ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-162-23.10.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման, շահագործման եւ լուծարման ընթացակարգերը, մասնավորապես` լիազոր մարմնի լիազորությունները, ազատ տնտեսական գոտու կազմակերպչի եւ շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիների լուծարման ընթացակարգը եւ այլն, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու սահմանումը եւ ազատ տնտեսական գոտում մաքսային կարգավորումները համապատասխանեցվում են 2010թ. հունիսի 18-ի մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ) տնտեսական գոտիների եւ ազատ մաքսային գոտի մաքսային ընթացակարգի հարցերով համաձայնագրին:
Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
3. Ընդհանուր առմամբ Նախագծում շատ են կառավարության եւ լիազոր մարմնի համար, տարբեր իրավական ակտեր ընդունելու կապակցությամբ, լիազորությունների ամրագրումը, որի արդյունքում տվյալ օրենքը բավականին ընդհանրական բնույթ է ստանում: Մասնավորապես` Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Կազմակերպչի ընտրության չափանիշները եւ կարգը, ինչպես նաեւ հաշվետվության ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը:», այն դեպքում, երբ կազմակերպչի ընտրության կարգը, կարծում ենք, շատ ավելի նպատակահարմար կլիներ (այդ թվում` նաեւ հակակոռուպցիոն ռիսկերի կանխարգելման տեսանկյունից) սահմանել հենց այս օրենքով, ընդ որում` սահմանելով նաեւ ընտրության բացառապես մրցութային եղանակը (բնականաբար` բացառությամբ այն դեպքի, երբ որպես կազմակերպիչ հանդես է գալիս պետությունը):4. Նախագծի 7-րդ հոդվածում`
ա) 9-րդ մասի 1-ին կետի «հանձնաժողովի եզրակացության հիման վրա» բառերն առաջարկում ենք փոխարինել «Լիազոր մարմնի որոշմամբ» բառերով, քանի որ այդ կետի երեք ենթակետերով սահմանված հիմքերի վերաբերյալ հանձնաժողովի կամ որեւէ այլ մարմնի եզրակացության ներկայացման անհրաժեշտությունն ուղղակի բացակայում է: Նշված հիմքերը (այն է` կազմակերպչի եւ շահագործողի միջեւ պայմանագրի լուծումը, ազատ տնտեսական գոտու լուծարումը եւ վկայականով սահմանված ժամկետը լրանալը, եթե շահագործողի կողմից ժամկետը երկարաձգելու դիմում չի ներկայացվել) ակնհայտ եւ աներկբա փաստեր են, ուստի դրանց վերաբերյալ հանձնաժողովը չի կարող տալ այլ եզրակացություն, քան դրանք հաստատելը, ինչն էլ իրենից անիմաստ ընթացակարգ կներկայացնի:
բ) 11-րդ մասով սահմանվում է, որ. «Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներ կարող են իրականացնել նաեւ շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շահագործողների համար նախատեսված արտոնությունների կիրառման:», իսկ 12-րդ մասի համաձայն. «Ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է ազատ տնտեսական գոտու շահագործողների եւ շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ այնպիսի գործարքների իրականացում, որոնց շրջանակներում իրականացվում է ապրանքների հանձնում շահագործողից շահագործող չհանդիսացող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:»: Այս կապակցությամբ, կարծում ենք, ավելի նպատակահարմար կլինի ԱՏԳ-ում ազատ տնտեսական գոտու շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին ընդհանրապես արգելել ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներով զբաղվել եւ հանել նշված 12-րդ մասը, որի արդյունքում կվերանա նաեւ այս մասով վարչարարության իրականացման անհրաժեշտությունը, ինչն էլ բխում է ազատ տնտեսական գոտու էությունից (ԱՏԳ-ի գրավիչ կողմերից մեկնէլ հենց վարչարարության հնարավորինս ցածր մակարդակն է կամ դրա իսպառ բացակայությունը):
5. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերից առաջարկում ենք հանել «հանձնաժողովի նախագահի միջոցով» բառերը, քանի որ որեւէ էական նշանակություն չունի թե կառավարությանը ներկայացվող հայտերը կամ եզրակացությունները հանձնաժողովը կոնկրետ որ անձի միջոցով է ուղարկում, այն դեպքում, երբ հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի` նրան փոխարինող անդամի կողմից հայտի կամ եզրակացության ուղարկումը ֆորմալ առումով անհարկի կհանդիսանա տվյալ օրենքի նորմերի խախտում:
6. Խմբագրական առումով առաջարկում ենք վերաշարադրել Նախագծի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, քանի որ այն մեկ նախադասություն է իրենից ներկայացնում, որում բազմաթիվ իրավական ակտերի եւ գործողությունների անվանումներ են պարունակվում: Կարծում ենք, այս մասը կարելի խմբագրել հետեւյալ կերպ, «5. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով են սահմանվում` .....» եւ առանձին կետերով թվարկել տվյալ մասում ներկայացված իրավական ակտերի եւ գործողությունների անվանումները:
7. Նախագծի 16-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ԱՏԳ-ն լուծարվում է. «կառավարության եւ կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրի լուծման դեպքում», այն դեպքում, երբ Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմակերպչի հետ ԱՏԳ-ի ստեղծման պայմանագիրը, թեեւ կառավարության անունից, սակայն, կնքում է լիազոր մարմինը: Ուստի, առաջարկում ենք նշված կետի «կառավարության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
բ) 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ԱՏԳ-ն լուծարվում է. «կազմակերպչի ցանկությամբ»: Տվյալ դեպքի իմաստով, կարծում ենք, «ցանկությունը» այնքան էլ հարմար բառ չէ, ուստի առաջարկում ենք այն փոխարինել «պատճառաբանված որոշմամբ» բառերով (ակնարկելով նաեւ, որ ԱՏԳ-ի ստեղծումը եւ լուծարումը չի կարող հիմնված լինել բացառապես այս կամ այն անձի ցանկության վրա): Բացի այդ, տվյալ ենթակետի իմաստով առաջարկում ենք սահմանել նաեւ, որ այս դեպքում կառավարությունը կարող է որոշում ընդունել չլուծարելու ազատ տնտեսական գոտին` իր վրա վերցնելով կազմակերպչի գործառույթը (տվյալ դեպքում, բնականաբար, նախկին կազմակերպիչը կազատվի շահագործողների կողմից կրած վնասների փոխհատուցման պարտավորությունից` եթե այդպիսիք կարող են առաջանալ, իսկ կազմակերպչի բոլոր իրավունքներն ու պարտականությունները կանցնեն պետությանը):
գ) 1-ին մասի 3-րդ կետի «շահագործողների» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «եւ շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի» բառերը, քանի որ նրանք նույնպես կարող են վնասներ կրել ԱՏԳ-ի լուծարման հետեւանքով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
08.11.2017թ.