ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-288-26.03.2018-ԱՀ,ԵԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.  Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, ըստ որի համագործակցելով անդամ երկրների հետ՝ արտաքին քաղաքականության եւ անվտանգության, տրանսպորտային հաղորդակցության, էներգետիկ ռազմավարության  եւ քաղաքականության, շրջակա միջավայրին առնչվող հարցերի, արդյունաբերության  եւ ձեռնարկատիրության, զբոսաշրջության, առողջապահության,  կրթության եւ մշակույթի եւ այլ ոլորտներում, Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կնձեռվի՝

  •         ամրապնդել համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա,այդ թվում՝ բարձրացնելով ՀՀ մասնակցությունը ԵՄ քաղակականությանը եւ  ծրագրերին,
  •         ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները՝ խթանելով Կողմերի միջեւ սերտ քաղաքական հարաբերությունների զարգացումը,
  •         նպաստել ՀՀ-ում ժողովրդավարության եւ քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը,
  •         խթանել, պահպանել եւ ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներով,
  •         ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության եւ արդարադատության ոլորտում՝ նպատակ ունենալով ամրապնդելու իրավունքի գերակայությունը եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը,
  •        խթանել շարժունակությունը եւ տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումը,
  •         հաստատել առեւտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն,
  •         ստեղծել պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ավելի ու ավելի սերտ համագործակցության համար:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                    Մ. ԴԱԼԼԱՔՅԱՆ

04.04.2018թ.