ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գնումների մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1112-9.11.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է գնումների գործընթացի օրենսդրական կարգավորումները համապատասխանեցնել ԱՀԿ պետական գնումների համաձայնագրի նոր տեքստին եւ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին, որի դրույթները սահմանում են գնումների քաղաքականության ընդհանուր հայեցակարգերը, եւ որոնք պետք է արտացոլվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից պետական գնումներին վերաբերող իրենց ներպետական օրենսդրություններում։ Այս կապակցությամբ Նախագծով նախատեսվում է`

- նվազեցնել գնումների կատարման ձեւերը` գնման յոթ ձեւի փոխարեն սահմանելով չորսը (էլեկտրոնային աճուրդ, գնանշման հարցում, մրցույթ եւ գնումներ մեկ անձից),

- ՀՀ կառավարության կողմից սահմանել շեմ, որը չգերազանցող` պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց հարկային պարտքեր ունեցող կազմակերպություններին հնարավորություն կտա մասնակցելու գնման գործընթացներին,

- մասնակիցներին ներկայացվող` օրենքով նախատեսված որակավորման չափորոշիչների կիրառման պայմանները սահմանել ՀՀ կառավարության կողմից` հաշվի առնելով գնման առանձնահատկությունները եւ նախահաշվային արժեքների մեծությունը,

- ձեւավորել հնարավորինս անկախ գնումների բողոքարկման արտադատական համակարգ` խորհրդի ձեւով, մինչեւ երեք անձից բաղկացած, որոնց կնշանակի ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ,

-  ներդնել գնման գործընթացներին փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը բացառող, ինչպես նաեւ հակակոռուպցիոն բնույթի պահանջներ` ՀՀ կառավարությանը վերապահելով այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը նախատեսելու իրավասությունը.

- բարձրացնել հայտի ապահովման շեմը` մասնակցի գնային առաջարկի 2%-ի փոխարեն սահմանելով 5% եւ այլն:

3. Ընդհանուր առմամբ եւ գործող օրենքի համեմատությամբ տվյալ Նախագիծը կատարելագործվել է, սակայն դրանով սահմանված նպատակների լիարժեք եւ ամբողջական իրացման համար, մեր կարծիքով, այն դեռեւս որոշ լրամշակման կարիք ունի:

3.1 Նախագծի 3-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ սույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է. «պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ.», որի հետ կապված մի քանի հարցեր են առաջանում: Մասնավորապես, տվյալ ձեւակերպումից անհայտ է մնում, թե ինչի՞ն համարժեք հատուցման մասին է խոսքը. եթե խոսքն ապրանքի գնին համարժեք հատուցման մասին է, ապա դա անիմաստ է սահմանել, քանի որ այսպես թե այնպես հատուցումը չի կարող տարբերվել ապրանքի գնից (այլապես կառաջանա պայմանագրային գնից շեղում), եթե խոսքը ապրանքի արժեքին համարժեքության մասին է, ապա կստացվի, որ պայմանագրային գինը իր մեջ չի ներառում մատակարարի շահույթը, իսկ եթե խոսքը ապրանքին կամ կարիքին հատուցման համարժեքության մասին է, ապա այս դեպքում էլ անհայտ է մնում, թե ի՞նչ չափանիշներով պետք է որոշվի այդ համարժեքությունը: Այս անորոշությունները վերացնելու նպատակով առաջարկում ենք նշված կետի «համարժեք հատուցմամբ» բառերը փոխարինել «սույն օրենքի հիման վրա ձեւավորված հատուցմամբ» բառերով,

բ) 3-րդ մասով սահմավում է, որ. «Սույն օրենքի իմաստով գնումը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող, եթե պայմանագիրը կնքվում եւ դրա շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք է բերվում ու օգտագործվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ տվյալ ձեւակերպմամբ ՀՀ տարածքից դուրս ձեռք բերվող եւ ՀՀ տարածքում օգտագործվող ապրանքների գնումները չեն կարող համարվել ոչ հանրապետության տարածքում կատարվող, ոչ էլ հանրապետության տարածքից դուրս կատարվող գնումներ, ուստի առաջարկում ենք տվյալ մասի տեքստից հանել «ու օգտագործվում» բառերը (առաջարկվող ձեւակերպմամբ եւ գործնականում այդպիսի գնումների տակ թերեւս կարող են ընկնել միայն ՀՀ դեսպանատների կողմից գնվող եւ համապատասխան երկրում օգտագործվող ապրանքները, ծառայությունները եւ աշխատանքները):

