ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-133-23.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Է. Մարուքյանի, Ա. Միրզոյանի, Ն. Փաշինյան, Գ. Գորգիսյանի եւ Ա. Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Սույն Նախագծի ընդունումը պայմանավորված է մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ Նախագծի ընդունմամբ տրվում է սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա մուտքը խաղատուն արգելվի, ինչպես նաեւ սահմանվի հնարավորություն, որպեսզի անգամ եթե անձը նշված հիմքով սահմանափակ գործունակ չի ճանաչվել, նա անձամբ ներկայացնի դիմում` իր իսկ մուտքը խաղատուն արգելելու վերաբերյալ:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                               Ա. ԳԱԼՍՏՅԱՆ
 
 

03.10.2017թ.