ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-75-17.07.2017-ՏՀ-011/0), «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-751-17.07.2017-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-752-17.07.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթն ուղղված է պետական մարմինների կողմից լիցենզիաների տրամադրման ոլորտում վարչարարության նվազեցման նպատակով պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծման ու վարման հետ կապված հարաբերությունների կարգավորմանը: Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
2.1 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ. «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած վճարի եւ պետական տուրքի դիմաց այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկությունները կարող են տրամադրվել առցանց»: Նմանատիպ դրույթ է ամրագրված նաեւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում, ըստ որի. «Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած վճարի եւ պետական տուրքի դիմաց էլեկտրոնային գրանցամատյանում պահվող այլ անձանց վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել առցանց»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ինչպես «Լիցենզավորման մասին», այնպես էլ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճար» հասկացության վերաբերյալ դրույթները բացակայում են: Խնդիրը կայանում է նրանում, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ սահմանված է լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար պետական տուրքի գանձման պահանջ, որի չափը չափը չի կարող գերազանցել դրա տրամադրման համար իրականացվելիք ծախսերի չափը: Այս պարագայում հարց է առաջանում, թե ինչու՞ միեւնույն պետական ծառայության դիմաց պետք է գանձվի եւ պետական տուրք, եւ վճար: Այս կապակցությամբ, առաջարկում ենք քննարկել նշված վճարների սահմանման անհրաժեշտության հարցը:
Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
25.07.2017թ.