ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսական համահարթեցման մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1056-7.09.2016-ՏՏ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-10561-7.09.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով նախատեսվում է սկզբունքորեն փոխել ՀՀ-ում ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման եւ հատկացման մեխանիզմներն ու մեթոդիկան` նպատակ ունենալով գործնականում ապահովել համայնքների ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունների համահարթեցումը:

Անշուշտ, տվյալ խնդրի լուծումը խիստ կարեւոր է եւ արդիական` ՀՀ-ի անկախության հռչակումից ի վեր, քանի որ այս խնդրին մինչ այժմ տրված է եղել ժամանակավոր (պարզունակ) լուծում` դրանից բխող բացասական մի շարք հետեւանքներով: Այս պատճառով էլ շատ կարեւոր է ի սկզբանե ապահովել ֆինանսական համահարթեցման նոր օրենքի գործնական կիրառության հնարավորությունները եւ այդ նպատակով պետական բյուջեից հատկացվող դոտացիաների նպատակային, արդարացի եւ ճիշտ բաշխումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաթեթի կազմի մեջ մտնող «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ էության, ամբողջությամբ բխում է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծից, ունի համապատասխան մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարգավորում է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքից բխող զուտ տեխնիկական բնույթի խնդիրներ, մենք կանդրադառնանք միայն «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) այն թերություններին, որոնք, մեր կարծիքով, առկա են Նախագծում:

3. Նախագծի 2-րդ հոդվածում`

ա) 1-ին մասով տրվում է «Ֆինանսական համահարթեցում» հասկացության սահմանումը, ըստ որի` ֆինանսական համահարթեցումը. «համայնքների ներդաշնակ զարգացմանը նպաստելու, ինչպես նաեւ բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու համար` տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված սեփական լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջեւ առկա տարբերությունների նվազեցումն է:»: Տվյալ սահմանումը, կարծում ենք, անհրաժեշտ է համահունչ դարձնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների» 186-րդ հոդվածի 3-րդ մասի հետ, ըստ որի. «Պետությունն իր հնարավորությունների շրջանակներում միջոցներ է հատկացնում համայնքների համաչափ զարգացումն ապահովելու համար:»: Խնդիրը կայանում է նրանում, որ «ներդաշնակ զարգացում» բառակապակցությունը շատ մեկնաբանելի է եւ առանձին սահմանման կարիք ունի, առավել եւս, որ Սահմանադրության փոփոխությունների տեքստում օգտագործվում է «համաչափ զարգացում» հասկացությունը, իսկ մյուս կողմից` անհասկանալի է մնում «ինչպես նաեւ բոլոր համայնքներում նվազագույն մակարդակի ծախսեր կատարելու հնարավորություն ստեղծելու» նպատակի ամրագրումը, քանի որ չի սահմանվում նաեւ, թե ո՞րն է հանդիսանում բոլոր համայնքների համար նվազագույն ծախսերի մակարդակը:

բ)  4-րդ մասով սահմանվում է «համայնքի եկամտային ունակություն» հասկացությունը, ըստ որի «Համայնքի եկամտային ունակություն»-ը. «...համայնքի բյուջեին օրենքով ամրագրված եւ սույն օրենքի շրջանակներում նախատեսված հողի հարկի, գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի եւ “ա” մասով հատկացվող դոտացիաների հանրագումարն է:»: Այս սահմանման հետ կապված հարկ է նախ եւ առաջ նշել, որ խոսքը պետք է գնար ոչ թե համայնքի, այլ համայնքային բյուջեի եկամտային ունակության մասին, քանի որ թվարկված եկամտի տեսակները բացառապես համայնքային բյուջեի եկամտային մասի հոդվածներ են, իսկ համայնքը, ըստ էության, դրա բնակիչներն են (համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների» 180-րդ հոդվածի 1-ին մասի . «Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է։»), ուստի եթե նշվում է, որ «եկամտային ունակությունը» համայնքինն է, ապա որպես եկամտի աղբյուրներ պետք է նշվեին աշխատանքի վարձատրությունից եւ դրան հավասարեցված միջոցների ստացված եկամուտները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, անշարժ եւ շարժական գույքից ստացվող եկամուտները եւ այլն (նույնը վերաբերում է նաեւ տվյալ հոդվածի 3-րդ մասին կամ «համայնքի եկամտային ունակության գործակից» հասկացության սահմանմանը): 

