ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ«Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-342-27.06.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Պետրոսյանի, Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Ն. Առուստամյանի, Վ. Էնֆիաջյանի, Հ. Նազարյանի, Ա. Մանուկյանի, Լ. Սարգսյանի, Ի. Տոնոյանի եւ Շ. Իսայանի կողմից ներկայացված «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ դրա հեղինակների, պայմանավորված է այն հանգամանքով, որ. «...արհեստակցական միությունները, որպես կանոն, ստեղծվում են տվյալ գործատուի մոտ աշխատող անձանց կողմից: Որպես արհմիության անդամ, բայց նաեւ որպես գործատուի աշխատող, արհեստակցական միության ընտրովի պաշտոններում ընդգրկված անձինք, փաստորեն, կաշկանդված են լինում գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների փաստով: Այսինքն՝ արհմիության լիազորված ներկայացուցիչները, լինելով գործատուի աշխատողներ, օգտվելով գործատուի գույքից, նրա կապի եւ տրանսպորտի միջոցներից, չեն կարողանում իրենց՝ որպես արհմիության անդամի լիազորությունները անկախ եւ օբյեկտիվ իրականացնել: Բացի այդ, տեղական մակարդակում գործող արհմիությունների բյուջեն համալրվում է գլխավորապես գործատուի կողմից արվող հատկացումներով, ինչն արհմիությանն անվիճելիորեն կախվածության մեջ է դնում գործատուից:»:
Նախագծով առաջարկվում է սահմանել անկախ արհմիություն ստեղծելու եւ դրան անդամակցելու հնարավորություն, ինչը հասանելի լինի տարբեր գործատուների մոտ աշխատող ամենատարբեր մասնագիտություններ ունեցողների համար, եթե արհեստակցական միություններին անդամակցելը տվյալ կատեգորիայի աշխատողների համար արգելված չէ օրենքով:
Նախագծի հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
2.1 Նախագծով առաջարկվող փոփոխությունները, կարծում ենք, ամբողջական չեն, քանի որ «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) ամբողջ տրամաբանությունը կառուցված է հենց ճյուղային եւ տարածքային սկզբունքով աշխատավորների միավորման հիման վրա, ուստի առաջարկվող փոփոխությունների հետ միասին անհրաժեշտ է կատարել այլ փոփոխություններ եւս, մասնավորապես`
- «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով տրված է «արհեստակցական կազմակերպություն» հասկացության սահմանումը (որում փոփոխություններ չեն նախատեսվում սույն Նախագծով), ըստ որի արհեստակցական կազմակերպությունը հասարակական միավորում է, որն օրենքով սահմանված կարգով եւ ազատ կամքի դրսեւորումով. «...միավորում է տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին` իրենց աշխատանքային ու դրա հետ կապված մասնագիտական, տնտեսական, սոցիալական իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու նպատակով.» (ինչը նշանակում է, որ այլ գործատուի մոտ աշխատողը չի կարող անդամակցել մեկ այլ գործատուի մոտ ստեղծված արհեստակցական կազմակերպությունը, ուստի այս մասով հակասություն կառաջանա փոփոխվող հոդվածների եւ տվյալ հասկացության սահմանման միջեւ),
- թույլատրելով տարբեր գործատուների մոտ աշխատող անձանց միավորվելու մեկ արհեստակցական կազմակերպության մեջ, անհրաժեշտություն է առաջանում փոփոխել կամ ուժը կորցրած ճանաչել նաեւ Օրենքի 2-րդ հոդվածի «արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն» հասկացությունը եւ այլն:
2.2 Բովանդակային առումով, թույլատրելով տարբեր գործատուների մոտ աշխատող եւ տարբեր մասնագիտություններ ունեցող անձանց միավորվելու մեկ արհեստակցական կազմակերպության մեջ, կարծում ենք, արհեստակցական կազմակերպությունների անկախության խնդիրը չի կարող լուծվել, քանի որ`
- այդ կազմակերպությունների անկախության երաշխիքները սահմանված են Օրենքի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ գլուխներով (ուստի անկախության հարցի գործնական լուծման առումով հարկ է վերանայել այս գլուխներով սահմանված իրավակարգավորումները` եթե Նախագծի հեղինակները դրացում որոշակի խնդիրներ են տեսնում), ընդ որում` այն փաստարկները, որոնք բերված են Նախագծի հիմնավորման մեջ` որպես արհեստակցական կազմակերպությանը կաշկանդող հանգամանքներ, օրենքի տրամաբանությամբ եւ իմպերատիվորեն դրանք գործատուի պարտականություններն են, եւ եթե արհեստակցական կազմակերպությունն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կամ չի ցանկանում օգտվել իր իրավունքներից եւ պարտադրել գործատուին կատարելու նրա պարտավորությունները, ապա տվյալ կազմակերպությունում այլ գործատուների մոտ աշխատողների ներգրավումը չի կարող երաշխիք հանդիսանալ նշված խնդրի լուծման համար,
- մեկ գործատուի մոտ ստեղծված արհեստակցական կազմակերպության մեջ այլ գործատուների մոտ աշխատողների ներգրավման տեսանկյունից, մեր կարծիքով, բացակայում է այլ գործատուների մոտ աշխատողների մոտիվացիան` անդամագրվելու այլ գործատուի մոտ գործող արհեստակցական կազմակերպությանը,
- Նախագծով առաջարկվող` իրենց իրավունքների պաշտպանության նպատակով տարբեր գործատուների մոտ աշխատող եւ տարբեր մասնագիտություններ ունեցող անձանց միավորվելու գաղափարը, կարծում ենք, իրագործելի է նաեւ առանց առաջարկվող փոփոխությունների կատարման` համապատասխան նպատակներով հասարակակական կազմակերպության հիմնադրման միջոցով,
- արհեստակցական կազմակերպության հիմնադրման գաղափարը կենսունակ է հենց այն հանգամանքի շնորհիվ, որ դրանում միավորվում են ընդհանուր աշխատանքային շահեր ունեցող մարդիկ, իսկ եթե պետք է միավորվեն տարբեր գործատուների եւ տարբեր մասնագիտությունների տեր անձինք, ապա նրանց ընդհանուր շահերը կարող են շատ ընդհանրական բնույթ ունենալ եւ նման արհեստակցական կազմակերպություններն ըստ էության չեն տարբերվի հասարակական կազմակերպություններից:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ` Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
10.07.2018թ.