ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1131-9.12.2016-ՍՀ-010/0), «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11311-9.12.2016-ՍՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11312-9.12.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է`
- հստակեցնել կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների եւ այլ անձանց կողմից ֆոնդի մասնակիցների պատճառված վնասների հատուցման գործընթացը, այդ թվում՝ դեպքերը եւ հետադարձ պահանջի ծավալը, ինչը զերծ կպահի այդ գործընթացն իրավական ռիսկերից,
- կառավարիչը եւ պահառուն հնարավորություն կունենան նաեւ հատուցումն իրականացնել համապատասխան ֆոնդին դրամական եղանակով վճարելու միջոցով (օրինակ` երբ վնասը պատճառվել է բոլոր մասնակիցներին), որը կկրճատի միջոցների ավելորդ հոսքերը` նվազեցնելով գործառնական ռիսկերը,
- հնարավորություն կտրվի ֆոնդի կառավարչին որոշակի աշխատանքային օրերի չհաշվարկելու եւ չհրապարակելու ֆոնդի զուտ ակտիվների արժեքը, եթե դրա հաշվարկումը պատվիրակված է արտասահմանյան կազմակերպության, եւ այդ օրերը նախապես հրապարակվել են կառավարչի ինտերնետային կայքում,
- կենսաթոշակային ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել նաեւ նոր թողարկված այնպիսի արժեթղթերում, որոնք ենթակա են ցուցակման ֆոնդային բորսայում, սակայն դեռեւս չեն ցուցակվել,
- կմեղմացվի նաեւ մասնավոր բաժնեմասնակցային կամ վենչուրային ֆոնդերում ներդրումների սահմանափակումը,
- հնարավորություն տալ անձանց էլեկտրոնային եղանակով ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը առանց լրացուցիչ դիմում մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու,
- կարգավորվել նաեւ տեղեկատվության փոխանակման մեխանիզմները` մասնակիցների ռեեստրը վարողի եւ նոտարի ու պետական լիազոր մարմնի միջեւ եւ այլն:
Նախագծերի փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ, ինչպես նաեւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ` Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության սոցիալական փորձաքննության բաժնի
առաջատար մասնագետ` Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ
21.12.2016թ.