ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-322-30.05.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Պետրոսյանի, Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Ն. Առուստամյանի, Վ. Էնֆիաջյանի, Հ. Նազարյանի, Ա. Մանուկյանի, Լ. Սարգսյանի, Ա. Աբրահամյանի, Ի. Տոնոյանի եւ Շ. Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին: 

2. Նախագծի նպատակն է` օրենսդրական հիմքեր ստեղծել, որ աշխատանքային պայմանագիրը հնարավոր լինի լուծել ոչ միայն աշխատողի կողմից ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում անհարգելի պատճառով աշխատանքի վայր չներկայանալու, այլեւ աշխատանքի ներկայանալու, սակայն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու դեպքում:

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծի վերնագրում անհրաժեշտ է «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով` Նախագծի վերնագիրը դրա տեքստին համապատասխանեցնելու նպատակով:

բ) Նախագծի 1-ին հոդվածում կատարված հղումը ճշտելու նպատակով առաջարկում ենք «...113-րդ հոդվածի 9-րդ մասը...» բառերը փոխարինել «...113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը...» բառերով: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի պետ`                         Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

19.06.2018թ.