ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ճարտարապետական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-21-16.06.2017-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-211-16.06.2017-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-212-16.06.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված ««Ճարտարապետական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանվում է «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի»՝ որպես հասարակական միավորման առանձին տեսակի կազմակերպական-իրավական ձեւը եւ դրա գործունեության ընդհանուր հիմունքներն ու առանձնահատկությունները, առաջարկվում է հստակեցնել ճարտարապետական մասնագիտական գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես` ՀՀ կառավարության դասակարգմամբ` բարձր եւ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտներին առնչվող` ճարտարապետական գործունեության արտոնագրման, մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնների, ինչպես նաեւ ճարտարապետի մասնագիտական իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հարցերը եւ այլն: Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

3. Փաթեթում ընդգրկված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

3.1 Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Պալատի անդամ են Հայաստանի Հանրապետության բոլոր արտոնագրված ճարտարապետները:», իսկ «արտոնագրված ճարտարապետ» հասկացությունը (տես 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը) սահմանվում է հետեւյալ կերպ. «ֆիզիկական անձ, որն ստացել է ճարտարապետական բարձրագույն կրթություն եւ սույն օրենքով սահմանված արտոնագիր, որն իրավունք է տալիս նրան ինքնուրույն իրականացնելու ճարտարապետական մասնագիտական գործունեություն:»: Այսինքն, ստացվում է, որ ճարտարապետի արտոնագիր ստանալու համար անձն անպայման պետք է անդամակցի ճարտարապետների պալատին, այլապես չի ստանա ինքնուրույն աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք (գործող օրենսդրության համաձայն ինքնուրույն աշխատանքային գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է միայն ստանալ համապատասխան լիցենզիա): Բացի այդ, Նախագծի նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետությունում գործում է ճարտարապետների մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն», ինչը ճարտարապետական ծառայությունների մրցակցային շուկայում ուղղակիորեն մենաշնորհ դիրքի ամրագրման ինստիտուտ է իրենից ներկայացնում (առավել եւս, որ այս հոդվածի 2-րդ մասով էլ սահմանվում է, որ. «Պալատի անդամ են Հայաստանի Հանրապետության բոլոր արտոնագրված ճարտարապետները»): Ընդ որում, այս մոտեցումը, որն ընդունելի չի կարող համարվել, զուգակցվում է նաեւ Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվող այն դրույթի հետ, ըստ որի. «Պալատի անդամների ոչ պետական գրանցամատյանների (այսուհետ` գրանցամատյաններ) ստեղծման հիմնական նպատակն է` ... մրցակցության համար օբյեկտիվ պայմանների ստեղծումը:»:  

Նույն հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատը «կազմում եւ վարում է ճարտարապետների եւ նախագծային կազմակերպությունների մասնագիտական վարկանիշային ցուցակները»: Կարծում ենք, նման ձեւակերպումը որոշակի հստակեցման կարիք ունի եւ Նախագծով պետք է սահմանվեին նաեւ նշված վարկանիշային ցուցակների կազմման սկզբունքները եւ գնահատման հիմնական չափորոշիչները: Դրանց բացակայության դեպքում, ըստ էության, աճում է սուբյեկտիվ եւ հայեցողական որոշումների կայացման հնարավորությունը: 

3.2 Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանվում է, որ. «Ընդհանուր ժողովը սահմանում է պալատի անդամավճարի չափը տարեկան եկամտի 0.1%-ի չափով», սակայն ներկայացված ձեւակերպումից պարզ չի դառնում, թե ու՞մ եկամտի մասին է խոսքը (թեեւ ենթադրելի է, որ խոսքը գնում է Պալատի անդամ հանդիսացող եւ ինքնուրույն գործունեություն իրականացնող ճարտարապետների մասին): Սակայն, խնդիրը սրանով չի սահմանափակվում, քանի որ անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաեւ, թե ո՞րն է տվյալ օրենքի իմաստով համարվում եկամուտ, որոնք են այդ եկամտի տարրերը (օրինակ` հարկերը մտնու՞մ են դրա մեջ, թե՞ ոչ), որն է տարեկան եկամտի 0.1%-ի հաշվարկման եւ գանձման մեխանիզմը (օրինակ` գործունեության տարեկան արդյունքների ամփոփման հիման վրա կատարվող վճարու՞մն է, կանխավճարների՞ գանձումն է, յուրաքանչյուր պայմանագրի արժեքից հաշվարկվող վճարու՞մն է, թե՞ որեւէ այլ մեխանիզմ է իրենից ենթադրում):