Մյուս կողմից, որպես եկամտային ունակության բաղադրիչ նշվում են «պետական տուրքերը», որոնք, ինքնին, կապ չունեն համայնքային բյուջեի հետ եւ կարող են այդպիսին հանդիսանալ միայն այն դեպքում, եթե օրենքով պետական տուրքի որոշ տեսակներ ամրակցված լինեն համայնքային բյուջեներին: Նախագծի հեղինակը հենց սա էլ նկատի է ունեցել, որն արտացոլվել է Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, ուստի «համայնքի եկամտային ունակություն» հասկացության շարադրանքում «պետական տուրքերը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը» բառերով:

Եվ երրորդ, որ ամենակարեւորն է, այս հասկացության սահմանման մեջ բացակայում է ցանկացած համայնքի բյուջեի համար եկամտային ամենակարեւոր հոդվածներից մեկը (եթե ոչ ամենակարեւորը)` տեղական տուրքերը եւ վճարները, առանց որոնց համայնքի բյուջեի եկամտային ունակության մասին խոսելն ուղղակի անիմաստ կդառնա (այս կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաեւ Նախագծի 9-րդ հոդվածում):

գ) 7-րդ մասը, որով տրվում է «Համահարթեցման սահմանային մակարդակ» հասկացության սահմանումը, ըստ էության, իրենից սահմանում չի ներկայացնում, մասնավորապես` միայն նշվում է. «Համահարթեցման սահմանային մակարդակ՝ այս ցուցանիշի արժեքով է պայմանավորված, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դոտացիաների “բ” մասի՝ ըստ համայնքների հատկացման չափը, ինչպես նաեւ նույն մասով համայնքների դոտացիա ստանալու կամ չստանալու հնարավորությունը:»: Տվյալ սահմանման հստակության ապահովումը կարեւոր է ոչ միայն դրա էությունը ներկայացնելու, այլեւ Նախագծի տարբեր հոդվածներում այս հասկացության հետ կապված դրույթները եւ բանաձեւերը ճիշտ ընկալելու տեսանկյունից: Մասնավորապես` Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասում նշվում է, որ. «Սույն օրենքով սահմանվում է համահարթեցման սահմանային մակարդակի այնպիսի արժեք, որի դեպքում` ”բ” մասով հատկացվող դոտացիայի ֆինանսական միջոցները կարող են լրացնել դոտացիա ստացող համայնքների բյուջետային ապահովվածության եւ համահարթեցման սահմանային մակարդակի միջեւ եղած տարբերության 75 տոկոսը:», այսինքն` այս դրույթից բխում է, որ համահարթեցման սահմանային մակարդակը որոշակի արժեք պետք է ունենա, այն դեպքում, երբ նույն հոդվածի 5-րդ մասով տրված բանաձեւում այդ արժեքից հանվում է մի մեծություն, որն իրենից գործակից է ներկայացնում (բյուջետային ապահովվածության գործակիցը, տես նաեւ նախագծի 8-րդ հոդվածը), ինչն էլ, բնականաբար, չի կարող տեղի ունենալ:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով տրվում է ”բ” մասով հատկացվող դոտացիայի բանաձեւը, որի իմաստը չափազանց պարզունակ է, իսկ այդ բանաձեւն էլ Նախագծի տեքստում այլեւս չի օգտագործվում, ուստի կարելի է այն նաեւ հանել` Նախագիծն անհարկի չծանրաբեռնելու նպատակով:

5. Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասով տրվող բանաձեւի տարրերից մեկը` բյուջետային ապահովվածության գործակիցը, այդ բանաձեւի բացատրության մասում բացակայում է (այսինքն` բացակայում է այդ գործակցի տնտեսագիտական իմաստի ամրագրումը):

Ընդհանուր առմամբ, սույն Նախագիծը, մեր կարծիքով, մեթոդական առումով լրամշակման կարիք ունի:

  

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                     տնտեսագիտական վարչության պետ`                                                Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

27.09.2016թ.