ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


 «Թվային տեխնոլոգիաների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-253-05.02.2018-ՖՎ-011/0) եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2531-05.02.2018-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 
 


 
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Է. Մարուքյանի, Գ. Գորգիսյանի եւ Մ. Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային տեխնոլոգիաների մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է օրենսդրական կարգավորում տալ մեր հանրապետությունում կրիպտոարժույթի շրջանառության հետ կապված հարաբերություններին: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

«Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

ա) Նախագծի վերնագիրը չի համապատասխանում դրա բովանդակությանը, քանի որ «թվային տեխնոլոգիաներն» ավելի լայն եւ ընդգրկուն հասկացություն է, մինչդեռ Նախագծով առաջարկվում է կարգավորել միայն ֆինանսական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հարաբերությունները:

բ) Մեր կարծիքով, Նախագիծը բավականին ընդհանրական կարգավորումներ է նախատեսում ֆինանսական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման առումով (Նախագծով սահմանվում են ընդամենը օրենքի կարգավորման առարկան, հիմնական հասկացությունները եւ մայնինգի վերաբերյալ օրենսդրության սկզբունքները), այն դեպքում, երբ կրիպտոարժույթի մայնինգը ռիսկայնության բարձր մակարդակ ունեցող գործունեություն է: Նախագծից պարզ չի դառնում նաեւ, օրինակ`

- ինչու՞ է ընդունվում օրենք մի գործունեության կարգավորման մասին, որով ազատորեն կարող է զբաղվել ցանկացած չափահաս քաղաքացի` առանց որեւէ սահմանափակման եւ գործունեության լիցենզավորման,

- արդյո՞ք պետությունը մայնինգը համարում է ձեռնարկատիրական գործունեություն, եւ եթե այն ձեռնարկատիրական գործունեություն է, ապա ինչու՞ պետք է ազատված լինի հարկերից (ընդ որում` այս դրույթի հետ կապված պետք է ներկայացված լիներ նաեւ ՀՀ Հարկային օրենսգրքում համապատասխան լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ),

- Հայաստանի Հանրապետությունում  կրիպտոարժույթի թողարկում թույլատրվում է, թե՞ ոչ,

- արդյո՞ք այս գործունեությամբ զբաղվողների նկատմամբ իրականացվելու է որոշակի վերահսկողություն, թե՞ ոչ եւ այլն:

գ) Նախագծի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ. «Սույն օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա՝ բացառությամբ դրանով նախատեսված դեպքերի:», իսկ Նախագծով որեւէ նման դեպք նախատեսված չէ: 

դ) Տվյալ Նախագծի ընդունման կապակցությամբ, բացի նշված Հարկային օրենսգրքից, մեր կարծիքով, համապատասխան փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն է առաջանում նաեւ «Կենտրոնական բանկի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում, որոնց վերաբերյալ նախագծերը ներառված չեն տվյալ փաթեթում:  

  ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ `                                                              Գ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 

22.02.2018թ.