ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1061-19.09.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բիշարյանի, Մ. Շահգելդյանի եւ Հ. Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է պետության կողմից դրամական միջոցների տրամադրմամբ ՀՀ-ում խրախուսել ամուսնությունները եւ աջակցել նորաստեղծ ընտանիքներին: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել նորաստեղծ ընտանիք հասկացությունը եւ նախատեսել օրենքով սահմանված կարգով ամուսնությունը գրանցելուց հետո վերը նշված ընտանիքներին 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամից ոչ պակաս միանվագ դրամական օգնության տրամադրում:
3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3.1 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով տրվող «նորաստեղծ ընտանիք» հասկացության սահմանումը, համաձայն որի. «... նորաստեղծ ընտանիք է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու եւ կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետը ստեղծված ընտանիքը:», կարծում ենք, հստակեցման կարիք ունի: Մասնավորապես`
ա) այս սահմանումից անհայտ է մնում, թե արդյո՞ք առաջին անգամ ամուսնանալու պայմանը վերաբերում է միաժամանակ եւ՛ տղամարդուն եւ՛ կնոջը, թե՞ նրանցից առնվազն մեկի համար առաջին անգամ ամուսնանալու փաստը բավարար է տվյալ ընտանիքը նորաստեղծ համարելու համար,
բ) կարծում ենք, ավելորդ է տվյալ սահմանման մեջ որեւէ (տվյալ դեպքում` մեկ տարվա) ժամկետի ամրագրումը, քանի որ օրենսդրական առումով ամուսնությունը գրանցելու օրվանից ընտանիքն արդեն իսկ համարվում է ստեղծված:
3.2 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով տրվող «նորաստեղծ ընտանիք» հասկացության սահմանման, նույն հոդվածի 2-րդ մասի եւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ի մասի միջեւ գոյություն ունի որոշակի անհամապատասխանություն, ինչը կարող է անհարկի տարընթերցումների եւ մեկնաբանությունների տեղիք տալ: Մասնավորապես, համաձայն «նորաստեղծ ընտանիք» հասկացության սահմանման` նորաստեղծ է համարվում. «... ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու եւ կնոջ ամուսնությունը...», Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով (որով սահմանվում է «նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն» հասկացությունը), որպես այդ օգնության հասցեատեր, հղում է կատարվում նույն հոդվածի 1-ին մասին, իսկ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով արդեն իսկ նշված պայմաններին ավելանում է նոր պայման («անդամներից գոնե մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի»), միաժամանակ` դուրս է մնում « ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետը » պայմանը: Այս առումով անհրաժեշտ է նշված հոդվածներում հստակեցնել եւ օգտագործել նույն հասկացությունը` նույն պայմանների նշումով:
3.3 Նախագծի 6-րդ հոդվածը վերնագրված է որպես «Քաղաքացիների պատասխանատվությունը», սակայն դրա 1-ին մասով սահմանվում է, որ. «Նորաստեղծ ընտանիքների միանվագ դրամական օգնության կարգը սահմանող փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների հայտնաբերման դեպքում արդեն վճարված գումարը ենթակա է վերադարձման կամ դատական կարգով բռնագանձման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:»: Այսինքն, տվյալ մասով ոչ թե պատասխանատվության տեսակ է սահմանվում, այլ ընդամենը նախատեսվում է հետ գանձել կեղծ փաստաթղթերի ներկայացման միջոցով ստացված միանվագ դրամական օգնության գումարը: Այս առումով, անհրաժեշտ է կամ տվյալ հոդվածով սահմանել կոնկրետ պատասխանատվության տեսակ եւ չափ, կամ էլ համապատասխան օրենքում (օրենսգրքում) համապատասխան լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ մշակել եւ սույն Նախագծի հետ ներկայացնել որպես օրինագծերի փաթեթ:
4. Սույն Նախագծի ընդունումն անհրաժեշտ է քննարկել նաեւ առաջիկա տարվա բյուջետային հնարավորությունների համատեքստում:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության
բաժնի վարիչ Ա. ԳԱԼՍՏՅԱՆ30.09.2016թ.