ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-276-28.02.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել լիազորություն, համաձայն որի` վերջինս. «փոխադարձության հիման վրա` օտարերկրյա պետության քաղաքացիների համար օրենքով սահմանված դրույքաչափերի շրջանակներում» կարող է սահմանել պետական տուրքի այլ դրույքաչափեր: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված են պետական տուրքի դրույքաչափերի կոնկրետ մեծություններ` բազային տուրքի նկատմամբ բազմապատիկ գործակցի կամ կոնկրետ տոկոսի տեսքով, իսկ Նախագծով առաջարկվող «դրույքաչափերի շրջանակներում» կառավարության կողմից պետական տուրքի դրույքաչափի սահմանումն օրենսդրի համար անորոշ մեծություն է (հետեւաբար` այս հասկացությունը սահմանման եւ հստակեցման կարիք է զգում): Մյուս կողմից` անհայտ է մնում նաեւ նշված «շրջանակների» տարածման հնարավորությունը, այսինքն` որեւէ կերպ չի սահմանվում, թե օրինակ, կառավարության կողմից սահմանվող դրույքաչափը քանի՞ տոկոսով կարող է «շեղվել» օրենքով սահմանված դրույքաչափից:

բ) Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի. «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է», այսինքն` որեւէ բացառություն տվյալ օրենքը չի նախատեսում` պետական կառավարման այլ մարմինների կողմից պետական տուրքի դրույքաչափ սահմանելու առումով: Ավելին, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հստակ սահմանվում է, որ. «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում. ... ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»: Ուստի, պետական տուրքերի, այդ թվում` նաեւ դրանց դրույքաչափերի սահմանումը բացառապես օրենսդիր մարմնի լիազորություն է, որը չի կարող փոխացվել այլ մարմինների, հետեւաբար` տվյալ Նախագծով առաջարկվող լրացումը հակասում է ոչ միայն «Պետական տուրքի մասին», այլեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

գ) Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ. «առաջարկվող իրավական ակտը պարունակում է այնպիսի իրավական նորմ, որը կնախատեսի դրույքաչափերի համահավասարեցման հնարավորություն այլ պետության կողմից ՀՀ քաղաքացիների համար նախատեսված դրույքաչափերի հետ»: Մինչդեռ, Նախագծի բովանդակությունից բխում է, որ խոսքը գնում է ոչ միայն համահավասարեցման, այլեւ նոր դրույքաչափեր սահմանելու հնարավորության մասին, որոնք կարող են լինել ինչպես բարձր, այնպես էլ ցածր այլ պետության կողմից ՀՀ քաղաքացիների համար նախատեսված դրույքաչափերից:


ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 
փորձաքննության վարչության տնտեսական
փորձաքննության բաժնի վարիչ`                            Գ. Կիրակոսյան
12.03.2018թ.