ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սոցիալական աջակցության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-138-3.10.2017-ԱՍ-011/0) եւ «Պետական նպաստների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1381-3.10.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

 

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  եւ «Պետական նպաստների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 2-րդ գլուխը, որը վերաբերում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգին, եւ այն տեղափոխել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք, որպես ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ`  նախատեսելով աղքատ ընտանիքներին տրամադրվող կենսամակարդակի բարձրացմանն օժանդակող կամ դրա վատթարացումը կանխող նպաստ, որպես սոցիալական ծառայություններից միայն մեկը: «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է «սոցիալական կարիք» հասկացությունը, որը գնահատվում է ընտանիքի սոցիալական խնդիրների եւ դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների համեմատականի արդյունքում եւ հնարավորություն է տալիս հավասարապես գնահատել ընտանիքի սոցիալական խնդիրները եւ ռեսուրսները, որի  իրավակարգավորումները առկա չեն գործող օրենսդրության մեջ:

Վերը նշված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում կձեւավորվի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ, ինչի արդյունքում կբարձրանա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը եւ հասցեականությունը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՀՀ ԱԺ աշխատակազմի
 
տնտեսագիտական վարչության

տնտեսական փորձաքննության

առաջատար մասնագետ`                              Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

19.10.2017թ.