3.2 Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի միջեւ, մեր կարծիքով, առկա է հակասություն, քանի որ 25-րդ հոդվածի 1-ին մասով իմպերատիվ եւ առանց բացառությունների սահմանվում է, որ. «Արգելվում է գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների` մրցակցային գնման ձեւի կիրառումից խուսափելու նպատակով:», իսկ 28-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսվում է, որ. «...եթե գնումն իրականացվում է չափաբաժիններով եւ մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների միայն մի մասի համար...», ապա գնման հրավերը պետք է պարունակի դրա պայմանները եւ կարգը:

3.3 Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասը երկիմաստության կամ տարընթերցման հնարավորություն է տալիս, քանի որ ըստ այս մասի ձեւակերպման ստացվում է, որ մասնակիցը այդ մասում նշված երեք դեպքերից մեկի ի հայտ գալուց հետո պետք է վճարի հայտի ապահովումը, այնինչ` Նախագիծը, այլ հոդվածներով, սահմանում է, որ հայտի ապահովումը վճարվում է մինչեւ մրցույթի կամ գնման մյուս ընթացակարգերի սկսվելը: Այս կապակցությամբ առաջարկում ենք նշված 2-րդ մասի «Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`» բառերը փոխարինել «Մասնակցին հետ չի վերադարձվում հայտի ապահովումը, եթե նա`» բառերով:

3.4 Մեր կարծիքով, ամբողջությամբ լրամշակման եւ վերաիմաստավորման կարիք է զգում Նախագծի 46-ից 50-րդ հոդվածները, որոնք վերաբերում են գնումների բողոքարկման խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) ձեւավորմանն ու գործունեությանը, քանի որ`

- օբյեկտիվորեն ենթադրվում է, որ ստեղծվող ցանկացած խորհուրդ կոլեգիալ կառավարման մարմին է, իսկ տվյալ Նախագծի համաձայն այդ Խորհրդի անդամները բողոքները պետք է քննեն միանձնյա (ուստի խորհրդի տեսքով կամ կարգավիճակով ստեղծվող մարմնի նպատակահարմարությունն արդեն իսկ վիճահարույց է դառնում), իսկ մյուս կողմից էլ սահմանվում է, որ. «Խորհուրդը կազմված է մինչեւ երեք անդամից:», ինչը նշանակում է, որ Խորհուրդը կարող է կազմված լինել նաեւ ընդամենը մեկ անդամից,

- Նախագծի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի եւ գնումների բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) եւ որոշումները:», ինչը, ցանկության դեպքում, հնարավորություն է տալիս ուղղակի կաթվածահար անել այդ Խորհրդի գործունեությունը (այսինքն` բողոքելու իրավասությունը պետք է վերապահել միայն տվյալ գնման հետ կապված կամ տվյալ գնումով շահագրգիռ անձնաց շրջանակին),

-  խորհուրդը ստեղծվում է որպես անկախ մարմին, սակայն ակնհայտ է, որ այն գործնականում անկախ լինել չի կարող, քանի որ չունի առանձին տողով ֆինանսավորում, 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Խորհրդի անդամների աշխատավարձերի վճարումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` լիազորված մարմնի միջոցով:», նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Սույն օրենքով խորհրդին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններն ապահովում է լիազորված մարմինը:», հենց լիազորված մարմնի կողմից կատարվող գնումները կարող են դառնալ բողոքարկման առարկա եւ այլն,

- Նախագծի նշված հոդվածներից անհայտ է մնում, թե Խորհուրդը ո՞վ պետք է ղեկավարի (եթե մեկից ավելի անդամներ ունենա), ով պետք է բաշխի Խորհրդի կողմից իրականացման ենթակա աշխատանքները, արդյո՞ք Խորհուրդը պետք է ունենա աշխատակազմ, թե՞ ոչ, ի՞նչ հետեւանքներ են առաջանալու Խորհրդի այն անդամի համար, որն ունենալով շահերի բախում` այդ մասին ժամանակին չի հայտարարում եւ այլն (նշենք նաեւ, որ այս տիպի բոլոր հարցերը գործող օրենքով կանոնակարգված են):

3.5 Նախագծի 54-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետում խոսք է գնում գնումների աջակցման կենտրոնի մասին, սակայն անհայտ է մնում, թե ի՞նչ կառույց է դա, ի՞նչ լիազորություններ ունի եւ այլն (գործող օրենքով նախատեսված է առանձին հոդված, որով կանոնակարգված են համապատասխան իրավահարաբերությունները):

3.6 Նախագծի 56-րդ հոդվածով հղում է կատարվում «սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին», այն դեպքում, երբ տվյալ Նախագիծը 58-րդ հոդված չունի:  

  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                                                Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

05.12.2016թ.