ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-266-13.02.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Աղվան Վարդանյանի, Արսեն Միխայլովի, Մարինա Մարգարյանի, Մարգարիտ Եսայանի եւ Ջեմմա Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի  աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը, ըստ հեղինակների ներկայացրած հիմնավորման, պայմանավորված է համապատասխան լիցենզիա ունեցող, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների դեղատներին, լիարժեք բուժսպասարկում իրականացնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության տարածք դեղագործական արտադրանք ներմուծելու հնարավորության տալու անհրաժեշտությամբ, միաժամանակ` առաջարկվում է որոշ լրացումներ կատարել` կապված օտարերկրյա պետություն մեկնողների եւ ժամանողների ընտանիքների անդամների կողմից դեղերի ներմուծման եւ արտահանման հավաստագիր ունենալու պահանջի հետ:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք եւ հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու իրավունք ունեցողների ցանկը, լրացնել նոր ենթակետով` բժշկական օգնության եւ սպասարկման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպություններին («բժշկական հաստատության դեղատուն» դեղատնային գործունեություն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում) նույնպես իրավունք տալով իրականացնելու դեղերի ներմուծում: 

Հարկ է նշել, որ այս առաջարկության ընդունման դեպքում ոչ միայն կխաթարվի դեղերի ներմուծման մասով Օրենքի տրամաբանությունը (ըստ որի` Օրենքի ընդունման նպատակներից մեկը կայացել է նրանում, որ հստակ սահմանազատվեն դեղերի արտադրության, ներմուծման, արտահանման եւ մեծածախ ու մանրածախ իրացման գործունեության տեսակները` սահմանելով համապատասխան լիցենզիաներ[1]), այլեւ դեղերի մանրածախ իրացման բնագավառում տնտեսական մրցակցության հավասարության ապահովման սկզբունքը: Այսինքն, բժշկական հաստատությունների դեղատներին դեղերի ներմուծման իրավունք տալը դեղերի մանրածախ իրացման շուկայում նրանց համար կապահովի անհիմն մրցակցային առավելություններ` միաժամանակ խտրական պայմաններ ստեղծելով բժշկական հաստատություններին չպատկանող դեղատների համար: 

4.  Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով էլ առաջարկվում է օտարերկրյա պետություն մեկնող եւ օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման` ՀՀ կառավարության սահմանած քանակներով դեղերի համար համապատասխան հավաստագիր չունենալու իրավունքը տարածել նաեւ այդ անձանց ընտանիքների անդամների վրա, որոնց կազմում, ըստ Նախագծի հեղինակների, պետք է ներառվեն ամուսինը, ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան, որդեգրված երեխան, խորթ երեխան, հոգեզավակը, քույրը, եղբայրը, տատը, պապը եւ թոռը: 

Տվյալ առաջարկությունը, մեր կարծիքով, ունի երկու վիճահարույց կողմ: Մի կողմից` ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածը, որպես ընտանիքի անդամ, սահմանում է ամուսիններին, ծնողներին եւ զավակներին (այդ թվում` որդեգրողներին ու որդեգրվածներին), հետեւաբար` տվյալ առաջարկությունը պետք է այս մասով համապատասխանեցնել ՀՀ Ընտանեկան օրենսգրքին, իսկ մյուս կողմից` տվյալ առաջարկության (լրացման) անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է, քանի որ Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը վերաբերում է բացառապես օտարերկրյա պետություն մեկնող եւ օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ անձնական օգտագործման դեղերին, հետեւաբար` անկախ ընտանիքի անդամ հանդիսանալու փաստից, այս արտոնությունը տարածվում է ցանկացած ֆիզիկական այն անձի վրա, որը բուժման նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն կամ վերադառնում է այնտեղից (այսինքն` անձամբ հատում է ՀՀ պետական սահմանը): Իսկ եթե Նախագծի հեղինակները նկատի ունեն այն դեպքը, երբ ֆիզիկական անձն օտարերկրյան պետությունից ցանականում է դեղեր ներմուծել իր հետ պետական սահմանը չանցնող ընտանիքի անդամի համար, ապա նման առաջարկության ընդունումն էլ ուղղակի սողանցք կդառնա առանց համապատասխան հավաստագրի դեղերի ներմուծման համար, ինչն էլ Օրենքը միանշանակ արգելում է:     

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                              տնտեսագիտական վարչության տնտեսական 
փորձաքննության բաժնի առաջատար մասնագետ`             Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

20.02.2018թ.


 
 

--------------------------------------------------------------------------------

[1] Տես նաեւ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ եւ 16-րդ մասերը, որոնց հետ տվյալ առաջարկությունը մտնում է հակասության մեջ:
a