3.3. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է, որ. «Պալատի անդամների ոչ պետական գրանցամատյանների (այսուհետ` գրանցամատյաններ) ստեղծման հիմնական նպատակն է` ներդրողներին ճարտարապետական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ մատչելի ու հավաստի տեղեկատվության տրամադրումը, մրցակցության համար օբյեկտիվ պայմանների ստեղծումը»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

գ      12-րդ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «ոչ պետական» բառերը, քանի որ Նախագծի ամբողջ տեքստում, ինչպես նաեւ 12-րդ հոդվածի վերնագրում եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում օգտագործվում է «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գրանցամատյան» արտահայտությունը,

գ      Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գրանցամատյանը սահմանվում է որպես «տվյալների շտեմարան, որը պարունակում է սույն օրենքով նախատեսված տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատին անդամագրված անձանց վերաբերյալ»: Սակայն, Նախագծում բացակայում է այն տեղեկությունների ցանկը, որը պետք է պարունակի նշված գրանցամատյանը: Մյուս կողմից` Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Գրանցամատյանների վարման կարգը, դրանցում ընդգրկվող տեղեկատվության բնույթն ու ձեւաչափը մշակում եւ հաստատում է Պալատի խորհուրդը, նախապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ծանուցելով անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին:», ինչը, կարծում ենք, այլ բան է, քան համապատասխան տեղեկատվության ցանկը:

3.4 Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում սահմանվում է, որ ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս իրավունք ունի դասավանդել ուսումնական հաստատություններում, կատարել տեսական, գիտական  հետազոտական աշխատանքներ, զբաղեցնել հանրային ծառայության պաշտոններ, իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն: Կարծում ենք, այս դրույթն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին կամ ընդհանրապես հանել այն` համապատասխան հարցերի իրավակարգավորումը թողնելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին:

3.5 Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «ճարտարապետական մասնագիտական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն ֆիզիկական անձը, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին, ունի Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված «Ճարտարապետություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան եւ ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձ եւ սահմանված կարգով հանձնել է որակավորման քննություն:» Ընդհանուր առմամբ, ՀՀ աշխատանքային օրենսգրքով եւ աշխատանքային հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով որպես այդպիսի պահանջ սահմանվում է աշխատանքային ստաժը:  Այս առումով, անորոշ է մնում «աշխատանքային փորձի» հաշվարկման եղանակը: Ընդ որում, այստեղ խոսքը գնում է ոչ թե մասնագիտական, այլ ընդհանրապես աշխատանքային փորձի մասին, ինչն ուղղակի անտրամաբանանական է: Ավելին, նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել աշխատանքային փորձի պակասը, հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձին: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը: «Աշխատանքային փորձ» հասկացությունը խիստ մեկնաբանելի է եւ ընդհանրական, իսկ ճարտարապետական գործունեության առումով բավականաչափ անորոշ: Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից բխում է, որ աշխատանքային փորձը (ենթադրվում է որ խոսքը ճարտարապետական գործունեության ոլորտում աշխատանքային փորձի մասին է) լրացնում է կրթությունը (այս դեպքում մասնագիտական պատրաստվածությունը) եւ, այս տեսանկյունից, մասնագիտական փորձը դիտարկվում է որպես գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների համալրման միջոց: Սակայն, հաշվի առնելով ճարտարապետական գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաեւ Նախագծում «աշխատանքային փորձ» հասկացության հստակ սահմանման բացակայությունը, կարող ենք ասել, որ այս դեպքում դա միշտ չէ, որ տեղի ունի: Օրինակ, եթե համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական անձը նախորդ 5 տարիների ընթացքում իրականացրել է ընդամենը մեկ պատվեր, ապա արդյո՞ք դա կարելի է համարել նրա մասնագիտական կարողությունների ցուցիչ: Հետեւաբար, կարծում ենք, պետք է հստակ սահմանել աշխատանքային փորձի հաշարկման եղանակը, դրանում ներառվող անհրաժեշտ տարրերը եւ պարտադիր մյուս պահանջները: Ի դեպ, նույն խնդիրն առկա է նաեւ 16-րդ հոդվածում` ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման հետ կապված, որտեղ, չնայած այն հանգամանքին, որ օգտագործվում է «մասնագիտական աշխատանքային փորձ» հասկացությունը, այդուհանդերձ, անորոշ է մնում «փորձի» հետ կապված խնդիրը:

Այս հոդվածի հետ կապված եւս մեկ խնդիր է ի հայտ գալիս: Ստացվում է, որ ճարտարապետական կրթություն ստացած շրջանավարտները, չունենալով սահմանված չափի աշխատանքային փորձ եւ դրա ձեռք բերման որեւէ հնարավորություն (քանի որ չունեն արտոնագիր եւ չեն կարող ինքնուրույն գործունեություն իրականացնել) եւ իրենց մասնագիտությամբ չեն աշխատել որեւէ կազմակերպությունում, ստիպված են լինելու այդ բացը լրացնել Պալատի կողմից կազմակերպվող տարեկան դասընթացներին մասնակցելու միջոցով` առանց պրակտիկ գործունեություն ծավալելու: Այսինքն, ֆիզիկական անձն, առանց որեւէ աշխատանքային պրակտիկ փորձի,  3 կամ 5 տարի նորից դասընթացների հաճախելով կարող է ստանալ արտոնագիր: Հետեւաբար, Պալատի կողմից կազմակերպվող դասընթացները պետք է էականորեն տարբերվեն պետական եւ մասնավոր ԲՈՒՀ-երում կազմակերպվող դասընթացներից (ինչը դժվար է պատկերացնել), այլապես գործ կունենանք կրկնուսուցման հետ:

3.6 Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Պալատի վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը կամավոր է, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի:»: Մինչդեռ, համաձայն 14-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի. «Ճարտարապետը մասնագիտական գործունեություն իրականացնելիս պարտավոր է ... մշտապես կատարելագործել իր մասնագիտական հմտությունները, սույն օրենքով սահմանված կարգով մասնակցել Պալատի կողմից կազմակերպվող անընդհատ ուսուցման եւ վերապատրաստման դասընթացներին»: Կարծում ենք, մի կողմից նշված հոդվածների միջեւ գոյություն ունի որոշակի հակասություն, իսկ մյուս կողմից` Նախագիծը վերապատրաստման գործընթացի արդյունքները ստուգելու որեւէ մեխանիզմ չի պարունակում (հիշատակվում է միայն որակավորման քննության մասին` առանց մանրամասնելու դրա կարգը), ինչն էլ որոշակի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

3.7 Նախագծի 21-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Ճարտարապետների եւ ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրման վճարի եւ օտարերկրյա եւ քաղաքացիություն չունեցող անձանց մասնագիտական գործունեության հավատարմագրման վճարի չափը սահմանվում է բազային տուրքի քառասնապատիկի չափով»: Այս կապակցությամբ, կարծում ենք, նպատակահարմար կլիներ ուղղակիորեն ամրագրել, որ նշված վճարները մուտքագրվում են Պալատի տարեկան բյուջե: Միաժամանակ, 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Հավատարմագրման համար օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նշված դեպքերի) գանձվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված համապատասխան չափի վճար:» Այս կապակցությամբ առաջարկում ենք 20-րդ հոդվածի 6-րդ մասում «Պալատի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «21-րդ հոդվածով» բառերով, քանի որ նշված հոդվածով այդ չափը սահմանված է:

3.8 Նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ «Հայաստանի ճարտարապետների միավորում» հասարակական կազմակերպության անդամները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ճարտարապետական  մասնագիտական գործունեություն իրականացրած եւ սույն օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին բավարարող ֆիզիկական անձինք սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարող են ստանալ Պալատի արտոնագրեր` առանց որակավորման քննություն հանձնելու, ներկայացնելով ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելու փաստը հաստատող համապատասխան փաստաթղթեր:» Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ 16-րդ հոդվածը վերաբերում է ճարտարագետ-կոնստրուկտորների արտոնագրմանը եւ, մեր կարծիքով, այս դեպքում պետք է հղում տրվի 15-րդ հոդվածին: Ինչ վերաբերում է տվյալ հոդվածի բովանդակային կողմին, ապա, մեր կարծիքով, բերված ձեւակերպումից ստացվում է, որ արդեն իսկ գործունեություն իրականացնող ճարտարապետներն առանց որակավորման քննություն հանձնելու (որն, ի դեպ, համաձայն Նախագծի գաղափարախոսության, ճարտարապետական գործունեությամբ զբաղվելու հավակնություններ ունեցող անձի մասնագիտական կարողությունների ստուգման միակ եղանակն է), կարող են շարոնակել իրենց գործունեությունը: Կարծում ենք, նման հնարավորության ընձեռումը մրցակցության ապահովման (ինչի մասին, ի դեպ, նշվում է Նախագծում) լավագույն եղանակը չէ: Առավել եւս, եթե որակավորման քննությունների նպատակը մասնագիտական կարողությունների ստուգումն է, ապա չի բացառվում, որ արդեն իսկ գործող ճարտարապետների շրջանում կարող են լինել այնպիսինները, որոնց մասնագիտական կարողությունների ստուգումն ուղղակի անհրաժեշտ լինի (օրինակ` այն անձանց, որոնք վերջին մի քանի տարիներին ընդհանրապես ճարտարապետական որեւէ գործունեությամբ չեն զբաղվել): Բացի այդ, նման արտոնության տրամադրման արդյունքում անորոշ է մնում այն հարցը, թե առանց որակավորման քննություններ հանձնելու ի՞նչ կարգի (դասի) արտոնագիր են ձեռք բերելու նշված անձինք, քանի որ 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ. «Մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում Պալատի խորհրդի կողմից սահմանված որակավորման սանդղակի պահանջներով ու ծրագրերով: Որակավորման սանդղակով սահմանվում են ճարտարապետի արտոնագրի կարգեր (դասեր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան:»:

