ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-376-28.09.2018-ԳԿ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի վերնագրում «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:Նույն հիմքով առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներից «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել: Օրենքն ամբողջությամբ երկու անգամ չհիշատակելու համար առաջարկում ենք նաեւ 1-ին հոդվածն «օրենքի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերով, իսկ 2-րդ հոդվածում ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մայիսի 8-ի ՀՕ-297 օրենքի» բառերը փոխարինել «Օրենքի» բառով: Առաջարկում ենք նաեւ Նախագծի 1-ին հոդվածում «մայիսի 8-ի» բառերը փոխարինել «ապրիլի 14-ի» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի ընդունման ամիսը եւ ամսաթիվը:
2. Նախագծի վերնագրի «փոփոխություն» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություններ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:
3. Նախագծի 1-ին հոդվածի «կետի» եւ «կետից» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար «մասի» եւ «մասից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:
5. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկում ենք «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը հանելու փոխարեն շարադրել նոր խմբագրությամբ.
«Բարձրագույն ուսումնական հաստատությունները սահմանում են ուսման վարձի կիսամյակային կամ եռամսյակային կամ ամսական վճարման մեխանիզմները:»:
Դա հնարավորություն կտա ապահովել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող իրավակարգավորման իրականացման ընթացակարգերը:
6. Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակման պահից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)
Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)
Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)