Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծով առաջարկվում է ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձել նաեւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատողի հաշվին, որը թույլ է տվել համապատասխան խախտումը կամ այլ անձի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման միջեւ փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա: Հետ են գանձվում (բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել, սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում: Առաջարկվում է նաեւ կարգավորել անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստացող կենսաթոշակառուին բանկ չներկայանալու պարտականությունը չկատարելու հետեւանքով ավել վճարված գումարների խնդիրը, եթե անձը գտնվել է Հայաստանին Հանրապետությունում:
Նկատի ունենալով խնդրի սոցիալական հնչողությունը եւ էությունը, Նախագծով առաջարկվում է մինչեւ 2016թ. հունվարի 1-ը ավել վճարած կենսաթոշակառուների գումարների մասով առաջացած պարտականությունները զիջել, բացառությամբ հետեւյալ դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար, կամ կենսաթոշակի գումարը վճարվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետեւանքով, որը հաստատված է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է կանոնակարգել քրեակատարողական հիմնարկում գտվող կալանավորված անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը եւ վերանայել կենսաթոշակը վերահաշվարկելու հիմքերը:
Նախագիծն ունի պատշաճ հիմնավորվածություն եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության
սոցիալական փորձաքննության բաժնի
առաջատար մասնագետ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
05.12.2016թ.