ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1050-2.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
  

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի եւ Լ. Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է`

- «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության վերաշահագործման եւ հետագա կենսունակության ապահովման նպատակով սահմանել այդ ձեռնարկության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ,

- ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը, 

- ամրագրել գույքային համալիրի ամբողջականության ապահովումը եւ բացառել հիմնական միջոցների օտարումը՝ մինչեւ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի՝ համապատասխան ներդրումային ծրագրով օտարումը, ինչպես նաեւ ապահովել ձեռնարկության հիմնական միջոցների շուկայական գնահատումը,

- արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարել արդյունաբերական գոտի, ընդ որում՝ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային ծրագրի դեպքում հինգ տարի ազատելով հարկերից,

- պարտավորեցնել կառավարությանը` ընկերության վերաբերյալ ցանկացած ներդրումային ծրագրի քննարկում իրականացնել նոր ստեղծվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հետ համատեղ՝ հանձնաժողովի եւ հանրության համար ապահովելով քննարկումների եւ որոշումների կայացման թափանցիկություն եւ հաշվետվողականություն:

2.1 Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է, որ. «ՀՀ արդյունաբերության զարգացման պետական ծրագրի շրջանակներում «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարել արդյունաբերական գոտի, ընդ որում՝ 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում հինգ տարով ազատել հարկերից.»: Խնդիրը կայանում է նրանում, որ այս կետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների հետ, մասնավորապես` 

ա) այդ օրենքի 16-րդ հոդվածի հետ, ըստ որի. 

«1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող արդյունաբերական գոտիների ստեղծումն իրականացվում է «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան եւ ներառվում արդյունաբերության զարգացման տարածքային ծրագրերում:

2. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու ստեղծման հայտ կարող են ներկայացնել պետական կառավարման մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները եւ մասնավոր հատվածը` ներկայացնելով համապատասխան ծրագիր: Հայտի ներկայացման եւ հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիները ստեղծվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինների նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»: 

Այս կապակցությամբ անհայտ է մնում, թե ի՞նչ է նշանակում որեւէ ընկերության տարածք «հայտարարել» արդյունաբերական գոտի, պետական կառավարման ո՞ր մարմինը պետք է այն «հայտարարարի» եւ ո՞վ պետք է լինի այդ գոտու կազմակերպիչը,

բ) այդ օրենքի 17-րդ հոդվածի հետ, ըստ որի.

«1. Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտիների ստեղծման նախագիծը ներառում է`

1) արդյունաբերական գոտու ստեղծման նպատակը.

2) տարածքի նկարագիրը եւ սահմանագիծը.

3) ներդրումային ծրագիրը.

4) տրամադրվելիք արտոնությունների տեսակները եւ պայմանները.

5) պետական բյուջեից ֆինանսավորման պահանջվող չափը եւ ձեւը.

6) այլ անհրաժեշտ պայմաններ:

2. Արդյունաբերական գոտում կարող են տրվել հետեւյալ արտոնությունները եւ աջակցությունը.

1) շահութահարկի եւ եկամտային հարկի (բացառությամբ վարձու աշխատողների համար վճարվող աշխատավարձից եւ հավասարեցված վճարներից վճարվող գումարներից հաշվարկվող եկամտային հարկի) վճարման արտոնություն.

2) գույքահարկի եւ հողի հարկի վճարման արտոնություն.

3) ֆինանսական աջակցություն.

4) խորհրդատվական աջակցություն:

3. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար տրամադրվող արտոնությունների տեսակը, չափը եւ ձեւը սահմանվում են օրենքով:

4. Յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար տրամադրվող աջակցության տեսակը, չափը եւ ձեւը, ինչպես նաեւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արդյունաբերական գոտում աջակցությունը կարող է տրվել միայն շահագործողին:»:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում անհրաժեշտ է հստակեցնել թե կոնկրետ ո՞ր հարկատեսակների գծով եւ ի՞նչ չափերով պետք է տրվեն հարկային արտոնությունները, ինչպես նաեւ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե 70 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ կամ ավելի ներդրումային նախագծի դեպքում տվյալ արդյունաբերական գոտին վերաձեւակերպվու՞մ է որպես ազատ տնտեսական գոտի, թե՞ շարունակում է մնալ որպես արդյունաբերական գոտի եւ տրվում են հարկային արտոնություններ:

2.2 Ըստ էության Նախագծով խոսքը գնում է «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքն արդյունաբերական գոտու վերածելու մասին, ուստի հարց է առաջանում, թե ի՞նչ է նշանակում «գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ»-ը: Այսինքն` անհրաժեշտ է տալ այս հասկացության սահմանումը, չնայած մյուս կողմից էլ` շատ ավելի նպատակահարմար կլիներ Նախագծի վերանագրում եւ տեքստում «գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ» հասկացությունն ուղղակի փոխարինել «արդյունաբերական գոտի» հասկացությամբ:      

2.3 Մեր կարծիքով, տվյալ Նախագիծը, ընդունվելու դեպքում, բավականին լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել` դրա գործնական կիրառության տեսանկյունից` կապված սույն Նախագծով տրվող լիազորությունների հետ: Մասնավորապես`

ա) Նախագծով (կամ որ նույնն է` օրենքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, այն դեպքում, երբ նման հանձնաժողովը կարող է ստեղծվել Ազգային ժողովի որշմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով, եւ որի նախաձեռնությունը, որպես օրենսդրական նախաձեռնության փաթեթի մաս, բացակայում է),

բ) Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանվող կարգավորումները գործադիր իշխանության լիազորություններ են եւ արդեն իսկ կանոնակարգված են իրավական այլ ակտերով,

գ) Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող կարգավորումը, ըստ որի. «...ընկերության վերաբերյալ ներդրումային առաջարկությունների քննարկումը կառավարությունն իրականացնում է սույն օրենքի 1-ին հոդվածի երրորդ մասի առաջին կետի պահանջներով ստեղծվող Հանձնաժողովի հետ համատեղ...», հաստակեցման կարիք ունի, քանի որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը կառավարության, ԱԺ պատգամավորների եւ ընկերության աշխատակազմի ներկայացուցիչների ընդգրկմամբ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ընթացակարգ եւ հնարավորւթյուն, ըստ էության, չի տալիս եւ այլն:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                      Ա. ԳԱԼՍՏՅԱՆ     

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի 

առաջատար մասնագետ`                                                            Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

26.09.2016թ.