ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-125-05.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի եւ Վ. Էնֆիաջյանի կողմից ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

Նախագծով առաջարկվում է տարբերակում մտցնել երկու կամ երեք տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքային շուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու չափանիշի հետ կապված` այն իմաստով, որ շուկայական իշխանություն չունեցող տնտեսվարողները (ըստ Նախագծի` տվյալ ապրանքային շուկայի մինչեւ 5 տոկոսը զբաղեցնողները) չհամարվեն գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ, եթե մյուս տնտեսվարողների հետ միասին  գրավում են տվյալ ապրանքային շուկայի մեկ երրորդը (2 սուբյեկտների դեպքում) կամ երկու երրորդը (3 սուբյեկտների դեպքում): Մեր կարծիքով, տվյալ մոտեցումը հիմնավորված է եւ ընդունվելու դեպքում կարող է նպաստել շուկայական փոքր իշխանություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների օրինական շահերի պաշտպանությանը, սակայն ներկայացված Նախագիծը փոքր ինչ թերի է, որ հետ կապված էլ կցանկանայինք ներկայացնել երկու նկատառում:

2. «Իրավական ակետրի մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից անհրաժեշտ է Նախագծի վերնագրում «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով (քանի որ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել երկու տարբեր մասեր), իսկ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի սկզբում «կետը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «մասը» բառերով:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը, բավանդակային իմաստով, կարծում ենք, թերի է մնացել, այն իմաստով, որ առաջարկվող խմբագրությամբ դրույթը ճիշտ է միայն այն դեպքում, երբ տվյալ տնտեսվարող սուբյեկտները չեն հանդիսանում անձանց խումբ: Իսկ այն դեպքում, երբ անձանց խումբ հանդիսացող երկու կամ երեք տնտեսվարողներ միասին գերխող դիրք են զբաղեցնում որեւէ ապրանքային շուկայում, ապա առաջարկվող մոտեցման կիրառումը ոչ միայն արդարացված չէ, այլեւ հնարավորություն կստեղծի նման խմբի համար նվազեցնել, իսկ որոշ դեպքերում էլ ընդհանրապես խուսափել գերիշխող դիրքի չարաշահման համար նախատեսված պատասխանատվությունից:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության վերջում ավելացնել «, իսկ այդ տնտեսվարող սուբյեկտը (սուբյեկտները) տվյալ շուկայի մեկ քսաներորդը գերազանցող տնտեսվարող սուբյեկտի (սուբյեկտների) հետ չեն կազմում անձանց խումբ:» նախադասությունը:    


 


ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

11.09.2017թ.