ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-310-2.05.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի դրույթները համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգավորումների արդյունքում ձեւավորված իրողություններին:
Ընդհանուր առմամբ Նախագիծն ունի մշակվածության պատշաճ մակարդակ, սակայն անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:
Նախագծի, որպես լրացում առաջարկվող, հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ եւ 4-րդ ենթակետերում, որպես հայեցողական պաշտոն, բացակայում են Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականների պաշտոնները (որոնք երկար տարիներ առկա են եղել Հանրապետության նախագահի եւ ԱԺ աշխատակազմերում), իսկ նույն կետի 3-րդ ենթակետում հատուկ շեշտվում է Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Այս շեշտադրման առումով եւ հնարավոր տարընթերցումներց խուսափելու նպատակով, կարծում ենք, անհրաժեշտ է որեւէ կերպ ամրագրել, որ Նախագծի հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ եւ 4-րդ ենթակետերը տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքի ընդունումը Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդականների վրա, քանի որ տվյալ օրենքի ընդունումը, ըստ էության, վատթարացնում է այդ պաշտոնները զբաղեցրած անձանց իրավական վիճակը, իսկ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:»:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ10.05.2018թ.