեսագիտական վարչության   
սոցիալական փորձաքննության բաժնի  
առաջատար մասնագետ`                                                                   Մ.  ԴԱԼԼԱՔՅԱՆ 
 

25.07.2016թ.