ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 
 

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-015-05.06.2017-ԱՍ-011/0), «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0151-05.06.2017-ԱՍ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0152-05.06.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի N 32 հավելվածով նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ: Դրանց համաձայն պաշտոնատար անձինք ազատվում են Միության մարմինների կողմից վճարվող աշխատավարձի եւ այլ վարձատրությունների հարկումից, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիների կենսաթոշակի իրավունքն իրացվում է «Պետական կենսաթոշակների մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքների համաձայն` օրենքներով սահմանված պայմաններին բավարարելու, այդ թվում, համապատասխանաբար, ՀՀ պետական բյուջե եկամտային հարկ կամ սոցիալական վճար վճարած լինելու դեպքերում: Այսինքն, համաձայն Փաթեթի հիմնավորման` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց աշխատավարձը եւ այլ վարձատրություններն ազատված են եկամտային հարկից եւ նույնիսկ Միության բյուջետային միջոցների հաշվին նրանց համար ՀՀ պետական բյուջե եկամտային հարկ վճարվել չի կարող: Ստացվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավորումները բավարար չեն Միության բյուջետային միջոցների հաշվին միջազգային ծառայողների կենսաթոշակային ապահովության գծով պարտադիր մասհանումների կատարումն ապահովելու համար, որի կապակցությամբ առաջարկվում է`

1. Սահմանել կենսաթոշակային վճար, որպես միջազգային ծառայողների` ՀՀ օրենսդրության համաձայն պետական կենսաթոշակային ապահովության մակարդակում կենսաթոշակի իրավունքի իրացման պայման,

2. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախատեսել դրույթներ, որոնք հնարավորություն կտան նաեւ առանց ՀՀ պետական ռեգիստրում գրանցվելու` միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատու ունեցող պաշտոնեական կամ ծառայողական պարտականությունները կատարող` ՀՀ քաղաքացիների համար կատարել սոցիալական վճար:

Նշված խնդիրների լուծման տեսանկյունից Փաթեթում ընդգրկված նախագծերում, մեր կարծիքով, առկա են որոշակի թերություններ, որոնք կայանում են հետեւյալում:

3. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու հետ կապված հարաբերությունները կարգավորող 71-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ըստ որի. «Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում միջազգային կազմակերպություն հանդիսացող գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) վարձու աշխատողների համար այդ միջազգային կազմակերպության կողմից սոցիալական վճարներ կատարելու հարաբերությունների վրա, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:»: Այսինքն, ստացվում է, որ հնարավոր է տեղի ունենա երկու դեպք`

ա) եթե ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարի վճարման պարտավորություն նախատեսված չէ, ապա սույն նախագծով առաջարկվող կարգավորումները նորից բավարար չեն լինի միջազգային կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային հարաբերություները կարգավորելու համար (այսինքն` այն խնդիրը, որը դրվում է սույն Փաթեթի առջեւ, նորից լուծում չի ստանա),

բ) այն դեպքում, երբ ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարի վճարման պարտավորություն նախատեսված կլինի, սակայն այդ կազմակերպությունը չկատարի իր պարտավորությունը, կստացվի, որ ի տարբերություն այլ կազմակերպությունների, որեւէ պատասխանատվության չի կարող ենթարկվել, եւ նորից կխաթարվի միջազգային կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային հարաբերություների հիմքերը:

Ամփոփելով, կարծում ենք, կարելի է փաստել, որ սույն Փաթեթով հետապնդվող նպատակներից մեկի` Միության բյուջետային միջոցների հաշվին միջազգային ծառայողների կենսաթոշակային ապահովության գծով պարտադիր մասհանումների կատարումն ապահովելու համար օրենսդրական հիմքերի ստեղծման խնդրի լուծումը նորից կախված է լինում միջազգային կազմակերպությունների հայեցողությունից եւ խոշոր հաշվով տվյալ խնդիրը նորից վերջնական լուծում չի ստանում (ընդ որում` նույն խնդիրն առկա է նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում):

4. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածով, որպես անցումային դրույթ, սահմանվում է, որ. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կենսաթոշակային վճարը հաշվարկվում եւ վճարվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 10 տոկոսի չափով:», այն դեպքւոմ, երբ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կենսաթոշակային վճար, որպես այդպիսին գոյություն չի էլ ունեցել: Հետեւաբար, այս հոդվածը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությանը, ըստ որի. «Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:», ուստի առաջարկում ենք այն հանել:

