ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-175-3.11.2017-ԱՍ-011/0), «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1751-3.11.2017-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1752-3.11.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
- վերացնել առողջապահության ոլորտի իրավական որոշ ակտերի եւ ՀՀ Սահմանադրության դրույթների միջեւ առկա հակասությունները,
- նախատեսել ՀՀ Սահմանադրությամբ սահմանված մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելու արգելքի իրավական կարգավորումներ,
- բարելավել ՀՀ-ում դոնորության, փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման գործընթացը, նախատեսել լրացուցիչ երաշխիք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման նպատակով` վերջիններիս հնարավորություն ընձեռելով իրենց ախտորոշումը ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետությունից արտահանելու արյունը եւ դրանց բաղադրամասերը,
- քրեական պատժի սպառնալիքի միջոցով բացառել եվգենիկական փորձերի կատարումը, մարդու վերարտադրողական կլոնավորումը, բացառել կամ նվազեցնել մարդու օրգանների եւ հյուսվածքների ապօրինի շրջանառությունը,
- պարզեցնել տվյալ ոլորտում իրավական ակտերի ընդունման ընթացակարգերը եւ կրճատել վերջիններիս ընդունման ժամկետները:
3. Ընդհանուր առմամբ Փաթեթն ունի մշակվածության եւ հիմնավորվածության պատշաճ մակարդակ, սակայն դրանում ընդգրկված երկու նախագծերի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
3.1 «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը արգելվում է:»: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի մեխանիկական ներմուծումն այս օրենքում բավարար չէ դրա ամբողջ իմաստն ու առանձնահատկություններն արտացոլելու համար, քանի որ «շահույթ» հասկացությունը խիստ հանրահայտ եւ հստակ սահմանված հասկացություն է, իսկ մարդուն օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման գործընթացը բավականին թանկ եւ վճարովի ծառայություն է: Հետեւաբար, առաջարկվող խմբագրությամբ տվյալ դրույթի բառացի մեկնաբանման եւ կիրառության դեպքում (որի կատարումն, ի դեպ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից մեկն է) կստացվի, որ պետք է արգելվեն նաեւ հիվանդանոցներում, միանգամայն օրինական հիմքերով կատարվող օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման բոլոր վիրահատությունները կամ բժշկական մյուս միջամտությունները, քանի որ հիվանդանոցն այդ վիրահատությունների արդյունքում որոշակի շահույթ է ստանում:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է առաջարկվող դրույթը լրացնել եւս մեկ պարբերությամբ եւ հստակ սահմանել, թե տվյալ օրենքի իմաստով ի՞նչ է հասկացվում «շահույթի աղբյուր դարձնել» բառակապակցությունը: Օրինակ` առաջարկում ենք սահմանել, որ. «Սույն օրենքի իմաստով կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնել է համարվում սույն օրենքի եւ դրանից բխող իրավական այլ ակտերի, ինչպես նաեւ բժշկական ցուցումների խախտմամբ կենդանի կամ դիակային դոնորից օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելը եւ (կամ) փոխպատվաստելը:»:
3.2 «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի նոր շարադրանքի «արյան դոնոր» հասկացության սահմանման սկզբում առաջարկում ենք ավելացնել «մարդու» բառը` տվյալ նախագծի ընդհանուր տրամաբանությունից եւ նպատակից ելնելով:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
07.11.2017թ.