ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-245-26.01.2018-ՖՎ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2451-26.01.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 


 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Թանդիլյանի կողմից ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ընդունումը, ըստ դրա հեղինակի, պայմանավորված է այն հանգամանով, որ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներով խոշոր կազմակերպությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձեւով: Սույն պարտավորությունը չկատարելը, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16912-րդ հոդվածի ուժով, առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակումից հետո երեսուն օրվա ընթացքում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելու կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Արդյունքում, ըստ նախաձեռնության հեղինակի, խոշոր կազմակերպությունները հնարավորություն են ստանում հինգ հարյուր հիսուն հազար դրամ վճարելով անտեսել օրենքի նշյալ պահանջը՝ չհրապարակելով ֆինանսական հաշվետվությունները: 

Խնդիրը, համաձայն Նախագծերի փաթեթի հիմնավորման, հատկապես շոշափելի է դառնում այն ժամանակ, երբ հաշվետվությունը հասանելի չի լինում շահագրգիռ կողմերի (անձանց) համար` տարբեր պատճառաբանություններով, ինչն էլ խոչընդոտ է հանդիսանում ֆինանսական հաշվետվությունների հասանելիության առումով, իսկ քաղաքացիներին հաշվետվություններ չտրամադրելը հակասում է կազմակերպության ֆինանսական հրապարակայնության համընդհանուր սկզբունքներին:

Ելնելով վերը նշվածից, առաջարկվում է պարտավորեցնել խոշոր կազմակերպություններին քաղաքացիների դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվություն տրամադրել դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Առաջարկվում է նաեւ խստացնել պատասխանատվությունը` պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար (սահմանելով տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով կամ 1.0 մլն. դրամ), իսկ օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում պետական մարմիններ ներկայացված եւ հրապարակված ֆինանսական հաշվետվությունը քաղաքացու դիմումի հիման վրա չտրամադրելու դեպքում սահմանել տուգանք` նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի կամ 2.0 մլն. դրամի չափով: 

Այս կապակցությամբ կցանկայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3. Ի տարբերություն Նախագծերի փաթեթի հիմնավորման, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող լրացման տեքստում խոսքը գնում է ոչ թե «շահագրգիռ քաղաքացիների», այլ ընդհանուր առմամբ «քաղաքացիների մասին», որոնց դիմումի հիման վրա խոշոր կազմակերպությունը պետք է 5-օրյա ժամկետում տրամադրի իր ֆինանսական հաշվետվությունները: Այս հանգամանքն էական նշանակություն ունի, քանի որ ցանկացած քաղաքացու նման իրավունքի տրամադրումը կարող է կազմակերպությունների համար լրացուցիչ եւ ավելորդ բեռ հանդիսանալ` ինչպես նյութական, այնպես էլ ժամանակային ռեսուրսների ծախսի տեսանկյունից: Ուստի, անհրաժեշտ է առաջարկվող լրացման 2.1-րդ կետում «քաղաքացիներին» բառից առաջ ավելացնել «շահագրգիռ» բառը: Սակայն, այս դեպքում, արդեն, անհրաժեշտություն է առաջանում սահմանելու նաեւ թե ովքե՞ր կարող են լինել «շահագրգիռ քաղաքացիներ», իսկ մյուս կողմից էլ տրամաբանական եւ հինավորված հարց կարող է առաջանալ. արդյո՞ք կազմակերպությունները պետք է պարտավորված լինեն անվճար տրամադրել իրենց ֆինանսական հաշվետվությունները` թեկուզ եւ շահագրգիռ քաղաքացիներին, այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով այդ հաշվետվությունները ներկայացրել են պետական մարմիններին եւ հրապարակել են: Մեր կարծիքով, այս դեպքում, շահագրգիռ քաղաքացիների դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունների տրամադրումը գոնե պետք է լինի վճարովի հիմունքներով, իսկ վճարի չափն էլ կարելի է սահմանել ոչ ավելի, քան այդ հաշվետվությունների տրամադրման եւ առաքման (եթե նման պահանջ լինի) ծախսերի հանրագումարը:

Սակայն, հաշվի առնելով Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող տուգանքների խստացման հանգամանքը (ինչը, կարծում ենք, կարող է էական ազդեցություն ունենալ խոշոր կազմակերպությունների վարքագծի փոփոխություն վրա, իսկ ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում` կարելի է էլ ավելի խստացնել այդ տուգանքները), մեր կարծիքով, անիմաստ կդառնա քաղաքացիների (կամ շահագրգիռ քաղաքացիների) դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունների տրամադրման պահանջի սահմանումը, քանի որ այդ հաշվետվությունները հրապարակված կլինեն եւ հասանելի կլինեն ցանկացած անձի համար (այս դեպքում «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի անհրաժեշտությունը կվերանա):

Այդուհանդերձ, եթե նախաձեռնության հեղինակը կարեւորում է շահագրգիռ ցանկացած անձի կողմից խոշոր կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների սեփական օրինակ ունենալու անհրաժեշտությունը եւ հնարավորությունը, ապա այս նպատակին հասնելու համար առաջարկում ենք «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրացման տեքստը փոխարինել մեկ այլ լրացմամբ` սահմանելով խոշոր կազմակերպությունների կողմից հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով համացանցի http://www.azdarar.am/ հասցեում գտնվող կայքում հրապարակման պարտավորություն, որի պարագայում այդ հաշվետվությունները գործնականում հասանելի եւ մատչելի կլինեն շահագրգիռ ցանկացած անձի համար` միաժամանակ կազմակերպություններին ազատելով ավելորդ նյութական եւ ժամանակային ծախքերից:   

   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

31.01.2018թ.