ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պաշտոնական վիճակագրության մասին» (փաստաթղթային կոդ` Կ-252-02.02.2018-ՏՀ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2521-02.02.2018-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2522-02.02.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտոնական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի կազմում ընգրկված նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ ի տարբերություն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ գործող օրենքի, «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ներառելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն, այլեւ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին, ինչը հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից եւ բարձրացնել հասկացվածության աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաեւ նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները:

3. Փաթեթի կազմում ընգրկված «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.1 Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Վիճակագրական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա պետական մարմին է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:»: Տվյալ մոտեցմամբ անկախ մարմին ձեւավորելու դրույթը, կարծում ենք, չափազանց խոցելի է (քանի որ անկախ մարմինը չի կարող լինել որեւէ այլ պետական մարմնի ենթակայության տակ), առավել եւս, երբ տվյալ դրույթը դիտարկում ենք Նախագծի մյուս հոդվածներում տեղ գտած այլ կարգավորումների համատեքստում, մասնավորապես` 

- Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վիճակագրական կոմիտեն ղեկավարում է դրա նախագահը, որին պաշտոնի է նշանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով:» (այսինքն` առկա է անմիջականորեն գործադիր իշխանության կողմից ուղղակիորեն նշանակման մեխանիզմը),

- Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում:» (այսինքն` օրենքը նախատեսում է երկրորդ անգամ անընդմեջ նույն պաշտոնում նշանակվելու հնարավորություն, ինչը շատ ավելի ազդեցիկ մոտիվացիա է կառավարության հետ «համերաշխ» լինելու հարցում, քան թե օրենքով հռչակված սկզբունքների պահպանման` ըստ էության պատասխանատվություն չնախատեսող պարտավորության համեմատ),

- Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Վիճակագրական կոմիտեն հանդիսանում է որոշակի քաղաքականության կողմնորոշված պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող պետական մարմին[1]: Քաղաքական, վարչական եւ նմանատիպ շահերի միջեւ առկա բախումներում պաշտոնական վիճակագրությունը չներքաշելու երաշխիքները սահմանված են պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներով:» (կարծում ենք, ակնհայտ է, որ հիմնարար որեւէ սկզբունքի ամրագրումը չի կարող հանդիսանալ այնպիսի երաշխիք, որը թույլ կտա վստահ լինել համապատասխան մարմնի կողմից անկախ գործունեություն իրականացնելու համար: Հետեւաբար, գործառութային անկախության երաշխիքը պետք է լինի ոչ թե օրենքով հիմնարար սկզբունքների սահմանումը, այլ այնպիսի մեխանիզմների եւ իրավակարգավորումների ամրագրումը, որոնք կստիպեն կամ կպարտադրեն անկախ մարմնին առաջնորդվելու այդ հիմնարար սկզբունքներով` սահմանելով նաեւ դրանց խախտման դեպքերի հայտնաբերման եւ պատասխանատվության ենթարկման (պաշտոնանկության) մեխանիզմներ, որոնք էլ բացակայում են տվյալ Նախագծում):

3.2 Նախագծի 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ եւ այլ հոդվածներով, ի տարբերություն ներկայումս գործող` գործառութային անկախությամբ օժտված մեկ մարմնի (ի դեմս ՀՀ ԱՎԾ-ի), նախատեսվում է ձեւավորել ազգային վիճակագրական համակարգ` ի դեմս Վիճակագրական կոմիտեի (որպես պաշտոնական վիճակագրության գլխավոր արտադրողի), ՀՀ վիճակագրության պետական խորհրդի (որպես ազգային վիճակագրական համակարգի կառավարման բարձրագույն մարմնի) եւ պաշտոնական վիճակագրության օգտագործողների հանրային խորհրդի (որպես խորհրդատվական մարմնի): Սակայն, խնդիրը կայանում է նրանում, որ այս երեք մարմիններում էլ հիմնական դերակատարումը վերապահված է Վիճակագրական կոմիտեի նախագահին, նրա տեղակալներին եւ անդամներին (նշված երեք մարմինների ղեկավարը հանդիսանալու է Վիճակագրական կոմիտեի նախագահը, որը պետք է ղեկավարի պաշտոնական վիճակագրության արտադրության, դրա համար տարվող իրավաստեղծ գործունեության, ինչպես նաեւ համակարգի վերահսկողության եւ նրան մատուցվող խորհրդատվության կառույցները): Կարծում ենք, տվյալ ոլորտի կառավարման համակարգում բազմակարծության եւ անկախության ապահովման նկատառումներով գոնե պետք է արգելվեր նույն անձի միաժամանակյա մասնակցությունը նշած մարմիններում):    

