ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1135-21.12.2016-ՖՎ-010/0), «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11351-21.12.2016-ՖՎ-010/0), «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11352-21.12.2016-ՖՎ-010/0), «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11353-21.12.2016-ՖՎ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-11354-21.12.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է ներդնել հետեւյալ հիմնական կարգավորումները`

գ              սահմանել այն վարկերը, որոնք հանդիսանում են բնակարանային հիփոթեքային կրեդիտներ եւ այն անձանց (կրեդիտառուների) շրջանակը, ովքեր օգտվում են նախատեսված իրավունքներից,

գ              ամրագրել հիփոթեքային վարկի պայմանագրի նվազագույն պայմանները եւ կնքման կարգը: Սահմանվում են այն դրույթները, որոնք պարտադիր պետք է ներառվել հիփոթեքային վարկի պայմանագրում եւ սահմանվում են այս պահանջը չպահպանելու հետեւանքները: Միաժամանակ, սահմանվում է, որ պայմանագրում նշված դրույթները չներառելը չի հանգեցնում պայմանագրի անվավերությանը` պայմանավորված այն նկատառմամբ, որ պայմանագրի անվավերությունը կհանգեցնի սպառողի համար շատ ավելի ծանր հետեւանքների (ստացված վարկի վաղաժամկետ մարում, գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հնարավորության առաջացում), քան պայմանագրում որոշ դրույթների բացակայությունը, 

գ         հստակ սահմանվում է վարկառուներին բացահայտման ենթակա տեղեկությունը, այդ տեղեկության ծավալը եւ բացահայտման կարգը, վարկառուի եւ վարկատուի միջեւ հաղորդակցման կարգը,

գ         սահմանվում են նաեւ վարկառուների կողմից հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման հնարավորությունը եւ այն դեպքերը, երբ վաղաժամկետ մարման պարագայում տույժ կամ վարկառուի համար այլ անբարենպաստ հետեւանք չի կարող սահմանվել, վարկատուի կողմից Նախագծով սահմանված հատուկ կարգավորումները չպահպանելու հետեւանքները եւ այլն:

Ընդհանուր առմամբ, Փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը: Սակայն, կցանկանայինք ներկայացնել երկու նկատառում` կապված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ) վարկառուների իրավունքների պաշտպանության մակարդակի էլ ավելի բարձրացման հնարավորության եւ անհրաժեշտության հետ:

1. Նախագծի 13-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանվում է, որ. «Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտավորման պայմանագրի կնքման առաջարկում հստակ նշել, թե արդյոք կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարման համար գանձվելու է տույժ կամ այլ վճար, թե` ոչ եւ կրեդիտառուին առաջարկի ինքնուրույն ընտրել իր համար նախընտրելի տարբերակը: Ընդ որում, եթե կրեդիտի գումարը կամ դրա մի մասը վաղաժամկետ մարելու համար կրեդիտավորման պայմանագրով պետք է սահմանվի տույժ կամ այլ վճար, ապա այդ պայմանագրով տրամադրվող կրեդիտի տոկոսադրույքը պետք է լինի ավելի ցածր` համեմատած այն տոկոսադրույքի, որը կկիրառվեր, եթե վաղաժամկետ մարման համար տույժ կամ այլ վճար սահմանված չլիներ:»: Այս կապակցությամբ խնդիրը կայանում է նրանում, որ ստիպելով կիրառել վարկի  համեմատաբար ցածր տոկոսադրույք` Նախագիծը չի հստակեցնում այն նվազագույն չափը, որով պետք է իջեցվի վարկի տոկսադրույքը: Արդյունքում, կարող է ստեղծվել այնպիսի վիճակ, երբ կրեդիտավորողը տոկոսադրույքի սիմվոլիկ նվազեցման միջոցով կարող է ուղղորդել կրեդիտառուին` ընտրելու կրեդիտի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման համար տույժ կամ այլ վճար գանձելու տարբերակը: Ըստ էության, տվյալ մոտեցումը չի համապատասխանում Նախագծի այն հստակ տրամաբանությանը, ըստ որի հավասարակշվել են կրեդիտավորողի եւ կրեդիտառուի իրավունքներն ու օրինական շահերը, ուստի առաջարկում ենք նշված մասում սահմանել վարկի տոկսադրույքի նվազեցման առավելագույն եւ նվազագույն շեմերը, ինչն էլ, կարծում ենք, նպատակահարմար կլինի կապել Նախագծի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված տույժերի դրույքաչափերի հետ:

2.  Նախագծի 15-րդ հոդվածով սահմանվում է կրեդիտառուի պարտավորությունների կատարման համար երաշխավորություն տված անձի պաշտպանությանն առնչվող դրույթներ, սակայն ոչ միայն տվյալ հոդվածից, այլեւ ամբողջ Նախագծից հստակ չի երեւում, թե ե՞րբ կամ ո՞ր դեպքերում է պարտադիր լինելու երրորդ անձի կողմից երաշխավորության տրամադրումը: Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս շատ բանկեր եւ վարկային կազմակերպություններ, անկախ գրավի առարկայի արժեքից եւ վարկի գումարի չափից ու մարման ժամկետից, բոլոր տեսակի վարկերի տրամադրման համար պահանջում են առնվազն երկու անձի կողմից երաշխավորության տրամադրում` ձգտելով էլ ավելի նվազեցնել վարկի մարման հետ կապված բանկի (վարկային կազմակերպության) ռիսկերը: Այս մոտեցումը եւս, կարծում ենք, համահունչ չէ կրեդիտավորողի եւ կրեդիտառուի իրավունքներն ու օրինական շահերի հավասարակշռման սկզբունքին (որի ամրագրումը, թերեւս, տվյալ Նախագծի ամենամեծ արժանիքն է), առավել եւս, որ հիփոթեքային վարկերի տրամադրան դեպքում, կապված դրա մարման համեմատաբար երկար ժամանակահատվածի հետ, ֆիզիկական անձանց կողմից տրված երաշխավորությունները ոչ միայն վստահելի չեն (քանի որ ոչ մի ֆիզիկական անձի համար, ըստ էության, երկարաժամկետ հատվածում չի կարող երաշխավորված լինել կայուն եւ բարձր եկամուտ), այլեւ վարկի մարման հետ կապված ռիսկերի ի հայտ գալու պարագայում կարող են տուժել ոչ միայն վարկառուները, այլեւ երաշխավորություն տված անձինք: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել եւ սահմանել ֆիզիկական անձանց կողմից երաշխավորության այն դեպքերը, երբ նման երաշխիքների տրամադրումը կլինի կրեդիտավորման պայմանագրի պարտադիր պայման (օրինակ` երբ գրավի առարկայի արժեքն ամբողջությամբ չի ծածկում վարկի եւ տոկոսագումարների հանրագումարը եւ այլն), իսկ մյուս դեպքերում` ֆիզիկական անձանց կողմից երաշխավորությունը պետք է լինի կամավոր` դրա դիմաց որոշակի արտոնություններ ապահովելով կրեդիտառուի համար:        


 

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                              Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   


13.01.2017թ.