ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-32-23.06.2017-ՏՀ-011/0) եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-321-23.06.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթի ընդունման նպատակը, ըստ նախագծերի հեղինակի, կայանում է ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսավարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացման համար լրացուցիչ խթանների ստեղծման մեջ, որի համար, ի թիվս այլ քայլերի, առաջարկվում է նաեւ սահմանել, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների (բացառությամբ կենցաղային նշանակություն ունեցող) եւ հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Նախագծի հիմնավորման մեջ խնդիրը մեկնաբանվում է այն տրամաբանությամբ, որ թեեւ գործող օրենսդրությամբ եւ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված են ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների (մեքենաներ, սարքավորումներ, հումքային ապրանքներ եւ այլն) ներմուծման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորություններ, այդուհանդերձ, մեր երկրի ներդրումային գրավչության ու տնտեսավարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացման խնդրի լուծումը պահանջում է, որպեսզի տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվեն լրացուցիչ տնտեսական խթաններ: Մասնավորապես, խնդիրը կայանում է նրանում, որ շատ ներդրումային նախագծերի կենսացիկլը ընդգրկում է ավելի երկար ժամանակաշրջան, քան գործող օրենսդրությամբ սահմանված՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման ժամանակաշրջանն է: Արդյունքում շատ հաճախ հետաձգված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը լրանում է այն ժամանակ, երբ տնտեսավարող սուբյեկտը դեռեւս հնարավորություն չի ունեցել թողարկել արտադրանք, կուտակել բավարար շրջանառու միջոցներ հետաձգված հարկային պարտավորությունները մարելու համար:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի վերաշարադրանքը, ըստ էության, ոչ թե երկարացնում է ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման` ներկայումս սահմանված ժամանակաշրջանը (գործող օրենսդրությամբ, կախված ներմուծվող ներդրումային ապրանքների արժեքից, սահմանված է 1 տարով, 2 տարով եւ 3 տարով հարկի վճարման ժամկետի հետաձգման հնարավորություն), այլ առաջարկվում է նշված բոլոր ապրանքների համար, անկախ ներմուծվող ներդրումային ապրանքների արժեքից, սահմանել ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու հնարավորություն: Այսինքն, այն խնդիրը, որի հիմնավորմամբ ներկայացվել է սույն Փաթեթը, չի վերանում եւ դարձյալ կարող են լինել իրավիճակներ, երբ շատ ներդրումային նախագծերի կենսացիկլը կընդգրկի ավելի երկար ժամանակաշրջան, քան գործող եւ առաջարկվող` 3 տարին է:
Միաժամանակ, Փաթեթի կազմում ընդգրկված` «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված՝ ԱՏԳ ԱԱ 9406 00 310 0 ծածկագրին դասվող ապրանքների (ջերմոցների) համար 2014 թվականին հետաձգված եւ չվճարված (մասնակի վճարված) ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաեւ այդ գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի վճարման պարտավորությունից,
2) սույն հոդվածն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում այն ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկից, որոնց ներմուծումը սույն օրենքի 1-ին հոդվածով ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Այս լրացումն արդեն իսկ իրենից հարկային համաներում է ներկայացնում, որի հիմնավորումները ներկայացված չեն, ուստի օրենսդրի համար դժվար կլինի գնահատել տվյալ մոտեցման անհրաժեշտությունն ու հիմնավորվածությունը, քանի որ սկզբունքորեն նման երեւույթն ունի երկու իրարամերժ ուղղվածություն, այն է` ներդրումների համար հարկային բարենպաստ դաշտի ստեղծումը շարունակական եւ դրական բնույթ ունի, իսկ հարկային համաներումները` անցանկալի նախադեպերի ստեղծման, տնտեսվարողների միջեւ անհավասար պայմանների եւ բյուջետային կորուստների առաջացման իրական ռիսկեր են պարունակում:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
28.06.2017թ