ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-325-1.06.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Նորա Առուստամյանի, Վահե Էնֆիաջյանի, Հակոբ Նազարյանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Արգամ Աբրահամյանի, Իվետա Տոնոյանի եւ Շաքե Իսայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.  Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածում, որը վերաբերվում է կարգապահական տույժի կիրառմանը, սահմանել գործատուի կողմից գրավոր կերպով աշխատողից բացատրություն պահանջելու պարտականության ամրագրմանը:

3. Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ անհրաժեշտ է Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել դրա բովանդակությանը, մասնավորապես` Նախագծի «ԼՐԱՑՈՒՄ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                              Ա. Հարությունյան 

14.06.2018թ.