ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»» (փաստաթղթային կոդ՝ Պ-034-28.02.2019-ՏՀ-011/0) եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-034 1 -28.02.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածը նախատեսվում է լրացնել նոր 2.2-րդ մասով՝ որի ընդունման պարագայում Գովազդատու, գովազդ արտադրող, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարների նկատմամբ՝ նախատեսված խախտումների համար կսահմանվի վարչական պատասխանատվություն «տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»: Այդ առումով անորոշ է, թե ինչ նախատեսված խախտման մասին է խոսքը գնում: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ, ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի , որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ: Հետեւաբար, անհրաժեշտ է հստակ շարադրել այն գործողությունը կամ անգործությունը ( արարքը ) , որի համարօրենքով նախատեսվելու է վարչական պատասխանատվություն: Միաժամանակ , ելնելով արարքի ( զանցակազմի ) հատկանիշներից ` յուրաքանչյուր կոնկրետ իրավախախտման համար առաջարկում ենք, վարչական պատասխանատվության ( տուգանքի ) չափը սահմանել՝ նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքի պահանջները:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին կետի «10-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետի «մասը» բառը փոխարինել «մասում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ կետի «26-րդ հոդվածը լրացնել նոր 2.2.-րդ մասով», բառերը փոխարինել «26-րդ հոդվածում լրացնել նոր՝ 2.2-րդ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Միաժամանակ հայտնում ենք, որ.

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի վերջին պարբերությամբ նախատեսված դրույթը, մասնավորապես՝ վիճակախաղի կազմակերպչի հովանավորների գովազդման մասով, մասամբ կրկնում է «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դրույթը, իսկ Նախագծի նույն հոդվածի 2-րդ կետի «կամ անչափահասների կերպարների» բառերով լրացման հետ կապված հայտնում ենք, որ «Գովազդի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային եւ այլ ձեւերով օգտագործումը գովազդներում: Հաշվի առնելով նշվածը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի համապատասխան դրույթները:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                       Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675)


ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                     Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675)