ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-023-26.02.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Սահմանադրությանը համապապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝ Նախագծով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 16914 – րդ հոդվածը լրացնելով նոր 2-րդ մասով՝Լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձեւերի եւ ածանցյալների օգտագործումը գովազդում, հրապարակային օֆերտայում, ինչպես նաեւ լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցման ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ ներկայացվող գովազդներում օգտագործումը,գովազդ իրականացնողին կամ գովազդելուն աջակցելու համար: Այսինքն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 16914 – րդ հոդվածի կարգավորման առարկան չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի օգտագործումն է անվանման մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ այլ կերպ գովազդելն է, ինչից բխում է, որ նախագծով առաջարկվող «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի օգտագործման համար, ոլորտը կարգավորող օրենսդրական ակտով (օրենքով) պետք է սահմանված լինեն սահմանափակումներ (արգելքներ), որպեսզի այդ իրավունքի կրողները ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ (ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդված, Որոշակության սկզբունք): Մինչդեռ՝ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նման սահմանափակում (արգելք) նախատեսված չէ:

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 16914 – րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, մինչդեռ Օրենսգրքի գործող 16914 – րդ հոդվածի 1-ին մասով նույանբնույթ վարչական իրավախախտման համար նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի եւ ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով: Այդ առումով գտնում ենք, որ նախագծով առաջարկվող տուգանքի չափը համաչափ չէ վարչական իրավախախտման հետ՝ նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի տեսանկյունից: Միաժամանակ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» «վարչական իրավախախտումներ, առեւտրի, ֆինանսների եւտնայնագործական արհեստներով զբաղվելու բնագավառներում» վերադասությամբ 12-րդ գլխում նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանք է նախատեսված՝ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պարտականությունների չկատարման համար, կամ առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու համար:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, իսկ նախագծով առաջարկվող վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքի չափը վերանայել:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշել օրենսգրքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծիվերաբերյալ այլդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                      Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283
)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-023-26.02.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության տեսանկյունից առաջարկում ենք ներկայացնել «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)