ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-369-14.09.2018-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով (երկու անգամ)՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որտեղ կիրառվում է «Կառավարություն» եզրույթը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի վերջին պարբերության մեջ հստակեցնել, թե Կառավարությունն ինչ ձեւաչափով է սահմանելու սողանքային տարածքները, դիցուք՝ սողանքային տարածքների անվանումներ, սողանքային տարածքների ցանկ:

Սույն առաջարկությունը բխում է Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 6-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում «լրացում» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացումներ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «2002 թվականի հունիսի 4-ի» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել, իսկ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում՝ «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը:

4. Նախագծի 1-ին հոդվածում «Սույն մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն հոդվածով» բառերով (երկու անգամ), քանի որ, ըստ Նախագծի 1-ին հոդվածի՝ տվյալ նախադասությունները հանդիսանում են ոչ թե 1-ին եւ 2-րդ կետերի մասեր, այլ 30.1-րդ հոդվածի առանձին մասեր՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի:

5. Առաջարկում ենք ապահովել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի ձեւակերպումներին եւ կարգավորումներին:

6. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները՝ առաջարկում ենք Նախագծով ներկայացվող 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 7-րդ եւ 8-րդ կետերով.

«7) նախատեսվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը այն գետերի վրա.

ա. որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր.

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է.

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր եւ նախատեսվող ջրառի եւ ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը:

8) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է.

ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում.

բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում.

գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում.

դ. գետերի հոսքի ձեւավորման տարածքներում.

ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ.

զ. անտառային տարածքներում, որոնք հատվելու են շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելիս, բացառությամբ՝ պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

Սույն հոդվածով նախատեսված գետերի ցանկը եւ/կամ սողանքային տարածքների ցանկը սահմանում է Կառավարությունը:»:

7. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաեւ օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից, եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Հետեւաբար՝ առաջարկվում է Նախագծում սահմանել լրացուցիչ հոդված՝ նախատեսելով Նախագծով առաջարկվող օրենքի եզրափակիչ մասն ու անցումային դրույթները, որտեղ հստակեցված կլինեն, թե երբ են Կառավարության կողմից սահմանվելու Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված նախատեսված գետերի եւ սողանքային տարածքների ցանկերը:

8. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հանել «(հզորության)» բառը՝ հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի 2-րդ ենթակետը, համաձայն որի՝ համապատասխան լիցենզիայի անվանումն է՝ էլեկտրական էներգիայի արտադրություն (ներառյալ` էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրությունը), հաղորդում, բաշխում, էլեկտրական էներգիայի մատակարարում (ներառյալ՝ երաշխավորված), մեծածախ առեւտուր, այսինքն՝ չի նախատեսվում էներգիայի որպես հզորության արտադրություն:

9. Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ նախատեսվում է Ջրային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «(բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված դեպքերի)» բառերով, մինչդեռ՝ նույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը որպես չափանիշ սահմանում է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, հետեւաբար՝ առաջարկում ենք ապահովել վերոնշյալ ձեւակերպումների միասնականությունը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                    Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                  Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)