ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1116-14.11.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության մշակման ու իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1 Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրին ներկայացվող պահանջները եւ ներկայացվում են դրանում ընդգրկման ենթակա դրույթները: Նշված ծրագրի իրականացման արդյունավետության գնահատման առումով առաջարկում ենք դրանում ներառել նաեւ այն արդյունքները կամ թիրախային ցուցանիշները, որոնք ակնկալվում են ստանալ տվյալ տարում իրականացվելիք միջոցառումների արդյունքում: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Նախագծի 12-րդ հոդվածով սահմանվող հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրին ներկայացվող պահանջների շարքում որպես այդպիսիք սահմանված են նաեւ «ակնկալվող արդյունքները` ընթացիկ եւ վերջնական թիրախային ցուցանիշները»: Ըստ էության, ընթացիկ ցուցանիշներն իրենցից ներկայացնում են տարեկան ծրագրի իրականացման արդյունքում ձեռք բերման ենթակա արդյունքները, որոնք, մեր կարծիքով, պետք է ամրագրվեն տարեկան ծրագրում, իսկ վերջինիս հաշվետվության մեջ անհրաժեշտ է ներկայացնել նաեւ դրանց փաստացի ձեռք բերման աստիճանը:

2.2 Նախագծով սահմանվող պետական աջակցության մի շարք ուղղությունների մասով մեխանիզմները բացակայում են եւ դրանք նախատեսվում են իրականացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով»:  Մասնավորապես, Նախագծի 38-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանվում է, որ. «1) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատուժն օգտագործող կազմակերպությունների, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների նկատմամբ պետությունն իրականացնում է արտոնյալ ֆինանսատնտեսական քաղաքականություն? Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով», 3-րդ կետով. «3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պետությունը խրախուսում է գործատուների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը», 6-րդ կետով. «6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, պետությունը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության կազմակերպումը եւ իրականացումը, այդ թվում? պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման, հումքի ձեռքբերման եւ արտադրանքի իրացման գործում օժանդակելու միջոցով» եւ այլն: Կարծում ենք, գոնե նշված դեպքերը պետք է սահմանվեին սույն Նախագծում, ինչը հնարավորություն կտար առավել լիարժեք գնահատել հաշմանդամություն ունեցող անձանց պետական աջակցության արդյունավետությունը: 

  
  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                                         Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ?                                                           Ն. ԱՌԱՔԵԼՅԱՆ

05.12.2016թ.