ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-294-04.04.2018-ԱՍ-011/0) եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2941-04.04.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Է. Մարուքյանի, Գ. Գորգիսյանի, Ա. Զեյնալյանի եւ Մ. Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել, որ. «Հայաստնի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետեւանքով հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը չի կարող նվազել»: Նույն մոտեցումն առաջարկվում է կիրառել նաեւ կենսաթոշակների մասով, եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացմամբ նախատեսվում է, որ. «Հայաստնի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետեւանքով ֆիզիկական անձի կողմից փաստացի ստացվող կենսաթոշակի գումարը? անկախ դրա տեսակից, չի կարող նվազել?»:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները, որոնք մեր կողմից դասակարգվել են երկու հիմնական խմբի` Փաթեթի եւ Փաթեթում ամրագրված գաղափարի հետ կապված: Նախ անդրադառնանք առաջինին, որը կապված է հիմնականում օգտագործված հասկացությունների ձեւակերպման հետ:
ա) ՀՀ օրենդրությամբ «հարկատու» հասկացություն գոյություն չունի: Հարկային օրենսգրքում օգտագործվում է «հարկ վճարող» հասկացությունը, որն օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանվում է որպես «կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում? անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»: Հետեւաբար, նախ անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում օգտագործվող «հարկատու» բառը փոխարինել «հարկ վճարող» բառերով, իսկ այնուհետեւ` հստակեցնել, թե առաջարկվող մոտեցումը վերաբերելու է բոլո՞ր հարկ վճարողներին, թե՞ միայն դրանց որոշակի մասին:
բ) Փաթեթում օգտագործվող «հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացում» արտահայտությունը, մեր կարծիքով, կոռեկտ չէ: Այսպես, Հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարկը սահմանվում է որպես «պետական եւ (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր եւ անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից` Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով եւ ժամկետներում»: Այսինքն, եթե հարկը դիտարկում ենք որպես գումար, ապա այն կարղ է ավելանալ, օրինակ, հարկային դրույքաչափերի բարձրացման կամ հարկման բազայի ընդլայնման արդյունքում, այլ ոչ թե բարձրանալ, ինչպես նշվում է Փաթեթում:
գ) ՀՀ օրենսդրությամբ «մաքուր աշխատավարձ» հասկացություն գոյություն չունի: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով աշխատավարձը սահմանվում է որպես. «օրենքով, իրավական այլ ակտերով սահմանված կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու դիմաց աշխատողին վճարվող հատուցում:»: Այսինքն, ձեւակերպումից հստակ երեւում է, որ աշխատավարձը հաշվարկային մեծություն է եւ համաձայն նույն օրենսգրքի կազմված է հիմնական (օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտով, աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար սահմանված վարձատրության չափ) եւ լրացուցիչ (աշխատանքային օրենսգրքով, օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով, գործատուի իրավական ակտով սահմանված հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ պարգեւատրումներ) աշխատավարձից: Եթե դիտարկում ենք հաշվարկային աշխատավարձը, ապա այն միանշանակ կերպով իր մեջ ներառում է ֆիզիկական անձի կողմից վճարման ենթակա հարկերը: Ընդ որում, այստեղ խոսքը գնում է այն հարկերի մասին, որոնց հարկման բազա է հանդիսանում աշխատավարձը: Հետեւաբար, Փաթեթում օգտագործվող «մաքուր աշխատավարձ» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ այն ոչ իրավական, ոչ էլ տնտեսագիտական առումով կոռեկտ ձեւակերպում չէ:
դ) Փաթեթում օգտագործվող «աշխատավարձին հավասարեցված այլ հատուցում» հասկացությունը ենթակա է վերաշարադրման, քանի որ ՀՀ օրենսդրությամբ եւ, մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքում օգտագործվում է «աշխատավարձ եւ դրանց հավասարեցված վճարում» հասկացությունը: Պետք է նկատի ունենալ, որ առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ դրանք ունեն բովանդակային էական տարբերություններ: Ընդ որում, աշխատավարձին հավասարեցված վճարումների սպառիչ ցանկը օրենսդրությամբ հստակ սահմանված է, մինչդեռ «աշխատավարձին հավասարեցված այլ հատուցում»-ը մեկնաբանելի է:
ե) ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ եկամտային հարկի գծով նվազեցվող եկամուտներ են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների»: Մինչդեռ, Փաթեթում ընգրկված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ. «Հայաստնի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետեւանքով ֆիզիկական անձի կողմից փաստացի ստացվող կենսաթոշակի գումարը? անկախ դրա տեսակից, չի կարող նվազել?» Կարծում ենք, որ առաջարկվող դրույթն ավելորդ է, քանի որ կենսաթոշակները գոնե եկամտային հարկի մասով հանդիսանում են նվազեցվող եկամուտներ եւ հարկման ենթակա չեն:
Ինչ վերաբերում է Փաթեթում ամրագրված գաղափարին, ապա այն, մեր կարծիքով, չունի տնտեսագիտական բավարար հիմնավորվածություն` չնայած հետապնդվող նպատակի կարեւորությանը: Հաշվի առնելով Փաթեթում ներկայացված ոչ հստակ ձեւակերպումների առկայությունը, ինչի մասին վերը նշվեց, ապա մեր նկատառումները որոշակիորեն հիմնված կլինեն ենթադրությունների վրա: Մասնավորապես, եթե «ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարի կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցման» տակ հեղինակների կողմից նկատի է առնվում փաստացի ստացվող աշխատավարձը (առանց հարկերի), ապա «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող մոտեցումը կարող է վերաբերել այն հարկերին, տուրքերին կամ այլ պարտադիր վճարներին, որոնց հարկման բազան հանդիսանում է աշխատավարձը (խոշոր հաշվով, դա հիմնականում վերաբերում է եկամտային հարկին): Իսկ եթե հեղինակները նկատի են ունեցել ֆիզիկական անձի կողմից տնօրինվող եկամուտը, ապա այս դեպքում մոտեցումը կտարածվի բոլոր հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա` անկախ դրանց հարկման բազայից, եւ գործնական կիրառման տեսանկյունից կդառնա անհնարին: Անկախ այդ հանգամանքից, կարծում ենք, երկու դեպքերում էլ առաջարկվող մոտեցումը չի կարող ընդունելի լինել հետեւյալ պատճառներով:
1. Անշուշտ, ցանկացած հարկատեսակ, այլ հավասար պայմաններում, ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունենում բնակչության եկամուտների վրա: Ընդ որում, ուղղակի հարկերի (այս դեպքում` եկամտային հարկի) գծով հարկային բեռի ավելացման դեպքում դա արտահայտվում է ֆիզիկական անձանց կողմից ստացվող, իսկ անուղղակի հարկերի դեպքում` ապրանքների եւ ծառայությունների գների բարձրացման հետեւանքով տնօրինվող եկամուտների կրճատմամբ: Կիսելով բնակչության իրական եկամուտների կրճատման հետ կապված Փաթեթի հեղինակների մտահոգությունը, միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ տվյալ խնդրի լուծման համար գոյություն ունեն այլ գործիքներ, եւ Նախագծով առաջարկվող մոտեցումը չի կարող համարվել արդյունավետ լուծում թեկուզ հետեւյալ պատճառներով. հարկային քաղաքականությունը, ֆիսկալ միջոց հանդիսանալուց բացի, կարեւոր գործիք է սոցիալական խնդիրների լուծման, մասնավորապես` եկամուտների համահարթեցման ուղղությամբ: Դա հատկապես արդիական է ՀՀ-ում, որը բնակչության սոցիալական բեւեռացման տեսանկյունից ունի չափազանց բարձր ցուցանիշ, եւ այս առումով, նաեւ հարկային գործիքների կիրռամամբ պետք է հնարավորինս նվազեցնել այն: Մինչդեռ, Փաթեթով առաջարկվող մոտեցման պարագայում (եթե մաքուր աշխատավարձի ներքո նկատի ենք ունենում առանց հարկերի աշխատավարձը) պետությունը կզրկվի բնակչության բարձր եկամուտներ ունեցող հատվածներից լրացուցիչ հարկեր գանձելու` հետեւաբար նաեւ վերաբաշխումներ կատարելու հնարավորությունից:
2. Ըստ էության, Փաթեթի ընդունումը կնշանակի, որ ՀՀ-ում աշխավարձից գանձվող բոլոր հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների գծով այնպիսի փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել հարկային պարտավորությունների ավելացմանը, կբացառվեն` սահմանափակելով երկրի հարկաբյուջետային քաղաքականության հնարավորությունները եւ ճկունությունը:
Հիշեցնենք նաեւ, որ Փաթեթով առաջարկվող խնդրի լուծման առավել տարածված եւ հիմնավորված մեխանիզմը եկամուտների ինդեքսավորումն է, որի հնարավորությունն ամրագրված է ՀՀ աշխատանքային օրենսգրքում: Մասնավորապես, վերջինիս 182-րդ հոդվածը սահմանում է, որ. «Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Այս առումով, կարծում ենք, առավել նպատակահարմար է համապատասխան քայլեր իրականացնել նշված դրույթի գործնական կիրառման ուղղությամբ:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության
տնտեսական փորձաքննության
բաժնի պետ` Գ Կիրակոսյան
16.04.2018թ.