4. Փաթեթում ընդգրկված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

4.1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետով որպես լիցենզավորման ենթակա գործունեություն է սահմանված «Քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը եւ փորձաքննությունը (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)»: Նախագծով առաջարկվում է տրոհել այս կետը երկու մասի եւ որպես լիցենզավորման ենթակա գործունեություն սահմանել. «1. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը (բացառությամբ? կոնստրուկտորական մասի, ինչպես նաեւ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)» եւ «2. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը (բացառությամբ? շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)», ընդ որում` գործող տարեկան 40.000 դրամ պետական տուրքի փոխարեն, առաջարկվում է սահմանել երկու տեսակի լիցենզիա` յուրաքանչյուրը տարեկան 40.000 դրամ պետական տուրքով, գումարած եւս 40.000 դրամ վճարի դիմաց տրվող արտոնագիրը (ընդ որում` այս մասով անհրաժեշտ է հստակեցնել, արտոնագրի համար գանձվող վճարը միանվա՞գ բնույթ ունի, թե՞ տարեկան վճար է իրենից ներկայացնում): Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում, համաձայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, լիցենզավորման նպատակներն են սպառողների իրավունքների պաշտպանությունը, զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը նպաստելը, ապրանքների եւ ծառայությունների որակի բարձրացումը,  անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության եւ հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը,  միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը»: Նշված նպատակների ձեռք բերման համար, պայմանավորված գործունեության տեսակի առանձահատկություններով եւ նշանակությամբ, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պահանջներ»: Ըստ էության, գրեթե նման նպատակի է միտված ներկայացված Փաթեթը, որում ընդգրկված «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդհանուր դրույթներով սահմանվում է. «Ճարտարապետական ստեղծագործությունը, շինությունների հարմարավետությունը, հուսալիությունն ու որակը, նրանց ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ, բնական կամ քաղաքային միջավայրի եւ պատմական ժառանգության հետ հաշվի նստելը հանրային նշանակություն ունեն: Սույն օրենքի նպատակն է, որպեսզի վերը նշված գործառույթներն ստանձնելիս ճարտարապետն օժտված լինի բավարար փորձառությամբ, մասնագիտական հմտությամբ եւ կրի համաչափ պատասխանատվություն:» Ըստ էության, նշված խնդիրների լուծմանն էլ ուղղված է Նախագծով նախատեսվող ճարտարապետների արտոնագրման ինստիտուտի ներդրումը: Կարծում ենք, այս առումով որոշակի անհամապատասխանություններ են առաջանում ներկայացված Փաթեթի եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի միջեւ: Մասնավորապես, եթե ճարտարապետական գործունեությունը մասնագիտական որոշակի գիտելիքներ պահանջող գործունեություն է, ապա անհրաժեշտ է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով դա ամրագրել` համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ ճարտարապետական գործունեության համար լիցենզիաների տրամադրման գործընթացում: Հակառակ դեպքում, ստացվում է այնպես, որ ներկայացված Փաթեթով ճարտարապետական գործունեությունը դիտարկվում է որպես մասնագիտական գիտելիքներ պահանջող գործունեություն, եւ որի համար ներդրվում է պարտադիր արտոնագրման ինստիտուտը, մինչդեռ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով դա ընդամենը լիցենզավորման ենթակա գործունեություն է սահմանվում` առանց մասնագիտական որակավորման պահանջի: Ընդ որում, Փաթեթի ընդունման պարագայում կստացվի այնպես, որ ճարտարապետական գործունեությամբ զբաղվելու համար պետք է եւ լիցենզիա, եւ արտոնագիր ձեռք բերել` դրանցից յուրաքանչյուրի համար կատարելով համապատասխան վճարումներ: Կարծում ենք, նշված հակասությունը կարելի լուծել արտոնագրված ճարտարապետների համար լիցենզավորման պահանջը հանելու միջոցով, առավել եւս, որ առանց նշված արտոնագրի լիցենզիաները գործունեության իրավունք չեն տալիս:

4.2 Ճարտարապետների արտոնագրման ինստիտուտի ներդրումը, կարծում ենք, պահանջում է հստակեցնել նաեւ ինքնուրույն ճարտարապետական գործունեություն (տվյալ պարագայում` բիզնես գործունեություն) ծավալող ճարտարապետների կարգավիճակը` որպես հարկատուի: Մասնավորապես, եթե գործող օրենսդրությամբ մասնավոր ճարտարապետական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, համապատասխան լիցենզիա ստանալուն համար, ստիպված է լինում ստեղծել իրավաբանական անձ կամ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր (այլապես չի կարող լիցենզիա ստանալ), եւ հարկային հարաբերությունների իմաստով որեւէ խնդիր չի առաջանում, ապա առաջարկվող տարբերակի դեպքում արտոնագիրը տրվում է ֆիզիկական անձին եւ անհայտ է մնում, թե ի՞նչ հարկեր պետք է վճարի ճարտարապետը եւ ի՞նչ կարգավիճակ պետք է նա ունենա: Ընդ որում, տվյալ հարցի հստակեցումը պահանջում է նաեւ համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել հարկային համապատասխան օրենքներում (եթե այս փաթեթն ուժի մեջ է մտնելու ընթացիկ տարում) եւ ՀՀ Հարկային օրենսգրքում:    

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                            Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                  Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ    
 

04.07.2017թ.