ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Մեծահասակների կրթության մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1057-19.09.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ




ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բիշարյանի, Մ. Շահգելդյանի եւ Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի  վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է օրենսդրական հիմքեր ստեղծել բոլոր տարիքի ՀՀ քաղաքացիների համար կրթություն եւ լրացուցիչ կրթություն համար` հանրակրթության, մասհանգիտական եւ լրացուցիչ կրթության, վերապատրաստման եւ վերաորակավորման համակարգերի միջոցով: Սակայն, Նախագծում առկա են մի շարք թերություններ եւ ոչ հստակ ձեւակերպումներ, իսկ դրա ընդունման արդյունքում էլ անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ ֆինանսավորում նախատեսել ՀՀ պետական բյուջեով, որոնք էապես նվազեցնում են սույն Նախագծի գործնական կիրառության հնարավորությունները:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասով տրվում է «Մեծահասակների կրթությունը  վերահսկող լիազորված մարմին» հասկացության սահմանում, ըստ որի. «Մեծահասակների կրթությունը վերահսկող մարմինը ՀՀ կառավարության կողմից լիազորված եւ այդ ոլորտում  իրավունքներ եւ պարտականություններ ունեցող մարմինն է:»: Տվյալ սահմանումը վերաիմաստավորման եւ խմբագրման կարիք է զգում, քանի որ`

ա) լիազորված մարմինների սահմանման համար գոյություն ունի ստանդարտ ձեւակերպում եւ նպատակահարմար կլինի տալ այդպիսի սահմանում,

բ) առանձին «վերահսկող լիազորված մարմնի» սահմանում տալը, ըստ էության, ավելորդ է, քանի որ վերահսկողությունը ենթադրում է առաջին հերթին ստուգումների եւ ուսումնասիրությունների կատարման լիազորություններ, իսկ այդպիսի լիազորությունները սահմանված են «Հայաստանի  Հանրապետությունում  ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 օրենքով, ուստի նպատակահարմար է տալ ընդամենը համապատասխան ոլորտում «պատական կառավարման լիազորված մարմին» հասկացության սահմանումը,

գ) Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասում եւ Նախագծի այլ հոդվածներում զուգահեռաբար օգտագործվում է նաեւ «պետական լիազորված մարմին» հասկացությունը, որի սահմանումը տրված չէ, եւ «կրթության եւ գիտության նախարարություն» անվանումը, ուստի դրանք կարող են տարընթերցումների տեղիք տալ:

4. Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է նաեւ «Մեծահասակների ոչ ֆորմալ կրթություն» հասկացությունը, ըստ որի` համապատասխան դասընթացները «…բարեհաջող ավարտելուց հետո շնորվում է ոչ պետականորեն ճանաչված ավարտական փաստաթուղթ»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ առաջին հերթին ճիշտ կլինի ասել ոչ թե «ոչ պետականորեն ճանաչված», այլ «պետականորեն չճանաչված» ավարտական փաստաթուղթ, եւ երկրորդ` եթե տվյալ ավարտական փաստաթուղթը պետությունը չի ճանաչելու, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է պետությունը ֆինանսավորի, կարգավորի, վերահսկի եւ ընդհանրապես որեւէ վարչարարական գործառույթներ իրականացնի ոչ ֆորմալ կրթության բնագավառում:

5. Նախագծի տարբեր հոդվածներում օգտագործված են այնպիսի հասկացություններ (օրինակ` «մեծահասակների կրթության գործառնություն», «կյանքի որակին ուղղված կրթություն», «կրթության որակի հսկում», «կրթական ծրագրի մասնագիտական բնույթ», «ուսումնական հաստատության հավատարմագրում» (ըստ երեւույթին նկատի է ունեցվել հավաստագրումը) եւ այլն), որոնք տարընթերցումների, մեկնաբանությունների տեղիք են տալիս, օգտագործվում են առաջին անգամ եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան պետք է տրվեն դրանց սահմանումները:

6. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնագիտական կրթության մասնագիտացումները սահմանում  է կրթության պետական կառավարման մարմինը` համաձայնեցնելով համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ:», որոնք, ըստ էության, նույն մարմիներն են (անհրաժեշտ է հստակեցնել տվյալ դրույթը):

7. Անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 16-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվող դրույթը, ըստ որի. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` … տեղեկատվություն է տրամադրում կրթության եւ գիտության նախարարությանը…» (այսինքն` ստացվում է ինքն իրեն է տեղեկատվություն տրամադրում):

8. Նախագծի 17-րդ եւ 18-րդ հոդվածներով սահմանվում են մեծահասակների կրթության բնագավառում սոցիալական ոլորտի պետական կառավարման մարմնի եւ այլ մարմինների լիազորությունները, որոնց անհրաժեշտությունը, մեր կարծիքով, բացակայում է, քանի որ դրանք մի կողմից շատ ընդհանրական բնույթ ունեն, իսկ մյուս կողմից` արդեն իսկ սահմանված են այլ (իրենց վերաբերող) իրավական ակտերով:

9. Նախագծի այն դրույթները, որոնք վերաբերում են պետական եւ համայնքային բյուջեներից մեծահասակների կրթության ֆինանսավորմանը (հատկապես Նախագծի 26-րդ հոդվածը), անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին (մասնավորապես` պետական տարբեր մարմինների վրա Նախագծի տարբեր հոդվածներով դրվում է «ֆինանսավորման ապահովման» եւ «ֆինանսավորման աջակցության» գործառույթներ, որոնք դուրս են գալիս «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջանակներից):

10. Նախագծի 21-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Աշխատանքային պայմանագրով աշխատող անձին նրա խնդրանքով, պետական կամ ցանկացած այլ աջակցությամբ մեծահասակների կրթություն ստանալու նպատակով, կարող է տրամադրվել նաեւ լրացուցիչ վճարովի արձակուրդ գործատուի հետ նախապես պայմանավորված ժամանակահատվածում։…»: Այս կապակցությամբ ՀՀ Աշխատանքային օրենսգրքում համապատասխան լրացումների կատարման անհրաժեշտություն է առաջնում, որի մասին օրենքի նախագիծը բացակայում է:

Բացի այդ, Նախագծի տարբեր հոդվածներով սահմանվում են այնպիսի դրույթներ, որոնք առնչվում են ՀՀ տարբեր օրենքների գործողության ոլորտներին, որոնցում նույնպես համապատասխան փոփոխությունների եւ լրացումների կատարման անհրաժեշտություն է առաջանում, եւ որոնց մասին օրենքների նախագծերը նույնպես բացակայում են: Մասնավորապես, բացի ՀՀ Աշխատանքային օրենսգրքից եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներից, խոսքը վերաբերում է նաեւ «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներին:

11. Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնույթի թերություններ: 
  
  
  
  
  
  
ՀՀ ԱԺ Աշխատակազմի  տնտեսագիտական
վարչության  պետ`                                                                      Ա.ԹԱՄԱԶՅԱՆ
30.09.2016թ.