ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-121-30.08.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 


 
 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Վ. Էնֆիաջյանի, Հ. Մադաթյանի, Գ. Պետրոսյանի, Վ. Բոստանջյանի եւ Շ. Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման ժամկետ սահմանել «մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրվան հաջորդող 90-րդ օրը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ»: Այլ կերպ ասած, Նախագծով առաջարկվում է հրաժարվել ավելացված արժեքի հարկը սահմանի վրա գանձելուց: Անշուշտ, ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի գանձման գործող մեխանիզմը (սահմանի վրա գանձումը), չնայած վարչարակական տեսանկյունից առավել հեշտ է, միաժամանակ, տնտեսագիտական առումով, ինչպես նաեւ տնտեսական գործունեության կազմակերպման եւ իրականացման տեսանկյունից բավականաչափ խոցելի է, եւ որոշակի բարեփոխումների կարիք ունի: Միաժամանակ, Նախագծով առաջարկվող լուծումը, չնայած հետապնդվող խնդրի լուծման կարեւորությանը, կարող է առաջ բերել որոշակի խնդիրներ, որոնք պետք է, մեր կարծիքով, հաշվի առնել: Մասնավորապես.

- Նախագծի ընդունման պարագայում բյուջետային եկամուտների հավաքագրման առումով կառաջանան որոշակի խնդիրներ, հատկապես` եթե հաշվի առնենք այն փաստը, որ ավելացված արժեքի հարկը կազմում է ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների զգալի մասը: Մասնավորապես, 2016 թվականին ավելացված արժեքից մուտքերը ապահովել են հարկային եկամուտների 36.2%-ը եւ կազմել շուրջ 391.1 մլրդ. դրամ: Նշված գումարից 168.2 մլրդ. դրամը կամ 43 տոկոսը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 222.9 մլրդ. դրամը կամ 57 տոկոսը? ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Հետեւաբար, հաշվի առնելով սահմանին ԱԱՀ-ի գանձումից ստացվող գումարների ծավալը, կարծում ենք, Նախագծի ընդունման դեպքում որոշակի խնդիրներ կծագեն` կապված բյուջետային եկամուտների հնարավոր ճեղքվածքի (թեկուզեւ ժամանակավոր) առաջացման հետ:

- ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող? ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի արտադրական նշականության սարքավորումների եւ միջոցների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Իսկ նույն փաթեթի կազմում ընդգրկված` «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի համաձայն. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով»: Հետեւաբար, Նախագծով առաջարկվող մոտեցումը հիմնականում կտարածվի սպառողական նշանակություն ունեցող ապրանքների ներմուծման վրա, որոնք տնտեսական գործունեության կազմակերպման ու իրականացման առումով չունեն առաջնային նշանակություն:

- Նախագծով առաջարկվում է ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարները վճարել 90-րդ օրը ներառյալ (առավել տրամաբանական կլիներ «մինչեւ 90-րդ օրը ներառյալ» ձեւակերպումը), ինչը, մեր կարծիքով, հարկ վճարողների տարբեր խմբերի միջեւ կստեղծի  անհավասարություն: Օրինակ, եթե ԱԱՀ վճարող հանդիսացող ներքին արտադրողները պարտավոր են ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե վճարել մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ,  ապա ներմուծողների համար հարկի գումարի վճարման վերջնաժամկետն ավելի երկար կստացվի: Այս տեսանկյունից, առաջարկվող մոտեցմամբ ներմուծողների հանդեպ կցուցաբերվի առավել արտոնյալ մոտեցում, ինչը, կարծում ենք, արդարացված չէ:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                            Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 

13.09.2017թ.