ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-400-18.10.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:
1. Նախագծի 1-ին հոդվածի «2004 թվականի նոյեմբերի 9-ի» եւ «ՀՕ-123-Ն» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:
2. Նախագծի 1-ին հոդվածի «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով, իսկ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
3. Նախագծի 1-ին հոդվածի «դ) կետից հետո ավելացնել նոր ե) կետ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասը լրացնել նոր՝ «ե» կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ:
Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը
Վերոհիշյալ դրույթներից բխում է, որ ամուսնություն կարող է դիտարկվել միայն տղամարդու եւ կնոջ միությունը, ուստի Նախագծի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)