ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ  կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ-337-14.06.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ. Բաղդասարյանի եւ Խ. Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության  վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է զգալիորեն նվազեցնել եկամտայի հարկի գծով հարկային բեռը` ամսական մինչեւ 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ դրա գերազանցող մասի համար` 25 տոկոս դրույքաչափ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց տեսակարար կշիռն աշխատողների ընդհանուր թվում բավականին մեծ է, կարելի է ասել, որ հարկային դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի նշված անձանց տնօրինվող եկամտի ավելացմանը եւ վճարունակության բարձրացմանը` դրանից բխող դրական հետեւանքներով: Միաժամանակ, շահութահարկի դրույքաչափի հետ հավասարեցումը եւս դրական անդրադարձ կունենա ստվերային շրջանառության կրճատման վրա` նվազեցնելով վերջինիս նկատմամբ գործատուների մոտիվացիան: Դրական կողմերով հանդերձ, պետք է նշել, որ Նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա բյուջետային եկամուտների վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկամտային հարկը, պետական բյուջեի եկամտատեսակների կազմում, ներկայումս երկրորդ տեղն է զբաղցնում իր ծավալով: Ընդ որում, այն արդեն իսկ կդրսեւորվի 2018 թվականին, քանի որ Նախագիծն առաջարկվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: Ելնելով նշվածից, առաջարկվում է վերանայել Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվող օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը` արդեն իսկ նախատեսված բյուջետային ծախսերի իրականացումը չվտանգելու համար:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ `                                          Գ. Կիրակոսյան 

02.07.2018թ.