5. Նախագծի թիվ 1 հավելվածի 3-րդ մասով սահմանվում է «Կենսաթոշակային վճար» հասկացությունը, որը, սակայն, իր տնտեսագիտական բովանդակությամբ եւ ՀՀ հարկային օրենսգրքի սկզբունքներին համապատասխան իրենից ոչ թե վճար, այլ նոր հարկատեսակ է ներկայացնում: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի (որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից) 6-րդ հոդվածի 2-րդ մասի. «Հայաստանի Հանրապետությունում չեն կարող սահմանվել այնպիսի հարկեր, որոնք նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով:», իսկ նշված կետերով էլ կենսաթոշակային վճար սահմանված չէ: Եթե համարենք, որ ֆորմալ առումով այս վճարը հարկատեսակ չէ, ապա ՀՀ հարկային օրենսգրքի` վճարների տեսակները սահմանող 7-րդ հոդվածում եւս բացակայում է տվյալ վճարի տեսակը, ընդ որում` այդ հոդվածը նույնպես սահմանում է վճարների սպառիչ ցանկ: Այս իմաստով հարկ է նշել, որ կենսաթոշակային վճարի սահմանումը եւ ներմուծումն առնվազն համահունչ չէ ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ եւ 7-րդ հոդվածներին եւ օրենսգրքով ամրագրված` հարկերի եւ վճարների սահմանման սկզբունքներին:

6. Նախագծի թիվ 1 հավելվածի 6-րդ մասով սահմանվում է, որ. «Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ 23 տոկոս դրույքաչափով:», որի հետ կապված երկու հարց  է առաջանում`

ա) ինչու՞ է տվյալ դրույքաչափը համապատասխանեցվում եկամտային հարկի նվազագույն դրույքաչափի հետ, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ միջազգային կազմակերպություններում քաղաքացիները համեմատաբար ավելի բարձր են վարձատրվում, քան ամսական 150 հազ.դրամը (ուստի առաջարկում ենք սահմանել գոնե 28 տոկոսի չափով` այս կատեգորիայի աշխատողներին ներառելով եկատային հարկի իմաստով միջին դրույքաչափով հարկվողների շրջանակ),

բ) միջազգային կազմակերպությունները, որոնք միջազգային պայմանագրերին համապատասխան ստանձնում են համապատասխան պարտավորություններ եւ կատարում են կենսաթոշակային վճարներ, իրենք են որոշում այդ վճարների դրույքաչափերը, ուստի եթե ՀՀ օրենքներով գործնականում հնարավոր չէ այդ կազմակերպություններին լիարժեք պարտադրել կատարելու կենսաթոշակային կամ սոցիալական վճարներ, ապա ինչպե՞ս պետք է պարտադրվի 23 տոկոս դրույքաչափով կենսաթոշակային վճարի կատարումը: Այս կապակցությամբ, կարծում ենք, նպատակահարմար չէ կենսաթոշակային վճարի մեկ միասնական դրույքաչափի ամրագրումը (չի կարելի բացառել նաեւ, որ միջազգային կազմակերպությունը ցանկանա ավելի մեծ դրույքաչափով կենսաթոշակային վճար փոխանցել, որի դեպքում այս դրույթն անհարկի խոչնդոտ կհանդիսանա), ուստի առաջարկում ենք տվյալ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կենսաթոշակային վճարը հաշվարկվում է կենսաթոշակային վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ առնվազն 28 տոկոս դրույքաչափով, եթե միջազգային պայմանագրերով այլ դրույքաչափ սահմանված չէ:»:

7. Նախագծի թիվ 1 հավելվածի 8-րդ մասով սահմանվում է, որ. «Կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում այն արժույթով, որով վճարվում է միջազգային կազմակերպությունում աշխատողի աշխատավարձը:», այն դեպքում, երբ կուտակային կենսաթոշակի իմաստով նմանատիպ երեւույթն այլ կարգավորում է ստացել, մասնավորապես` Փաթեթում ընդգրկված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող լրացման մեջ սահմանվում է, որ. «Օտարերկրյա արժույթով կատարված սոցիալական վճարների փոխանցումների գումարները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից:»: Կարծում ենք, ավելի նպատակահարմար կլինի այս երկու վճարների համար կիրառել մեկ միասնական մոտեցում: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի   
տնտեսագիտական վարչության պետ`                                            Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

12.06.2017թ.