ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» (փաստաթղթային կոդ` 312-02.05.2018--012/0) վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը» (այսուհետ` հաշվետվություն) ներկայացված է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
Համաձայն հաշվետվության, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1.237.8 մլրդ. դրամ, ծախսերը` 1.504.8 մլրդ. դրամ (ճշտված պլանի կատարողականը` 96.4%), իսկ բյուջեի դեֆիցիտը` 267.0 մլրդ. դրամ:
Սույն հաշվետվության առումով հատկանշական են հետեւյալ տեղեկություններն ու միտումները:
1. 2017 թվականի փաստացի տվյալների ամփոփումը ցույց տվեց, որ տնտեսության զարգացման միտումները նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն աճել են, ինչը հիմնականում պայմանավորված է գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերի արագացմամբ, մետաղների միջազգային գների աճով, դրամական փոխանցումների ավելացմամբ, վարկավորման ծավալների աճով եւ մի շարք ներքին ու արտաքին այլ գործոններով: Վերոնշյալ զարգացումների պայմաններում 2017 թվականին գրանցվել է 7.5% տնտեսական աճ, որը հետճգնաժամային շրջանում ամենաբարձրն է եւ 2016 թվականի ցուցանիշին գերազանցում է 7.3 տոկոսային կետով: Հաշվետու տարում արձանագրված տնտեսական աճին նպաստել են ծառայությունների ոլորտը` 5.1 տոկոսային կետով, արդյունաբերությունը` 1.8 տոկոսային կետով եւ շինարարությունը 0.2 տոկոսային կետով, իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճի վրա ունեցել է բացասական ազդեցություն` 0.6 տոկոսային կետով: Ընդ որում, 2017 թվականին արդյունաբերության արտադրանքի ծավալը աճել է 12.6%-ով, ծառայությունների ոլորտը` 14.4%-ով, առեւտրի շրջանառությունը` 14%-ով, շինարարության ոլորտը` 2.2%-ով, իսկ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է անկում 2.9 %-ով:
2. 2017 թվականին վերջնական սպառումն իրական արտահայտությամբ աճել է 8%-ով: Ընդ որում, պետական սպառումն աճել է 9.2 %-ով, իսկ մասնավոր սպառումը` 7.6%-ով:
Հաշվետու տարում կապիտալ ներդրումներն իրական արտահայտությամբ աճել են 13.5%-ով: 2017 թվականին արտահանման իրական ծավալները դրամային արտահայտությամբ աճել են 19.7%-ով, իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծումն իրական արտահայտությամբ` 26.8%-ով` հիմնականում պայմանավորված ներքին պահանջարկի ծավալների աճով:
3. 2017 թվականին սպառողական շուկայում արձանագրված 2.6% 12-ամսյա գնաճը առավելապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) ապրանքախմբում արձանագրված 5.3% գնաճով (դրական նպաստումը գնաճին` 2.4 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների խմբում արձանագրված 1.7% գնաճով (դրական նպաստումը գնաճին` 0.4 տոկոսային կետ) եւ բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրված 0.5% սակագների նվազմամբ (բացասական նպաստումը գնաճին` 0.2 տոկոսային կետ):
4. 2017 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3.5%-ը: Ապրանքների եւ ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2017 թվականին կազմել է 37%` բարելավելով նախորդ տարվա ցուցանիշը 3.9 տոկոսային կետով: Իսկ ապրանքների եւ ծառայությունների ներմուծման մասնաբաժինը կազմել է 50.3%-ը` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 7.6 տոկոսային կետով: Դրամական փոխանցումները տարվա արդյունքներով կազմել են ՀՆԱ-ի 9.9%-ը? նախորդ տարվա 9.4%-ի դիմաց:
Արտաքին ապրանքաշրջանառությունը 2017 թվականի արդյունքներով կազմել է 6425.5 մլն. ԱՄՆ դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 26.9%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման եւ ներմուծման ծավալների աճ. արտահանումն աճել է 25.2%-ով` կազմելով 2242.9 մլն. ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 27.8%-ով եւ կազմել է 4182.7 մլն. ԱՄՆ դոլար:
