ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-47-3.07.2017-ՏՀ-011/0) եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-471-3.07.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ներկայացման նպատակը, ըստ նախագծերի հեղինակի, հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու եւ (կամ) վերադարձնելու հնարավորության ընձեռումն է, որի հետ կապված երկու խնդիր է առաջանում.

ա) ըստ նախագծերի 2-րդ հոդվածների` այս օրենքներն. «...ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից...», այսինքն` այդ ժամկետն արդեն իսկ անցել է,

բ) եթե նույնիսկ համարենք, որ 2017թ. սեպտեմբեր ամսին այս նախագծերն ընդունվեն եւ դրանց հետադարձ ուժ տրվի (ինչպես նախատեսվում է նույն` 2-րդ հոդվածներով), ապա այս փոփոխությունները կգործեն լավագույն դեպքում 6 ամիս, քանի որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ Հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածով հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այլ` հարկային միասնական հաշվի  կիրառման մեխանիզմով:

Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել տվյալ նախագծերի ընդունման նպատակահարմարության, իսկ առաջադրված խնդրի` ՀՀ Հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածով լուծման անբավարարության դեպքում` ոչ թե 6 ամիս հետո ուժը կորցնող օրենքներում, այլ հենց Հարկային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության
 
բաժնի վարիչ`                                       Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

12.07.2017թ.