ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-135-27.09.2017-ՏՀ-011/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1351-27.09.2017-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1352-27.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 
 


 
 

 Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էներգետիկայի մասին» Հայաստանի 
Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունմամբ առաջարկվում է.

-  հստակեցնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության (այսուհետ` լիազորված մարմին), ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եւ այլ պետական մարմինների գործառույթները,

-  շուկայի ներկայիս «միակ գնորդ-վաճառող» շուկայի կարգավորվող մոդելից անցում կատարել նոր՝ ազատական մոդելի, ներդնել առեւտրի ժամանակակից կանոններ, կատարելագործել սակագնային կարգավորման համակարգը, նոր գործիքներ ներդնել միջպետական առեւտրի խթանման համար,

-  առանձնացնել բաշխման եւ մատակարարման գործառույթները, որի արդյունքում շուկայում կկարողանան գործել այլ մատակարարներ՝ յուրաքանչյուրը որպես լիցենզավորված կազմակերպություն, ինչն էլ, իր հերթին, կավելացնի գանձվող  պետական տուրքերը: Նույն ժամանակ շուկայում կգործի երաշխավորված մատակարարը, որը ծառայություններ կմատուցի կարգավորվող գներով, ինչը սպառողներին հնարավորություն կտա ընտրություն կատարել ինչպես մատակարարների միջեւ, այնպես էլ շուկայի կարգավորվող ու չկարգավորվող հատվածում էլեկտրաէներգիա գնելու հարցում: Ընդ որում, որակավորված սպառողներն իրավունք կստանան էլեկտրաէներգիա գնելու էլեկտրաէներգիա արտադրողներից՝ ուղիղ պայմանագրերի միջոցով,

-  հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի եւ շուկայի օպերատորների գործառույթները,

-  սահմանել նոր՝ էլեկտրաէներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիա, որով սահմանված գործունեությունը  գրեթե կարգավորման չի ենթարկվի,

-  էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման պլանավորման նպատակով հստակեցնել էլեկտրաէներգիա արտադրող կայանների, փոխադրման եւ բաշխման համակարգերի զարգացման պլանավորմանը ներկայացվող պահանջները եւ գործիքակազմը,

- սահմանել երրորդ կողմի մուտքի ոչ խտրական իրավունքը երաշխավորող նոր դրույթներ՝ ենթակառուցվածքների հասանելիության ապահովման եւ նոր միացումների երաշխավորման առումով: 

3. Փաթեթի կազմում ընդգրկված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով տրվող «էլեկտրաէներգիայի գնման երաշխիք» հասկացության երկրորդ նախադասությամբ սահմանվում է, որ. «Սույն սահմանման իմաստով լիցենզիա ունեցող անձի արտադրած էլեկտրական էներգիայի (հզորության) քանակություն է համարվում այն քանակությունը, որը վերջինիս կողմից փաստացի արտադրվել եւ առաքվել է, ինչպես նաեւ, որը վերջինս պատրաստ էր արտադրել եւ առաքել, սակայն չի կարողացել՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարման արդյունքում կամ հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում այն ընդունելուն պատրաստ չլինելու պատճառով եւ այդ դեպքերը որպես բացառություն սահմանված չեն շուկայի կանոններում.»: Այսինքն, ստացվում է, որ երաշխավորված գնման ենթակա է ոչ միայն փաստացի արտադրված էլեկտրաէներգիան, այլեւ արտադրության պոտենցիալն ամբողջությամբ` եթե շուկայի կանոններով համապատասխան բացառություն չի նախատեսված: Խնդիրը կայանում է նրանում, որ կախված էլեկտրաէներգիայի արտադրության հզորություններից եւ փաստացի արտադրված ծավալից էլեկտրաէներգիայի արտադրության ինքնարժեքը կարող է փոփոխվել, ինչն էլ իր արտացոլումը պետք է ստանա դրա սակագներում: Մեր կարծիքով, անհրաժեշտ է այս առումով նախատեսել դրույթ, ըստ որի` եթե նշված դեպքերում առաջանա սակագնի բարձրացման խնդիր, ապա սպառողների շահերի պաշտպանության նկատառումներով Հանձնաժողովը չպետք է տվյալ բարձրացումը ներառի էլեկտրաէներգիայի սակագներում:   