Ներմուծման 27.8% աճի 5.2 տոկոսային կետը պայմանավորվել է ներդրումային բնույթի` «Մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» ապրանքախմբով: Ներմուծման աճին զգալի են նպաստել նաեւ «Քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք», «Վերգետնյա, օդային եւ ջրային տրանսպորտի միջոցներ», «Ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր», «Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրեր» եւ «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերը (համապատասխանաբար` 2.8, 2.6, 2.4, 2.3 եւ 2 տոկոսային կետերով):
2017 թվականին ներմուծման ծածկման գործակիցը նախորդ տարվա համեմատ նվազել է 4.1 տոկոսային կետով, իսկ արտահանման հաշվին ֆինանսավորվել է ներմուծման 73.5%-ը:
5. 2017 թվականին դրամի փոխարժեքը կազմել է 482.7 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, որը նախորդ տարվա փոխարժեքի (480.5) նկատմամբ արժեզրկվել է 0.5%-ով:
6. 2017 թվականին պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 22.2%-ը` նախորդ տարվա 23.1%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները` ՀՆԱ-ի 20.8%-ը` նախորդ տարվա 21.3%-ի դիմաց: 2016 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 5.7%, իսկ հարկային եկամուտներինը` 7.3%:
ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասով, 2017 թվականի արդյունքներով, ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը դրսեւորել է նվազման միտումներ եւ կազմել 27% նախորդ տարվա 28.5%-ի դիմաց:
ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2017 թվականին կազմել է ՀՆԱ-ի 4.8%-ը` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.7 տոկոսային կետով: 2017 թվականին արտաքին պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 42.5% նախորդ տարվա 41.0%-ի դիմաց:
ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
7. ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով, ելնելով 3.2% տնտեսական աճի կանխատեսումից, ծրագրվել էր ստանալ 1210.0 մլրդ. դրամ եկամուտներ, որից 1179.1 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 30.9 մլրդ. դրամը` արտաքին պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Օրենսդրության պահանջներից ելնելով պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը (35 մլրդ դրամ), դրոշմանիշային վճարների գումարները (6 մլրդ դրամ), ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները (0.7 մլրդ դրամ): Նշված միջոցները ներառյալ, ինչպես նաեւ հաշվի առնելով կառավարության լիազորությունների շրջանակներում կատարված մյուս փոփոխությունները` ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրն ավելացվել է 110.8 մլրդ. դրամով (9.2%-ով) եւ կազմել 1320.9 մլրդ. դրամ, որից 1285.7 մլրդ. դրամը` ներքին աղբյուրների, 35.1 մլրդ. դրամը` պաշտոնական դրամաշնորհների գծով:
2017 թվականին փաստացի եկամուտները կազմել են շուրջ 1237.8 մլրդ. դրամ, որոնցից հարաբերականորեն համադրելի պատկեր ստանալու նպատակով արտաբյուջետային միջոցները, դրոշմանիշային վճարները եւ առանց սահմանափակման ծախսերի հաշվին ձեւակերպվող եկամուտները հաշվի առնելու դեպքում կստացվի, որ Օրենքով ծրագրված եկամուտների ցուցանիշն ապահովվել է 1195.4 մլրդ դրամով կամ արձանագրվել է 98.8% կատարողական: Օրենքով ծրագրված հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր ցուցանիշի հարաբերականորեն համադրելի փաստացի ցուցանիշը կազմել է 1149.0 մլրդ դրամ կամ կատարողականը կազմել է 101.2%, իսկ կառավարության կողմից ճշտված ծրագիրը կատարվել է 96.1%-ով:Նշենք, որ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 34.9 մլրդ. դրամ կամ նախատեսվածի 99.1%-ը:
Հաշվետու տարում ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերակցությունը կազմել է 22.2 %, որը 0.2 տոկոսային կետով զիջել է նախորդ տարվա ցուցանիշը: Առանց ԱԱՀ-ի վերադարձված գումարների? բյուջեի եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 21.9%? 0.2 տոկոսային կետով զիջելով նախորդ տարվա համադրելի ցուցանիշը, որը պայմանավորված է ՀՆԱ-ի առավել բարձր անվանական աճով: 2016 թվականի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 5.7%-ով կամ 66.7 մլրդ դրամով: 2017 թվականին հարկային եկամուտների (ներառյալ`պետական տուրքերը) եւ այլ եկամուտների գծով մուտքերն աճել են համապատասխանաբար 10.7%-ով (110.3 մլրդ դրամով) եւ 8.6%-ով (5.2 մլրդ դրամով), իսկ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 53.4%-ով (16.8 մլրդ դրամով): Արդյունքում, 2016 թվականի համեմատ, 2017 թվականին պետական բյուջեի եկամուտներում 1.6 տոկոսային կետով ավելացել է հարկային եկամուտների, իսկ պաշտոնական դրամաշնորհների տեսակարար կշիռը նույնքան նվազել է: Այլ եկամուտների գծով ցուցանիշը մնացել է անփոփոխ:
8. Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են շուրջ 1,158.0 մլրդ. դրամ կամ օրենքով հաստատված ծրագրային ցուցանիշի 102%-ը: Ընդ որում, փաստացի ցուցանիշում ներառված չեն արտահանողներին վերադարձված 45.9 մլրդ դրամ ԱԱՀ-ի եւ հիպոթեքային վարկի տոկոսների գծով փոխհատուցված 2.4 մլրդ դրամ եկամտային հարկի գումարները: Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նաեւ վերը նշված վերադարձները, ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի հարկերը եւ տուրքերը կազմել են 1,206.3 մլրդ դրամ, որը 11.7%-ով կամ 126.6 մլրդ դրամով գերազանցել է 2016 թվականի համադրելի ցուցանիշը (1,079.8 մլրդ դրամ):
Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հաշվին է ապահովվել ՀՀ պետական բյուջեի եկամուտների 93.6%-ը:
Հարկային սահունության գործակիցը 2017 թվականին կազմել է 1.1` 2016 թվականի 0.8-ի դիմաց (առանց ԱԱՀ-ի վերադարձված եւ հիպոթեքային վարկի տոկոսների գծով փոխհատուցված գումարների): 2016 թվականի համեմատ հարկային եկամուտները եւ պետական տուրքերն աճել են 7.3%-ով կամ 78.3 մլրդ դրամով: Առանց արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձված գումարների? հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը կազմում է 10.8% կամ 111.7 մլրդ դրամ: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ բոլոր հարկատեսակների գծով արձանագրվել է աճ, բացառությամբ շահութահարկի: Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների ու եկամտային հարկի գծով մուտքերի աճով:
9. 2017 թվականին հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 35.1%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 406.6 մլրդ. դրամ: Նշված գումարից 203.3 մլրդ. դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 203.3 մլրդ. դրամը՝ ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն աճել է 13.9%-ով կամ 47.5 մլրդ. դրամով, ինչի հիմնական պատճառ է հանդիսացել մակրոտնտեսական բարենպաստ միջավայրը: Ընդ որում, աճ է արձանագրվել եւ մաքսային սահմանին (20.9%-ով կամ 35.1 մլրդ դրամով) եւ ներքին շրջանառությունից գանձված մուտքերում (7.1%-ով կամ 12.3 մլրդ դրամով): Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների համար գանձված մուտքերն աճել են 28.3%-ով (18.6 մլրդ դրամով): 2017 թվականին անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել էր 5,405.0 մլրդ դրամ, այնինչ փաստացի արդյունքներով արձանագրվել է ՀՆԱ-ի շուրջ 5,580.1 մլրդ դրամ մակարդակ, ինչը զգալիորեն անդրադարձել է ԱԱՀ-ի փաստացի ցուցանիշի վրա: Դրական ազդեցություն է գործել նաեւ ներմուծման ծավալների աճը:
ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 82.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 45.1 մլրդ դրամ, իսկ հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` 37.2 մլրդ դրամ: 2016 թվականի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 37.8%-ով կամ 22.6 մլրդ դրամով: Ընդ որում, ներմուծվող ապրանքների գծով մուտքերում արձանագրվել է 26.5% կամ 9.4 մլրդ դրամի, իսկ տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների գծով` 54.6 %-ով կամ 13.1 մլրդ դրամի աճ: ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների գծով մուտքերի աճը պայմանավորված է ծխախոտի, օղու, բենզինի, դիզելային վառելիքի ներմուծումից ստացված մուտքերի աճով: Մասնավորապես? ՀՀ ներմուծված ծխախոտային արտադրանքի եւ օղու իրացման համար վճարված ակցիզային հարկի գծով մուտքերն աճել են համապատասխանաբար 23%-ով (3.6 մլրդ դրամով) եւ 53%-ով (2.6 մլրդ դրամով)? կազմելով 19.1 մլրդ դրամ եւ 7.6 մլրդ դրամ, իսկ ՀՀ ներմուծվող դիզելային վառելիքի եւ բենզինի համար վճարված ակցիզային հարկի գծով մուտքերն աճել են համապատասխանաբար` 65.7%-ով (կամ 2.2 մլրդ դրամով) եւ 47.1%-ով (կամ 2 մլրդ դրամով)? կազմելով 5.5 մլրդ դրամ եւ 6.3 մլրդ դրամ:
