ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-263-9.02.2018-ՏՀ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2631-9.02.2018-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2632-9.02.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է` ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանցեում ՀՀ-ում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտի սահուն իրականացում, մասնավորապես` հանքարդյունահանող ընկերությունների եւ համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի եւ այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրվեն կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, ինչն էլ թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը հանրության համար դարձնել առավել բաց եւ հասանելի: Տվյալ Փաթեթի ընդունումը անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում միայն, 2019 թվականին անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր:

3. Ընդհանուր առմամբ Փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ, սակայն դրա կազմում ընգրկված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է տեղեկատվության այն պատկառելի ցանկը, որն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ լիազոր մարմինը պետք է հրապարակի  իր պաշտոնական ինտերնետային կայքում, սակայն նույն հոդվածի 10-րդ մասով ամրագրվում է, որ. «Սույն հոդվածի իմաստով հրապարակման է ենթակա հետեւյալ տեղեկատվությունը, բացառությամբ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության՝

1) ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները,

2) պետական տուրքի եւ ընդերքօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը,

3) hամայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում օրենսդրությամբ եւ ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված  պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:»:

Մեր կարծիքով, նշված դրույթի մասով առկա է որոշակի տարընթերցում (հետագայում տարբեր կերպ մեկնաբանելու հնարավորությամբ), քանի որ որպես «հրապարակման ենթակա» տեղեկատվություն նշվում է ընդամենը երեք տեսակի տեղեկություն (որոնք, ըստ էության, չեն կարող ապահովել ընդերքօգտագորման մասին հրապարակայնության խնդրի լուծումը` ելնելով Նախագծի հինավորման մեջ նշված ստանդարտներից): Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ լիազոր մարմինը պահանջվող ամբողջ տեղեկատվությունը պետք է հրապարակի իր ինտերնետային կայքում (ինչը կարող է հասանելի չլինել նաեւ շատերի համար), սակայն «սույն հոդվածի իմաստով հրապարակման ենթակա են» միայն նշված երեք տեղեկությունները: Եթե այս դեպքում խոսքը գնում է մեկ այլ տեսակի հրապարակման մասին (օրինակ` պաշտոնական տեղեկագրում եւ այլն), ապա անհրաժեշտ է հստակ սահմանել հրապարակման այդ տեսակը եւ դրա իրականացման կարգը, այլապես կարող է ստացվել այնպես, որ համապատասխան կազմակերպություները եւ մարմինները կներկայացնեն Նախագծի 1-ին հոդվածով սահմանված «հրապարակային հաշվետվությունը», սակայն դրանից կհրապարակվի միայն 1) ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկները, 2) պետական տուրքի եւ ընդերքօգտագործման վճարների վերաբերյալ տեղեկատվությունը եւ 3) hամայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում օրենսդրությամբ եւ ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված  պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

12.02.2018թ.