ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1125-30.11.2016-ՏՏ-010/0), «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11251-30.11.2016-ՏՏ-010/0) եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11252-30.11.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Փաթեթով կարգավորվում են Հայաստանի Հանրպետությունում տեղական տուրքերի եւ վճարների հաշվարկման եւ գանձման հետ կապված հարաբերությունները: Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
2.1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:
ա) Նախագծի 3-րդ հոդվածով տրվում են տեղական տուրքի եւ վճարի հասկացությունների սահմանումները: Մասնավորապես, տեղական տուրք նախատեսվում է գանձել տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված եւ օրենքով սահմանված գործողությունների (թույլտվությունների) համար, իսկ տեղական վճար` այդ մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում, համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների համար: Այլ կերպ ասած, տեղական տուրքի եւ վճարի գծով պարտավորությունների առաջացման հիմք են հանդիսանում համապատասխանաբար` անձանց կողմից որոշակի գործողությունների իրականացումը (որի համար անհրաժեշտ է լինում նաեւ համայնքի թույլտվության ստացումը) եւ համայնքի կողմից ծառայությունների մատուցումը (որից օգտվողները, բնականաբար, պետք է իրենց կամքով դիմեն` տվյալ ծառայությունից օգտվելու համար): Սակայն, Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, որպես մատուցվող ծառայության տեսակ, սահմանվում է «համայնքի հանրային օգտագործման տարածքների բարեկարգման նպատակով համայնքային վճար»-ը, որից համայնքի բնակիչները պետք է օգտվեն անկախ իրենց կամքից եւ անկախ այն հանգամանքից, թե վճարե՞լ են արդյոք դրա համար, թե՞ ոչ (այս իմաստով առաջարկվողն ավելի շուտ տեղական տուրքի, քան թե տեղական վճարի տեսակ կարող է լինել):
բ) Ծառայությունների դիմաց վճարումը ենթադրում է վճարողի կողմից անհրաժեշտ վերահսկողության իրականացման հնարավորություն (կոնկրետ մեխանիզմների սահմանում) համապատասխան սուբյեկտի (տվյալ դեպքում համայնքի կամ համայնքի պատվերով ծառայություն մատուցող անձի) նկատմամբ` ծառայությունների կատարման մակարդակի եւ որակի վերաբերյալ: Մասնավորապես, նման խնդիր գոյություն ունի համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանվող տեղական վճարի, համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման եւ համայնքի հանրային օգտագործման տարածքների բարեկարգման նպատակով գանձվող տեղական վճարների պարագայում: Խնդրի կարեւորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե Նախագծում կան սահմանված դրույթներ տեղական տուրք եւ վճար վճարողների իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, ապա դրանք գանձողների իրավունքների եւ պարտակնությունների մասով դրույթները բացակայում են:
գ) Նախագծով նախատեսվում է էականորեն ընդլայնել տեղական վճարների ցանկը` ներկայումս գործող 5 տեսակների փոխարեն սահմանելով տեղական վճարի 19 տեսակ: Այս հանգամանքը բավականին մտահոգիչ է վերջին շրջանում կատարված հարկային բարեփոխումների ֆոնին, քանի որ ընդունված Հարկային օրենսգրքով զգալիորեն պետք է բարձրանա միջին խավի հարկային բեռը, ակցիզային հարկերի դրույքաչափերի աճի արդյունքում անխուսափելիորեն կաճեն նաեւ գները եւ այլն, ուստի տվյալ քայլով լրացուցիչ ֆինանսական բեռ է դրվելու համայնքների բնակիչների վրա` առանց եկամուտների բարձրացման հեռանկարի:
Բացի այդ, առաջարկվող տեղական վճարների նոր տեսակների մի մասը հանդիսանում են նաեւ ՏԻՄ մարմինների սեփական լիազորություններ, որոնց մասով համայնքները ստանում նաեւ ֆինանսական համահարթեցման դոտացիա: Հետեւաբար, եթե այդ լիազորությունների իրականացումը նախատեսվում է ապագայում իրականացնել համապատասխան տեղական վճարներ գանձելու միջոցով, ապա համապատասխան լիազորությունների (ծառայությունների) մասով անհրաժեշտ է դադարեցնել համայնքներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների տրամադրումը:
ե) Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանվում է, որ. «... տեղական վճարների առանձին տեսակների համար նախատեսված են փոխհատուցման վճարներ, որոնց դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով»: Հետեւաբար, խոսքը գնում է մատուցվող ծառայությունների արժեքի ամբողջական, այլ ոչ թե մասնակի փոխհատուցման մասին: Այսինքն, տեղական ինքնակառավարման մարմինների որոշ պարտադիր լիազորությունների (օրինակ` համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական եւ մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության, դրանց շահագործման եւ նորոգման աշխատանքների կազմակերպումը եւ կառավարումը) իրականացման ֆինանսավորումն ամբողջությամբ դրվում է այդ ծառայություններից օգտվողների վրա, ինչը, կարծում ենք, բավարար չափով արդարացված չէ: Առավել եւս, որ այդ ծառայությունների արժեքն իրականում կարող է զգալիորեն բարձր լինել (ընդ որում, տարբերվելով նաեւ նույն համայնքում գործող տարբեր մանկապարտեզների, արտադպրոցական դաստիրակության հաստատությունների կտրվածքով): Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել «ծառայության համար անհրաժեշտ ծախսերի» բաղադրիչները, քանի որ իրականում դրանք են ուղղակիորեն պայմանավորելու տեղական վճարների դրույքաչափերը, այսինքն` հստակ սահմանելով այն ծախսերը, որոնք պետք է ներառվեն արժեքի մեջ եւ այն ծախսերը, որոնք չեն կարող ներառվել ծառայության արժեքի մեջ:
3. Փաթեթում ընդգրկված ««Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
05.12.2016թ.