3.3 Նախագծի համաձայն ՀՀ կենտրոնական բանկը հանդիսանում է ազգային վիճակագրական համակարգի բաղկացուցիչ մասը, սական այդ համակարգին վերաբերող` Նախագծի գրեթե բոլոր հոդվածներում բացառություն է նախատեսվում ՀՀ կենտրոնական բանկի մասով: Այսինքն, Նախագծի իմաստով ՀՀ կենտրոնական բանկը միայն ֆորմալ է համարվելու նշված համակարգի բաղկացուցիչ մաս եւ առաջնորդվելու է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով եւ իր կողմից ընդունված այլ ակտերով` հաշվի առնելով նրա` անկախ մարմին լինելու հանգամանքը: Այս կապակցությամբ, կարծում ենք, կարելի էր մեկ առանձին հոդվածով հստակ ամրագրել ՀՀ ԿԲ-ի առնչությունն այս օրենքին եւ ազգային վիճակագրական համակարգին եւ զերծ մնալ ամեն քայլափոխին «բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառակապակցությունը շեշտադրելու պարտադրանքից:

3.4 Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Վիճակագրական կոմիտեի նախագահը միաժամանակ հանդիսանում է Պետական խորհրդի նախագահը:» (որին էլ նշանակում է ՀՀ կառավարությունը), 4-րդ մասով սահմանվում է, որ. «Պետական խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ նախագահ եւ վեց անդամ, որոնց պաշտոնի է նշանակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով:», իսկ 5-րդ մասով սահմանվում է, որ. «Պետական խորհրդի անդամների պաշտոնները համարվում են ինքնավար պաշտոններ:»: Մեր կարծիքով, նշված դրույթների մասով առկա է հակասություն կամ անհամապատասխանություն ՀՀ Սահմանադրության հետ, քանի որ`

ա) ՀՀ Սահմանադրությամբ «ինքնավար պաշտոններ» հասկացություն սահմանված չէ, փոխարենը սահմանված է «ինքնավար մարմիններ» հասկացությունը,

բ)  ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ինքնավար մարմինների անդամները նշանակվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:», այսինքն` չեն կարող նշանակվել ՀՀ կառավարության կողմից:

3.5 Ի տարբերություն Վիճակագրական կոմիտեի եւ Պետական խորհրդի անդամների, Նախագծով Հանրային խորհրդի այն անդամների համար, որոնք ի պաշտոնե չեն հանդիսանում Հանրային խորհրդի անդամ, այլ նշանակվում են գիտակրթական հաստատությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, նշանակման համար որեւէ (այդ թվում` մասնագիտական) պահանջներ չեն սահմանվում, այն դեպքում` երբ տվյալ Հանրային խորհուրդը պետք է լինի ազգային վիճակագրական համակարգի հիմնական խորհրդատվական մարմինը (այսինքն` սկզբունքորեն տվյալ խորհրդի կազմում նշանակվելու համար կարող են ներկայացվել եւ նշանակվել նաեւ վիճակագրության հետ աղերսներ չունեցող անձինք), ինչը, կարծում ենք, անթույլատրելի երեւույթ է:    

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`          Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

07.02.2018թ.
 
 

--------------------------------------------------------------------------------

[1] Այս առումով, կարծում ենք, գոնե Նախագծի հիմնավորման մեջ պետք է լավ հիմնավորվեր, թե որո՞նք են հանդիսանում կառավարության կողմից նշանակվող այլ մարմինների համեմատությամբ «արմատական տարբերությունները», որոնք Նախագծում, ըստ էության, ակնհայտ չեն երեւում: