ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (Կ-1162-4.02.2017-ՏՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (Կ-11621-4.02.2017-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը չի համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետի պահանջներին (բացակայում են կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները): 

   2. Ներկայացված Նախագծերի փաթեթի նպատակն է հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում 80% սահմանաչափ կիրառելը` ներկայում` 90%-ի փոխարեն (նպատակ ունենալով հասույթի որոշման հաշվարկային մեթոդը դարձնել այնպիսին, որ մի կողմից՝ կանխարգելի հարկման բազան նվազեցնելու միջոցով ռոյալթիների բազայի արհեստականորեն կրճատումը, եւ մյուս կողմից՝ համապատասխանի մետաղների գների ներկա պայմաններում ձեւավորված իրականությանը)։ Նախատեսվում է նաեւ կառավարությանն իրավասություն վերապահել` խտանյութում մետաղների կազմը սահմանելու եւ մետաղներից յուրաքանչյուրի համար չվճարվող առավելագույն սահմանաչափեր սահմանելու համար եւ այլն:

Նախագծերի փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                                 Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

09.02.2017թ.