ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1137-21.12.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

 ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին: 

2. Սույն օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է`

- սահմանափակել հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրման համար դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաեւ հավաստագրման համար դիմելու այն տնտեսավարող սուբյեկտների իրավունքը, որոնց բաժնետերերից (մասնակիցներից) որեւէ մեկը հանդիսանում է սնանկության ընթացքում գտնվող այլ ընկերության մասնակից, 

- սահմանել հավաստագրի տրամադրման մերժման հիմք չհանդիսացող դեպքերը, որոնց բացակայությունն Օրենքի կիրառման ընթացքում տարբեր մեկնաբանությունների եւ մոտեցումների տեղիք են տվել,

- հավաստագրման հանձնաժողովում ներգրավել նաեւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչին եւ մասնավոր հատվածի եւս մեկ ներկայացուցիչ,

- Օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների ժամկետը սահմանել 5 տարի (գործող օրենքի համաձայն արտոնությունները պետք է գործեն մինչեւ 2020թ. հունվարի 1-ը), ինչպես նաեւ համապատասխան անցումային դրույթ նախատեսել արդեն իսկ հավաստագրված ընկերությունների համար, համաձայն որի` վերջիններիս տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                          Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

20.01.2017թ.