2017 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 9.5%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 109.9 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 13.6%-ով կամ 17.3 մլրդ դրամով: Շահութահարկի նվազման պատճառներից է ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակի գործարկումը, որի հետեւանքով 2017 թվականին ՀՀ պետական բյուջե վճարված կանխավճարները նվազել են շուրջ 3.4 մլրդ դրամով:
Հաշվետու տարում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է շուրջ 341.5 մլրդ. դրամ եկամտային հարկ, ապահովելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 29.5%ը: Նախորդ տարվա համեմատ մուտքերի աճը կազմել է 2.6% կամ 8.8 մլրդ. դրամ: Եկամտային հարկի գծով աճը հիմնականում պայմանավորված է միջին ամսական աշխատավարձի աճով, որը նախորդ տարվա համեմատ կազմել է 3.3%:
2017 թվականին պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքը կազմել է 72.6 մլրդ. դրամ` ապահովելով հարկերի եւ տուրքերի 6.3%-ը: Նախորդ տարվա համեմատ մաքսատուրքի գծով բյուջետային մուտքերն աճել են 30.9%-ով կամ շուրջ 17.1 մլրդ. դրամով, ինչը պայմանավորված է ինչպես Հայաստանի Հանրապետության` ԵՏՄ անդամ երկրներին համամասնորեն տրվող մաքսատուրքի գումարների աճով, այնպես էլ երրորդ երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող` մաքսատուրքով հարկվող ապրանքների ծավալների աճով:
2017 թվականին շրջանառության հարկի գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 18.2 մլրդ դրամ (կազմելով հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 1.6%-ը), որը 19.4%-ով կամ 3.0 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված առեւտրական (առք ու վաճառքի) եւ այլ գործունեությունից ստացված մուտքերի աճով: Շրջանառության հարկի գումարից շուրջ 9.9 մլրդ դրամը մուտքագրվել է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից (նախորդ տարվա համեմատ աճել է 20.2%-ով կամ 1.7 մլրդ դրամով), 1.6 մլրդ դրամը` արտադրական գործունեությունից (աճը? 10.2% կամ 144.7 մլն դրամ), 896.2 մլն դրամը` ռեզիդենտների կողմից ստացվող պասիվ եկամուտներից (աճը? 12.7% կամ 101.2 մլն դրամ), շուրջ 286 մլն դրամը` նոտարական գործունեությունից (աճը? 21.7% կամ 51 մլն դրամ) եւ 5.6 մլրդ դրամը` գործունեության այլ տեսակներից (աճը? 21.7% կամ 1 մլրդ դրամ):
2017 թվականին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 3.6 մլրդ. դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 0.3%-ը: Հաշվետու տարում հաստատագրված վճարները նախորդ տարվա համեմատ աճել են 12.3 %-ով, ինչը պայմանավորված է տրանսպորտային գործունեության իրականացման եւ եւ վիճակախաղերի կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարի մուտքերի աճով:
2017 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 42.2 մլրդ. դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի եւ տուրքերի 3.6%-ը: Նշված գումարից 9.8 մլրդ. դրամը կազմել են բնապահպանական վճարները, 32.4 մլրդ. դրամը` բնօգտագործման վճարները: Նախորդ տարվա համեմատ բնապահպանական եւ բնօգտագործման վճարներն աճել են 54.2%-ով կամ 14.8 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է արդյունահանված մետաղական օգտակար հանածոների եւ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի գծով մուտքերի 65.6%-ով կամ 12 մլրդ դրամով աճով, ինչն էլ, իր հերթին, հիմնականում պայմանավորված է պղնձի եւ մոլիբդենի տարեկան միջին գների, ինչպես նաեւ մետաղական հանքաքարի թողարկման ծավալների աճով:
Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 28.2 մլրդ. դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի եւ տուրքերի 2.4%-ը: Մասնավորապես` 5.9 մլրդ. դրամ են կազմել արտոնագրային վճարները, 7.1 մլրդ. դրամ` ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերն աճել են 34.2%-ով կամ 7.2 մլրդ դրամով:
10. 2017 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 37.1 մլրդ. դրամ պետական տուրքեր` 21.5%-ով կամ 6.6 մլրդ դրամով գերազանցելով ծրագրային ցուցանիշը, ինչը հիմնականում պայմանավորված է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու, օրենքով սահմանված այլ ծառայությունների եւ գործողությունների ու պետական գրանցման համար վճարվող տուրքերի ծրագրի գերազանցմամբ: Հիմնականում նշված հանգամանքով է պայմանավորված նաեւ նախորդ տարվա համեմատ պետական տուրքի մուտքերի 11.4%-ով կամ շուրջ 3.8 մլրդ դրամով աճը:
11. 2017 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են շուրջ 14.6 մլրդ. դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 41.7 %-ը, այսինքն` կանխատեսվածից պակաս է ստացվել շուրջ 20.5 մլրդ. դրամ: Շեղումը մեծ մասամբ առաջացել է նպատակային ծրագրերի կատարման աստիճանով պայմանավորված, որոնց շրջանակներում ստացվել է կանխատեսված գումարի 42.1%-ը` 11.0 մլրդ. դրամ: Նախորդ տարվա համեմատ պաշտոնական դրամաշնորհներից պետական բյուջեի մուտքերը նվազել են 53.4%-ով կամ 16.8 մլրդ դրամով:
12. 2017 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 65.2 մլրդ. դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 5.3%-ը` նախորդ տարվա 5.1%-ի դիմաց: Այլ եկամուտների գծով կառավարության լիազորությունների շրջանակներում ճշտված ծրագրով սահմանված ցուցանիշն ապահովվել է 80.4%-ով:
ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ
13. ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսվել էր 1,360.1 մլրդ. դրամ ծախսերի կատարում: Տարվա ընթացքում, հաշվի առնելով օրենսդրության պահանջները, պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով, պետական բյուջեի ծրագրային եւ փաստացի ցուցանիշներում ներառվել են նաեւ ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաեւ առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Նշված միջոցները, ինչպես նաեւ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքով ՀՀ կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները ներառյալ` ՀՀ պետական բյուջեի ծախսերի ճշտված ծրագիրը կազմել է շուրջ 1,561.0 մլրդ. դրամ: Պետական բյուջեի ծախսերի տարեկան ծրագիրը կատարվել է 96.4%-ով, շեղումների ընդհանուր գումարի 47.8%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 52.2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Ըստ ֆինանսավորման աղբյուրների պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին կատարվել է բյուջեի ծախսերի 88.3%-ը կամ 1,328.6 մլրդ դրամը, որոնց ծրագիրը կատարվել է 98%-ով: Բյուջեի ծախսերի 11.7%-ը? 176.5 մլրդ դրամը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրներից, որը կազմել է ծրագրի 85.8%-ը:
2017 թվականին նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ի անվանական մեծության 9.8% աճի պայմաններում ՀՀ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 6.3%-ով, ինչը հանգեցրել է ՀՆԱ-ի նկատմամբ ծախսերի հարաբերակցության նվազմանը. այն կազմել է 26.7%` 2016 թվականի 27.6%-ի դիմաց: Ավելացված արժեքի հարկի վերադարձված գումարները հաշվի առած? պետական բյուջեի ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 27%? կանխատեսված 25.2%-ի դիմաց:
14. ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը տրամադրվել է ընդհանուր ծախսերի 88.5%-ը կամ 1,267.4 մլրդ. դրամ: Հաշվետու տարում ընթացիկ ծախսերի 11.5%-ը` շուրջ 145.3 մլրդ. դրամ, տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը: Նշված ծախսերի գծով օգտագործվել է տարեկան նախատեսված միջոցների 99.3%-ը: Նախորդ տարվա համեմատ աշխատանքի վարձատրության ծախսերն ավելացել են ընդամենը 2%-ով:
15. 2017 թվականին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 237.4 մլրդ. դրամ կամ ընդհանուր ծախսերի 15.8%-ը եւ տարեկան ծրագրի 89%-ը: 2016 թվականի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն աճել է 41.9%-ով, որը հիմնականում պայմանավորված է մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման, պահպանման եւ հիմնանորոգման ծախսերի աճով:
