ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-189-23.11.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կատարելագործել հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը, որի առումով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողները հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 2017 թվականի համար նույնպես կարող են կատարել գծային մեթոդով, ինչպես նաեւ առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ գործող օրենսդրությամբ սահմանված հիմնական միջոցների հիմնական խմբերի (օրինակ՝ ավտոմեքենաների) մեջ ձեւավորել ենթախմբեր (օրինակ՝ բեռնատար ավտոմեքենաներ եւ մարդատար ավտոմեքենաներ) եւ այդ ենթախմբերի համար հաշվարկել առանձին ամորտիզացիոն մասհանումներ:

3. Նախագծի ընդունումը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա ՀՀ բիզնես միջավայրի վրա` հնարավորություն տալով առավել արդյունավետ օգտագործել ամորտիզացիոն հատկացումների գործիքը, սակայն անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նաեւ մեկ նկատառում: Մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ կիրառվում է միայն 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով:», այսինքն` առաջարկվող դրույթները վերաբերելու են բացառապես 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկմանը (կամ այլ կերպ ասած` ունենալու են մեկանգամյա եւ անցումային բնույթ): Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ Հարկային օրենսգիրքը, որի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքը ուժը կորցրած է ճանաչվելու (բացառությամբ այդ օրենքի 8-րդ եւ 11-րդ հոդվածների նախավերջին պարբերություններով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտներին վերաբերող դրույթների, որոնք գործում են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ): Այս տեսանկյունից, տվյալ Նախագծով առաջարկվող դրույթները եւս մեխանիկորեն ուժը կորցրած կճանաչվեն, իսկ հարկատուները, որոնք դրա վրա հիմնվելով կկատարեն շահութահարկի հաշվարկներ եւ կներկայացնեն համապատասխան հաշվետվություններ, ակամա կխախտեն օրենքի պահանջը` հիմնվելով եւ հղում տալով իրավական ուժ չունեցող փաստաթղթի վրա: Ուստի, այս կապակցությամբ առաջարկում ենք համապատասխան դրույթներն ավելացնել ՀՀ Հարկային օրենսգրքի անցումային դրույթներում կամ էլ Հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերջում ավելացնել «, ինչպես նաեւ 12.1-րդ հոդվածի` հիմնական միջոցներին վերաբերող դրույթների.» բառերը: 
 
 
 
 
 
 
 
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 
տնտեսագիտական վարչության պետ`                        Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

29.11.2017թ.