ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-49-3.07.2017-ՏՏԳԲ-011/0), «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-491-3.07.2017-ՏՏԳԲ-011/0) եւ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-492-3.07.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթի ընդունման հիմնական նպատակն է օրենքով ամրագրել միայն սպանդանոցներում մորթ իրականացնելու պահանջ եւ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերքներ կամ կենդանական ծագման հումք վերամշակելու (մշակելու), իրացնելու, մատակարարելու կամ ներմուծելու դեպքում` սահմանել վարչական պատասխանատվություն, ինչը, ըստ փաթեթի հեղինակի, կնպաստի ՀՀ կառավարության ծրագրով սահմանված` սպանդանոցային մորթի անցնելու պահանջի իրագործմանը, որն էլ հնարավորություն կստեղծի լիազոր մարմնի համար ամբողջական եւ լիարժեք վերահսկողություն իրականացնել սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության բնագավառում:
Դրա հետ մեկ տեղ տեղեկատվության կարգով հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով ներկայումս հանրապետության տարածքում առկա 12 ապանդանոցներից գործում են միայն 5-ը` Վանաձորում, Արարատում, Կոտայքում, Լոռիում եւ Սյունիքում: Մյուս կողմից` սահմանված գործընթացն ապահովելու են 545 անասնաբույժներ (2016թ. 600-ի փոխարեն), որոնցից շատերը սպասարկելու են երկուսից կամ երեքից ոչ պակաս համայնքներ: Նշված անասնաբույժների եւ գործող սպանադոցների թվաքանակը, ըստ մեզ, լիարժեք հնարավորություն չի ընձեռում պատշաճ իրականացնել նախանշված խնդիրները, ուստի, կարծում ենք, որ Փաթեթում նշված օրենսդրական պահանջների կատարման նպատակով անհրաժեշտ է ստեղծել որոշակի նյութատեխնիկական եւ կազմակերպական բազա:
ՀՀ ԱԺ աշխատակազմի
Տնտեսագիտական վարչության
տնտեսական փորձաքննության
առաջատար մասնագետ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
20.07.2017թ.