ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1096-11.10.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի նպատակն է ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման հավասար մատչելիություն ապահովվելը, որը կտրվի մրցույթային կարգով` հաշվի առնելով ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների եւ տեխնոլոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, առաջարկվող աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության եւ տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, ֆինանսական եւ տեխնիկական կարողությունները:

Ընդհանուր առմամբ Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, իսկ դրա ընդունմամբ կարող է հիմնականում ապահովվել Նախագծով հետապնդվող նպատակների իրականացումը: Սակայն, հարկ ենք համարում ներկայացնել մեկ նկատառում` կապված Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող` Օրենսգրքի նոր` 20.2 հոդվածի 3-րդ մասի հետ, ըստ որի. «Մրցույթի արդյունքների ամփոփման կարգը սահմանվում է մրցույթի կազմակերպիչի կողմից:»: Կարծում ենք, որ նման իրավակարգավորումը պարունակում է որոշակի կոռուպցիոն ռիսկեր եւ նպատակահարմար կլիներ մրցույթի այս փուլը եւս կանոնակարգել օրենսգրքով:       

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի 

առաջատար մասնագետ`                                                      Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

19.10.2016թ.