3.2 Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվող` «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նոր` 5.1-րդ հոդվածի 2-րդ մասի «ե», «զ», «է» եւ «ը» ենթակետերի համաձայն Հանձնաժողովը իր լիազորությունների իրականացումը պետք է նախապես համաձայնեցնի ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի հետ (այն դեպքում` երբ նույն հոդվածի 1-ին մասում նշված է, որ լիազորված մարմինը «օժանդակում է էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը»): Այսինք, ըստ էության, սա նշանակում է, որ Հանձնաժողովը դադարում է հանդիսանալ անկախ (կամ ինքնավար) պետական մարմին, ինչն էլ սկզբունքորեն փոխում է տվյալ շուկայի` ներկայումս գործող պետական կարգավորման հայեցակարգը: Ընդ որում, տվյալ մոտեցումները հակասում են նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի` Հանձնաժողովի համապատասխան լիազորություններին վերաբերող դրույթներին (այդ օրենքում նմանատիպ փոփոխությունների նախագիծ ներկայացված չէ): Մյուս կողմից, հասկանալի է, որ առկա է նաեւ Հանձնաժողովի եւ լիազորված մարմնի միջեւ սերտ համագործակցության խնդիր, ուստի այս առումով, կարծում ենք, անհրաժեշտ է նախ սկզբունքորեն որոշել, թե Հանձնաժողովը շարունակելու՞ է մնալ որպես անկախ մարմին, թե՞ ոչ: Եթե Հանձնաժողովը մնալու է որպես այդպիսին, ապա հարկ կլինի Նախագծից հանել լիազորված մարմնի հետ նրա կողմից համաձայնեցման պարտավորությունները, կամ էլ այդ լիազորությունները վերապահել լիազորված մարմնին, բայց սահմանել դրանք իրականացնելու համար անկախ Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու պարտավորություն` արդեն լիազորված մարմնի համար: Իսկ այն դեպքում, երբ որոշվի, որ Հանձնաժողովը պետք է կորցնի իր կարգավիճակը, ապա հարկ կլինի ամբողջությամբ վերանայել նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքը, իսկ համապատասխան օրենքի նախագիծն էլ պետք է հանդիսանա տվյալ Փաթեթի բաղկացուցիչ մասը:

3.3 Նախագծի 32-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր` 5.1.-րդ գլխի 39.1-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ. «Էլեկտրաէներգետիկական շուկայի չկարգավորվող հատվածում երաշխավորվում է տնտեսական մրցակցության համար համապատասխան պայմանների ապահովումը:», սակայն ոչ Նախագիծը, ոչ էլ Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերը չեն պատասխանում այն հարցին, թե որո՞նք են տնտեսական մրցակցության համար երաշխիքները կամ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով պետք է երաշխավորվի մրցակցությունը էլեկտրաէներգետիկական շուկայի չկարգավորվող հատվածում:

3.4 Նախագծի 33-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր` 6-րդ գլխի 47-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետեւանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:»: Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ սպառողները, ի տարբերություն էլեկտրաէներգիա արտադրողների կամ մատակարարների, որեւէ հնարավորություն կամ մեխանիզմ չունեն վերահսկելու (առավել եւս` հսկելու) մատակարարի հետ կնքված պայմանագրի կատարման ընթացքը եւ ապացուցելու իրենց կողմից կրած վնասի չափը: Ըստ էության, այս դրույթը միանգամայն դեկլարատիվ բնույթ ունի, այն դեպքում` երբ տվյալ օրենքի եւ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 9-րդ կետի տեսանկյունից (ըստ որի` սպառողների շահերի պաշտպանությունը, ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը հանդիսանում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը), սպառողների շահերի պաշտպանությանը պետք է առաջնային նշանակություն տրվեր: Այս կապակցությամբ առաջարկում ենք մշակել եւ տվյալ նախագծի առանձին գլխով սահմանել սպառողների օրինական շահերի պաշտպանության իրատեսական մեխանիզմներ, ընդ որում` համապատասխան պարտավորությունը դնելով Հանձնաժողովի կամ լիազորված մարմնի վրա:  

Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություներ չկան:               

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                                                                       Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

10.10.2017թ.