ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-223-15.12.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի եւ Վ. Գրիգորյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը, ըստ դրա հեղինակների ներկայացրած հիմնավորման, պայմանավորված է մեր հանրապետության համար կարեւորագույն նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտին եւ գյուղացիական տնտեսություններին պետության կողմից օրենքով սահմանված կարգով համապատասխան աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ, սակայն Նախագիծն, ըստ էության, բավականին դեկլարատիվ բնույթ է կրում եւ ներկայացված տեսքով, կարծում ենք, չի կարող ապահովել դրանով հետապնդվող խնդիրների լուծումը (Նախագծի տեքստի եւ դրա վերնագրի համապատասխանության ապահովման առումով, կարծում ենք, ավելի նպատակահարմար կլիներ օրենքը վերնագրել որպես «Գյուղատնտեսության պետական աջակցության հիմունքների մասին»): 

Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել նաեւ հետեւյալ նկատառումները:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Օրենքի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերություններն են:», սակայն Նախագծով չի սահմանվում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգ»-ը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով տրվում է «գյուղացիական տնտեսություն» հասկացության սահմանումը, սակայն Նախագծի տեքստում օգտագործվում է «գյուղատնտեսական տնտեսություն» հասկացությունը:

5. Նախագծի 4-րդ հոդվածում, մեր կարծիքով, «պետական աջակցություն են ստանում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պետական աջակցություն կարող են ստանալ» բառերով, քանի որ աջակցության ապահովման հասցեականության եւ նպատակայնության տեսանկյունից այսպիսի իմպերատիվ նորմի ամրագրումն անընդունելի երեւույթ է:

6. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հավասարակշռված» բառն առաջարկում ենք փոխարինել «ողջամիտ» բառով` ՀՀ Սահմանադրության տերմինաբանությանը համապատասխանեցնելու նպատակով:

7. Նախագծի 6-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 2-րդ կետում «պետական բյուջեի» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «եկամուտների» բառը,

բ) առաջարկում ենք հանել 4-րդ կետը, քանի որ «գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայի միասնականության ապահովումը» չի կարող իրականացվել (կանխավ երաշխավորվել) պետության կողմից (առավել եւս, որ այն պետական գործառույթների շրջանակից դուրս է), իսկ «մրցակցության հավասար պայմանների ապահովումը» արդեն իսկ համապատասխան` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով եւ իրավական այլ ակտերով իրականացվում է պետության կողմից եւ չի կարող հանդիսանալ տնտեսության որեւէ մեկ ճյուղի պետական աջակցության սկզբունք:

   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                           Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

26.12.2017թ.