16. ՀՀ 2017 թվականին պետական բյուջեից 274.7 մլրդ. դրամ է տրամադրվել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծախսերին` ապահովելով ծրագրի 97.8% կատարողական: 2016 թվականի համեմատ ոլորտի ծախսերն աճել են 6%-ով կամ 14.6 մլրդ դրամով: Աճի հիմնական մասը բաժին է ընկնում պետական պարտքի սպասարկման ծախսերին:
«Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» դասի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 21.4 մլրդ. դրամ՝ ապահովելով նախատեսված ծախսերի 95.8%-ը:
2017 թվականին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցներն օգտագործվել են գրեթե ամբողջությամբ` կազմելով շուրջ 4.1 մլրդ դրամ, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են 7.8%-ով` հիմնականում պայմանավորված սահմանադրական փոփոխություններով:
Հաշվետու տարում ՀՀ վերահսկիչ պալատի պահպանմանը հատկացվել է 883.6մլն. դրամ` կազմելով ծրագրի 99.2%-ը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են են 5.6%-ով` պայմանավորված գործուղումների գծով ծախսերի կրճատմամբ:
Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանմանը տրամադրվել է 10.7 մլրդ. դրամ` կազմելով ծրագրի 93.4%-ը: Հատկացված միջոցներով իրականացվել է ՀՀ Նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինպես նաեւ մարզպետարանների պահպանումը: Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն աճել են 1.3%-ով:
ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ
17. ՀՀ 2017 թվականի պետական բյուջեն կատարվել է 267 մլրդ. դրամ պակասուրդով` 11.2%-ով գերազանցելով ճշտված ծրագիրը: Պակասուրդի ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է եկամուտների նկատմամբ ծախսերի առավել բարձր կատարողականով, ինչի արդյունքում բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում ձեւավորված ազատ միջոցներից օգտագործումը կազմել է 22.1 մլրդ դրամ` տարեկան ծրագրով նախատեսված 14.4 մլրդ դրամով աճի փոխարեն: Նշենք, որ 2016 թվականի համեմատ պակասուրդի մեծությունը նվազել է 3.9%-ով: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2017 թվականին կազմել է 4.8%` 2016 թվականի 5.5%-ի դիմաց:
Հաշվետու տարվա պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են 70.6 մլրդ դրամ` նախատեսված 21.6 մլրդ դրամի դիմաց: Նշենք, որ 2016 թվականին նշված ցուցանիշը կազմել էր 107.2 մլրդ դրամ: 2017 թվականին պետական բյուջեի պակասուրդն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվել է 196.5 մլրդ. դրամով` ապահովելով ծրագրված ցուցանիշը 89.9%-ով:
Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 47.9 մլրդ. դրամ:
18. 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,660.1 մլրդ. դրամ (5,494.9 մլն. ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 47.7%-ը` 2016 թվականի 2,325.6 մլրդ. դրամի (4,805.6 մլն. ԱՄՆ դոլարի) եւ 45.8%-ի դիմաց: Պարտքի հիմնական մասը` 4,893.4 մլն. ԱՄՆ դոլարը ՀՀ կառավարության պարտավորություններն են, իսկ 601.5 մլն. ԱՄՆ դոլարը` Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները:
Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է 288.8 մլն. ԱՄՆ դոլար, որից 235 մլն. ԱՄՆ դոլարը` կառավարության եւ 53.7 մլն. դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով:
Արտահանման նկատմամբ արտաքին պետական պարտքի սպասարկման հարաբերակցությունը կազմել է 6.8%` նախորդ տարվա 6.6%-ի դիմաց, իսկ պետական բյուջեի եկամուտների նկատմամբ՝ 11.3%, նախորդ տարվա 9.4 %-ի դիմաց:
2017 թվականի վերջի դրությամբ արտաքին պետական պարտքի զուտ ներկա արժեքի ցուցանիշն (ԶՆԱ) աճել է` 2016 թվականի 4002.5մլն. ԱՄՆ դոլարի դիմաց` կազմելով 4722.2 մլն. ԱՄՆ դոլար, աճել է նաեւ ԶՆԱ/ՀՆԱ հարաբերակցությունը` 2016 թվականի 37.9%-ի դիմաց կազմելով 40.9%, սակայն նվազել է ԶՆԱ/արտահանում ցուցանիշը` 2016 թվականի 114.3%-ից հասնելով 110.5%-ի:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության
վարչության տնտեսագիտական փորձաքննության
բաժնի պետ` Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
17.05.2018թ.